«Տպավորություն է, որ երաժշտությունն է ընտրել ինձ». Արամ Ասմանգուլյան
- Aug 14
- 2 min read

- Ինչո՞ւ ընտրեցիր երաժշտությունը որպես քո կյանքի ուղի՝ ի՞նչ է քեզ գրավում այս արվեստում։
- Ես երբեք չեմ մտածել, որ զբաղվելու եմ երաժշտությամբ։ Տպավորությունն այնպիսին է, որ այդ արվեստն է ընտրել ինձ։

- Որ կոմպոզիտորներ են քեզ համար առավել մոտ ու ազդեցիկ, և ինչու։
-Յուրահատուկ սեր եմ տածում Արամ Խաչատրյանի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու, Ֆրեդերիկ Շոպենի երաժշտության նկատմամբ։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը` մեր հայրենիքի պատկերն է։ Նա սիմֆոնիզացրեց ժողովրդական երաժշտությունը և ներկայացրեց աշխարհին։ Չայկովսկին բոլոր ժամանակների փայլուն մելոդիստներից է։ Նրա երաժշտության մեջ առկա են հիասքանչ մեղեդայնությունը, ոճային առանձնահատկությունն և խորությունը։ Շոպենին ես անվանում եմ դաշնամուրի երգիչ։ Իր ստեղծագործություններում ես զգում եմ մի ողջ օվկիանոս, որը լի է հուզումնալից պահերով և չափազանց անկեղծությամբ։
- Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունես որպես երաժիշտ՝ անձնական և մասնագիտական։
-Նպատակ ունեմ դառնալու լավ երաժիշտ, հանդես գալ հայտնի համերգասրահներում` անվանի արտիստների և նվագախմբերի հետ։
- Որո՞նք են այն արժեքները, որոնց հետևում ես քո երաժշտական գործունեության ընթացքում:
- Անկեղծությունը, ազնվությունը, խորը զգացմունքայնությունը, ոգեշնչումն ու սերը։
- Ինչպե՞ս ես պատկերացնում քո դերը՝ որպես երաժիշտ, մշակույթի և հասարակության մեջ։
-Ակտիվ գործունեություն ազգային և դասական երաժշտության տարածման մեջ։

- Ինչպե՞ս է քո երաժշտությունը կարող օգնել կամ ազդել Հայաստանի և հայ մշակույթի զարգացման վրա։
-Ամեն արվեստագետ իր հետքն է թողել իր հայրենի մշակույթի զարգացման մեջ։ Միգուցե ինձ էլ հաջողվի կատարել այն իմ հայրենիքի համար։
- Ո՞րն է քո ամենահիմնական ներշնչանքը և մղումը շարունակել սովորել ու զարգանալ երաժշտության ոլորտում։
-Ինձ համար մեծ ոգևորություն և ուժ է հանդիսանում իմ ազգի հարուստ, հոգևոր, մշակութային ժառանգությունը։ Ես ինձ դիտում եմ այդ ամենի կրողն ու շարունակողը։
- Ինչպե՞ս դու կբնորոշես արվեստի և երաժշտության կարևորությունը մարդու և հասարակության կյանքում։
- Արվեստը դաստիարակում է մարդուն` վեհացնելով և ազնվացնելով հոգին։
- Ի՞նչ խնդիրները կամ դժվարությունները ես հանդիպել որպես երիտասարդ երաժիշտ, և ինչպես ես հաղթահարում դրանք։
-Մենք ամեն օր կանգնած ենք որոշ խնդիրների հաղթահարման առջև, որոնք կոփում են մեզ։ Եվ հասկանում ենք, որ ամեն դժվարություն հաղթահարելի է։
- Ինչպե՞ս տեսնում ես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերակատարությունը քո և նմանատիպ երիտասարդների համար։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը տալիս է լայն հնարավորություն` ձեռք բերելու մասնագիտական աճ, շփում փորձառու երաժիշտների հետ, նոր ծանոթությունների և գիտելիքների ձեռքբերում։
- Որտե՞ղ և ինչպես ես տեսնում քո երաժշտական գործունեությունը ապագայում՝ Հայաստանում կամ արտերկրում։
Սիրով կմեկնեմ հյուրախաղերի, բայց հիմնական գործունեությունը կծավալեմ իմ հայրենիքում։
- Ինչպե՞ս ես հաղթահարում ստեղծագործական դժվարությունները կամ ներշնչման պակասը։
Այցելում եմ թանգարաններ, քանի որ գեղարվեստը շատ ոգևորիչ ուժ է հանդիսանում, հատկապես Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի ջերմ և արևաշատ գույները։
- Ինչո՞վ ես հետաքրքրվում երաժշտությունից բացի՝ ունե՞ս հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ոգեշնչում է։
Սիրում եմ ճանապարհորդել։

- Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:
- Այս կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում։
- Ո՞ր համերգասրահում կամ բեմում կցանկանայիր մի օր ելույթ ունենալ և ինչու հենց այնտեղ։
- Ես կցանկանայի ելույթ աշխարհի շատ համերգասրահներում, բայց իմ ամենապատվաբեր բեմը մնալու է իմ սիրելի Երևանի` Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը։

- Ո՞ւմ հետ կցանկանայիր նվագել կամ համագործակցել՝ երազանքդ կատարելու դեպքում։
- Ես կուզենայի լինել մի մեծ ընտանիքի անդամ, որը կոչվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։
- Ո՞ր երաժշտական ուսումնական հաստատությունում կցանկանայիր շարունակել քո կրթությունը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։




















Comments