Մարիաննա Շիրինյանը կմիանա «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027-ի դասախոսական կազմին

Ուրախ ենք ներկայացնելու Հայաստանում ծնված, միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար, պրոֆեսոր Մարիաննա Շիրինյանին, որը կմիանա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 2027 թվականի դասախոսական կազմին։
Եվրոպայի ամենապահանջված դաշնակահարուհիներից մեկը՝ Մարիաննա Շիրինյանը հայտնի է իր վառ երաժշտականությամբ, վիրտուոզ կատարողականությամբ և արտահայտիչ մեկնաբանություններով։ Որպես մենակատար և կամերային երաժիշտ՝ նա ելույթներ է ունեցել միջազգային հեղինակավոր բեմերում և համագործակցել առաջատար նվագախմբերի հետ, այդ թվում՝ Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Դանիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և Հելսինկիի ֆիլհարմոնիկ նվագախմբի։
Նրա արվեստը բարձր գնահատանքի է արժանացել միջազգային երաժշտական քննադատների և մասնագիտական շրջանակների կողմից։ Մարիաննա Շիրինյանը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Դանիայի Հանրային հեռուստատեսության P2 մրցանակի և Դանիայի քննադատների մրցանակի։ 2022 թվականին նա արժանացել է Կարլ և Անն-Մարի Նիլսենների անվան մրցանակին։ Նա նաև Steinway Artist է և մշտական հյուր՝ Եվրոպայի հեղինակավոր երաժշտական փառատոներում։
Իր կատարողական գործունեությանը զուգահեռ՝ Մարիաննա Շիրինյանը մեծ նվիրումով զբաղվում է նաև երիտասարդ երաժիշտների կրթությամբ։ 2015–2024 թվականներին նա դաշնամուրի պրոֆեսոր է եղել Նորվեգիայի երաժշտական ակադեմիայում, իսկ 2024 թվականից դասավանդում է Կոպենհագենի Թագավորական Դանիական երաժշտական ակադեմիայում՝ իր մասնագիտական գիտելիքներն ու հարուստ կատարողական փորձը փոխանցելով նոր սերնդի երաժիշտներին։
Սիրով սպասում ենք պրոֆեսոր Մարիաննա Շիրինյանին Երևանում՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027-ի շրջանակում։




Comments