Ստանիսլավ Սոլովյովը կմիանա «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 2027 թվականի դասախոսական կազմին

Դաշնակահար, կամերային երաժշտության պրոֆեսոր Ստանիսլավ Սոլովյովը կրկին կմիանա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի դասախոսական կազմին։
Ստանիսլավ Սոլովյովը Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է։ Որպես մենակատար և կամերային երաժիշտ՝ նա հանդես է եկել Ռուսաստանի և Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում, ինչպես նաև համերգներով ներկայացել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Համագործակցել է Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լատվիայի ազգային սիմֆոնիկ, Բելգրադի և Վրոցլավի ֆիլհարմոնիկ նվագախմբերի և այլ առաջատար երաժշտական կոլեկտիվների հետ։
Նրա բեմական գործընկերների թվում են միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, այդ թվում՝ ջութակահարներ Դանիել Լոզակովիչն ու Իլյա Իոֆֆը։ Դանիել Լոզակովիչի հետ համատեղ ձայնագրած ալբոմը թողարկվել է «Deutsche Grammophon» հեղինակավոր լեյբլի ներքո՝ 2019 թվականին։
2006 թվականից Ստանիսլավ Սոլովյովը Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի կամերային երաժշտության պրոֆեսոր է։ 2003–2019 թվականներին եղել է Գերմանիայի Մարկտոբերդորֆ քաղաքում անցկացվող Երիտասարդ արվեստագետների ամառային ակադեմիայի հրավիրյալ կոնցերտմայստերը։ Նա պարբերաբար մասնակցում է միջազգային երաժշտական փառատոների և վարպետության դասեր անցկացնում Ռուսաստանում, Լատվիայում, Իսրայելում և Սլովենիայում։
Ստանիսլավ Սոլովյովը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Յազեպս Վիտոլսի և Ֆրանց Լիստի անվան միջազգային դաշնամուրային մրցույթների առաջին մրցանակակիր։ 2021 թվականից հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ընկերության «Ultimum Trio» դաշնամուրային տրիոյի մշտական անդամ։
Սպասում ենք պրոֆեսոր Ստանիսլավ Սոլովյովին Երևանում՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի շրջանակում, որտեղ նա իր կատարողական և մանկավարժական հարուստ փորձը կփոխանցի երիտասարդ դաշնակահարների նոր սերնդին։




Comments