Երևանում անցկացվելու է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը
- Feb 20
- 1 min read
Updated: Feb 23

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը 2026թ․ մարտի 26 - ապրիլի 4 նախաձեռնում է բացառիկ կրթամշակութային նախագիծ՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը, որը դառնալու է կարևորագույն իրադարձություններից մեկը դասական երաժշտության ոլորտում։
Ակադեմիային կմասնակցեն հարյուրից ավելի տաղանդավոր հայ պատանի երաժիշտներ, որոնք հնարավորություն կունենան վարպետության դասեր ունենալ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 20 անվանի արտիստների ու պրոֆեսորների հետ։ Ակադեմիայի ընթացքում նախատեսվում են մոտ 350 ինտենսիվ վարպետության դասեր, ինչպես նաև պանելային քննարկումներ,որոնք դառնում են ստեղծագործական համագործակցության և գիտելիքի ընդլայնման կարևոր հարթակ։
Փառատոնի շրջանակում ամեն երեկո տեղի կունենան դասական համերգներ՝ դասավանդող երաժիշտների և ակադեմիայի մասնակից երեխաների մասնակցությամբ՝ վերածելով Երևանը դասական երաժշտության կենդանի կենտրոնի։
«Հայ Վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնը դառնալու է կրթական և մշակութային նշանակությամբ բացառիկ իրադարձություն Երևանի համար, որի միջոցով «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը միավորելու է հայ պատանիների տաղանդը համաշխարհային փորձի հետ՝ խթանելով դասական երաժշտության զարգացումը և հայկական երաժշտարվեստի շարունակականությունը։
Ակադեմիա-փառատոնի մասնակցության մանրամասները՝ շուտով։


Comments