Ալեքս Էլիան կմիանա «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027-ի դասախոսական կազմին

Ուրախ ենք տեղեկացնել, որ շեփորահար Ալեքս Էլիան այս տարի ևս կմիանա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի դասախոսական կազմին։
Ալեքս Չեզարե Էլիան Rotterdam Philharmonic Orchestra-ի գլխավոր շեփորահարն է։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա համագործակցել է Եվրոպայի և աշխարհի մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ, այդ թվում՝ Accademia Nazionale di Santa Cecilia-ի, Teatro alla Scala-ի, Teatro Massimo-ի, Teatro Regio-ի, Milan Symphony Orchestra-ի և Schleswig-Holstein Festival Orchestra-ի։
Երաժշտական կրթությունը ստացել է Conservatoire de la Vallée d'Aoste-ում՝ շեփորի կատարողականություն մասնագիտությամբ, որտեղ արժանացել է բարձրագույն գնահատականների։ Այնուհետև լիարժեք կրթաթոշակով ուսումը շարունակել է Թել Ավիվի համալսարանի Buchmann-Metha School of Music-ում՝ սովորելով Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին շեփորահար Յիգալ Մելցերի դասարանում։ Հետագայում մասնագիտական կատարելագործումը շարունակել է Accademia Nazionale di Santa Cecilia-ի գլխավոր շեփորահար Անդրեա Լուչիի ղեկավարությամբ։
2012–2014 թվականներին Ալեքս Էլիան եղել է Accademia del Teatro alla Scala-ի նվագախմբի անդամ՝ մասնակցելով Միլանի Teatro alla Scala-ի օպերային, բալետային և սիմֆոնիկ ծրագրերին։ 2015 թվականին զբաղեցրել է Մեքսիկայի Jalisco Philharmonic Orchestra-ի առաջին շեփորահարի պաշտոնը։
Որպես մենակատար՝ նա հանդես է եկել Rotterdam Philharmonic Orchestra-ի, «Antonio Vivaldi» Orchestra-ի, Accademia Nazionale di Santa Cecilia-ի համույթի, Բրաշովի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ հեղինակավոր երաժշտական կոլեկտիվների հետ։ Նրա գործունեությունը ներառում է նաև համագործակցություններ կամերային երաժշտության ոլորտում, ձայնագրություններ և նորարարական երաժշտական նախագծեր։
Ալեքս Էլիան արժանացել է մի շարք ազգային մրցույթների մրցանակների, ինչպես նաև մասնակցել է շեփորահարների միջազգային հեղինակավոր մրցույթներին՝ այդ թվում Aeolus International Competition for Wind Instruments-ին (2013) և International City of Porcia Competition-ին (2014)։ Նրա վերջին նշանակալի ելույթներից է Դմիտրի Շոստակովիչի՝ դաշնամուրի, շեփորի և լարայինների համար գրված կոնցերտի կատարումը լեգենդար դաշնակահարուհի Մարթա Արգերիչի և Rotterdam Philharmonic Orchestra-ի հետ։
Սիրով սպասում ենք Ալեքս Էլիային 2027 թվականի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնին՝ երիտասարդ երաժիշտների հետ իր մասնագիտական փորձն ու գիտելիքները կիսելու համար։




Comments