top of page

Զոհրաբ Թադևոսյանը կմիանա «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 2027 թվականի դասախոսական կազմին

4 minutes ago
1 min read

Ուրախ ենք տեղեկացնել, որ միջազգային ճանաչում ունեցող ջութակահար-մանկավարժ և արտիստ Զոհրաբ Թադևոսյանը կմիանա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 2027 թվականի դասախոսական կազմին։


Ունենալով կատարողական և մանկավարժական հարուստ միջազգային փորձ՝ Զոհրաբ Թադևոսյանը հայտնի է իր գեղարվեստական ինքնատիպ մոտեցմամբ և երաժշտական կրթության առանձնահատուկ փիլիսոփայությամբ։ Ավելի քան մեկ տասնամյակ նա համագործակցել է ջութակի անվանի մանկավարժ, պրոֆեսոր Անա Չումաչենկոյի հետ՝ լինելով նրա ասիստենտն ու մերձավոր գործընկերը։ Այս համագործակցությունը նշանակալի ազդեցություն է ունեցել նրա մանկավարժական մոտեցման ձևավորման վրա։


2010-2020 թվականներին Թադևոսյանը ջութակի պրոֆեսոր է եղել Մադրիդի «Ռեյնա Սոֆիա» երաժշտության բարձրագույն դպրոցում՝ սերտորեն համագործակցելով պրոֆեսոր Չումաչենկոյի հետ երիտասարդ ջութակահարների մասնագիտական զարգացման գործում։ Հետագայում նա հրավիրյալ պրոֆեսորի պաշտոն է զբաղեցրել Աուգսբուրգի համալսարանի Լեոպոլդ Մոցարտի կենտրոնում։


Զոհրաբ Թադևոսյանը նաև միջազգային հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ և նախագահ է։ 2024 թվականին նա նախագահել է Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների 20-րդ միջազգային մրցույթի ժյուրին։ Նրա մասնագիտական փորձը ներառում է նաև Վեյմարի Լուի Շպորի անվան և Հանովերի Յոզեֆ Յոախիմի անվան ջութակահարների միջազգային մրցույթները։


Որպես հրավիրյալ պրոֆեսոր՝ նա պարբերաբար վարպետության դասեր է անցկացնում միջազգային առաջատար երաժշտական ակադեմիաներում, կոնսերվատորիաներում և փառատոներում՝ աշխատելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած շնորհալի երիտասարդ երաժիշտների հետ։ Նրա նախկին սաներից շատերն այսօր հանդես են գալիս աշխարհի առաջատար նվագախմբերում և հեղինակավոր երաժշտական հաստատություններում, այդ թվում՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբերում։


Նրա մանկավարժական մոտեցման հիմքում այն համոզմունքն է, որ երաժշտական կրթությունը չի սահմանափակվում տեխնիկական վարպետությամբ։ Այն առաջին հերթին նպատակ ունի զարգացնել երաժշտի գեղարվեստական ինքնուրույնությունը, անհատական մտածողությունն ու սեփական երաժշտական ձայնը։


Սպասում ենք պրոֆեսոր Զոհրաբ Թադևոսյանին Երևանում՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի շրջանակում, որտեղ նա իր գիտելիքներն ու հարուստ փորձը կփոխանցի երիտասարդ երաժիշտների նոր սերնդին։


Comments


external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page