top of page

Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027

3 hours ago
2 min read

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և իր «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում են

«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027-ի հայտերի ընդունման մեկնարկը։

2027 թվականի մարտի 22-ից ապրիլի 6-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ կրկին հյուրընկալելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և պրոֆեսորների, ինչպես նաև ստեղծելով նոր հնարավորություններ պատանի և երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացման համար։ 2026 թվականի հաջողված մեկնարկից հետո փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով Հայաստանում դասական երաժշտության կրթության զարգացմանը, միջազգային մասնագիտական կապերի ամրապնդմանը և Երևանի՝ որպես տարածաշրջանային նշանակության դասական երաժշտության կրթական ու մշակութային կենտրոնի ձևավորմանը։


«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տալիս աշխատելու միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և պրոֆեսորների հետ, կատարելագործելու իրենց կատարողական հմտությունները և բացահայտելու մասնագիտական աճի նոր հեռանկարներ։

Ծրագրի շրջանակում նախատեսված են անհատական վարպետության դասեր, դասախոսների և մասնակիցների համերգներ, ինչպես նաև պանելային քննարկումներ՝ նվիրված երաժշտական կրթությանը, երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացմանն ու միջազգային երաժշտական կյանքում նրանց ներգրավման հնարավորություններին։


Ակադեմիա-փառատոնին կարող են դիմել ջութակի, ալտի, թավջութակի, կոնտրաբասի, ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, ֆագոտի, գալարափողի, շեփորի, տրոմբոնի, սաքսոֆոնի, նվագախմբային դասական հարվածային գործիքների և դաշնամուրի մասնագիտություններով սովորող 10-23 տարեկան պատանի ու երիտասարդ երաժիշտներ։


Յուրաքանչյուր գործիքի համար սահմանված են վարպետության դասերի մասնակցության առանձին ծրագրային պահանջներ։ Դիմելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ձեր մասնագիտությանը համապատասխանող պահանջներին և մասնակցության պայմաններին՝

  • 2027 Ակադեմիայի ծրագիր

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է՝ ներառյալ։

Մասնակցության պայմաններին և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար ընտրե՛ք ձեզ համապատասխան մասնակցության կարգը։


  • Մասնակցության կարգ (Հայաստան)

  • Մասնակցության կարգ (Արտերկիր)

Ակադեմիա-փառատոնի շարունակական անցկացումը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի՝ Հայաստանում դասական երաժշտության կրթության զարգացման և միջազգային մասնագիտական կապերի ընդլայնմանն ուղղված տեսլականի կարևոր մասն է։ Նախաձեռնությունը միտված է Երևանը ձևավորելու որպես տարածաշրջանային նշանակության դասական երաժշտության կրթական և մշակութային կենտրոն՝ համախմբելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, պրոֆեսորների և նոր սերնդի տաղանդավոր կատարողների։

Միացե՛ք «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնին և դարձե՛ք երաժշտական նոր փորձի, ստեղծագործական բացահայտումների ու միջազգային համագործակցության զարգացմանը նպաստող այս նախաձեռնության մի մասը։

Ծանոթացե՛ք ակադեմիա-փառատոնին և դիմե՛ք մասնակցության համար։


Comments


external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page