«Փորձում եմ առաջնորդվել ոչ թե պահի ոգեշնչմամբ, այլ ապագայի նպատակներով և երազանքներով». Էլլա Մկրտչյան
- 12 hours ago
- 3 min read

Էլլա Մկրտչյան, 16տ. / ֆլեյտա «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու
- Ինչո՞ւ ընտրեցիր երաժշտությունը որպես քո կյանքի ուղի՝ ի՞նչ է քեզ գրավում այս արվեստում։

- Ընդհանրապես շատ հետաքրքրված եմ արվեստով՝ պարով, կերպարվեստով և այլն։ Սակայն երաժշտությունն ավելի մոտ է սրտիս՝ կարողանում եմ արտահայտվել, սովորել և վայելել այն։
- Ո՞ր կոմպոզիտորներ են քեզ համար առավել մոտ ու ազդեցիկ, և ինչու։ - Հիանում եմ Կոմիտասի հոգևոր ստեղծագործություններով և ,ընդհանրապես, իր գործունեությամբ և ներդրումով հայ երաժշտության մեջ։
- Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունես որպես երաժիշտ՝ անձնական և մասնագիտական։
- Ցանկանում եմ դառնալ լավ մենակատար՝ հասցնելով հայ կատարողական երաժշտությունն այլ մակարդակի։ Նաև շատ կցանկանայի ելույթ ունենալ նվագախմբի հետ։
- Որո՞նք են այն արժեքները, որոնց հետևում ես քո երաժշտական գործունեության ընթացքում։
-Աշխատում եմ բաց չթողնել լավ հնարավորությունները և մասնակցել հնարավորինս շատ միջոցառումների, բացի այդ՝ կարևորում եմ հարգանքը հանդիսատեսի ու այլ երաժիշտների նկատմամբ։
- Ինչպե՞ս ես պատկերացնում քո դերը՝ որպես երաժիշտ, մշակույթի և հասարակության մեջ։
- Ցանկանում եմ մի օր կարողանալ կատարումներովս գրավել հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների և կրթել մարդկանց դասական երաժշտության ահռելի աշխարհի մասին։
- Ինչպե՞ս է քո երաժշտությունը կարող օգնել կամ ազդել Հայաստանի և հայ մշակույթի զարգացման վրա։
-Հուսով եմ, որ մի օր ձեռքբերումներս էլ ավելի մեծ պատիվ կբերեն մեր երկրին, իսկ նվագս կոգեշնչի հայ նոր սերունդների ֆլեյտահարներին։
- Ո՞րն է քո ամենահիմնական ներշնչանքը և մղումը շարունակել սովորել ու զարգանալ երաժշտության ոլորտում։
-Ֆլեյտայի երաժշտությունը Հայաստանում զարգացնելու ցանկությունը և այն աննկարագրելի հաճույքը, որը ստանում եմ նվագելիս։

- Ինչպե՞ս դու կբնորոշես արվեստի և երաժշտության կարևորությունը մարդու և հասարակության կյանքում։
- Կարծում եմ, որ արվեստի ճանաչումը և այդ ոլորտում կրթված լինելը թույլ են տալիս մարդուն ընդլայնել իր աշխարհայացքը, ստեղծագործությունների միջոցով ծանոթանալ դարերի պատմության հետ և զգալ և վայելել այն, ինչը չեն կարող վայելել ուրիշները։
- Ո՞ր խնդիրները կամ դժվարությունները ես հանդիպել որպես երիտասարդ երաժիշտ, և ինչպես ես հաղթահարում դրանք։
- Երաժշտական գործունեությանս ընթացքում բազմիցս բախվել եմ անինքնավստահության և բեմի ուժեղ վախի հետ, սակայն ուսուցչուհուս, ընտանիքիս և ընկերներիս աջակցությունը օգնում է հաղթահարել այդպիսի խոչընդոտները։
- Ինչպե՞ս տեսնում ես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերակատարությունը քո և նմանատիպ երիտասարդների համար։
- Հիմնադրամը դիտում եմ որպես զարգացման շատ մեծ հնարավորություն, որի շնորհիվ կկարողանամ ծանոթանալ և դասեր քաղել հանրահայտ երաժիշտներից, նոր ընկերներ ձեռք բերել և ավելի մոտ լինել դասական երաժշտության աշխաարհին՝ գտնվելով այն գնահատողների միջավայրում։
- Որտե՞ղ և ինչպես ես տեսնում քո երաժշտական գործունեությունը ապագայում՝ Հայաստանում կամ արտերկրում։
- Այս պահին սովորում եմ գերմաներեն, ցանկանում եմ սովորել արտերկրում՝ այդպիսով բացահայտել արտերկրյա երաժիշտների ոճը, շատացնել հմտություններս։

- Ինչպե՞ս ես հաղթահարում ստեղծագործական դժվարությունները կամ ներշնչման պակասը։
- Փորձում եմ դրդվել ոչ թե պահի ոգեշնչմամբ, այլ ապագայի նպատակներով և երազանքներով։ Իհարկե, ամեն երաժշտի կյանքում էլ լինում են պահեր, երբ չես ուզում նվագել, սակայն պետք է միշտ մտքում պահել վերջնական նպատակները, ոգեշնչում փնտրել՝ նայելով անցածդ ուղուն և չմոռանալ մեկ-մեկ էլ հանգստանալ։
- Ի՞նչ արժեքներ ես ցանկանում փոխանցել քո կատարումներով կամ ստեղծագործություններով։
- Ուզում եմ արտահայտել իմ սերը երաժշտության հանդեպ, բեմի հանդեպ, ուզում եմ ցույց տալ մարդկանց, որ ցանկության դեպքում հնարավոր է հասնել ցանկացած անհնարին թվացող նպատակին։

- Ինչո՞վ ես հետաքրքրվում երաժշտությունից բացի՝ ունե՞ս հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ոգեշնչում է։
- Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, կարդալ, նաև հետաքրքրված եմ թեննիսով, բացի ֆլեյտայից՝ դաշնամուր եմ նվագում։
- Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:
- «Աշխատիր այնպես, իբրև երբեք չես հաղթել, ներկայացիր այնպես, իբրև երբեք չես պարտվել»։
- Ո՞ր համերգասրահում կամ բեմում կցանկանայիր մի օր ելույթ ունենալ և ինչու հենց այնտեղ։
- Փոքրուց այցելել եմ Ա․Խաչատրյանի անվան համերգասրահ, այն ինձ շատ հարազատ է, շատ կուզենայի այնտեղ ելույթ ունենալ։
- Ո՞ւմ հետ կցանկանայիր նվագել կամ համագործակցել՝ երազանքդ կատարելու դեպքում։
-Շատ ոգեշնչված եմ կորեացի ֆլեյտահարուհի Ջասմին Չոյի նվագով, նրա հետ նվագելը մեծ պատիվ կլիներ։
- Ո՞ր երաժշտական ուսումնական հաստատությունում կցանկանայիր շարունակել քո կրթությունը։
- Երազում եմ սովորել Անգլիայի Երաժշտության Թագավորական ակադեմիայում։





















Comments