Միքայել Հախնազարյանը կմիանա «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027-ի դասախոսական կազմին

Ուրախ ենք տեղեկացնել, որ թավջութակահար Միքայել Հախնազարյանը կրկին կմիանա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027-ի դասախոսական կազմին։
Միքայել Հախնազարյանը 16 տարի է՝ Kuss լարային քառյակի թավջութակահարն է, իսկ 10 տարի՝ Մյունխենի կամերային նվագախմբի գլխավոր թավջութակահարը։ Կամերային երաժշտությունը նրա ստեղծագործական գործունեության առանցքում է։ Նա պարբերաբար հանդես է գալիս աշխարհահռչակ երաժիշտների հետ և Kuss քառյակի կազմում ելույթներ ունենում աշխարհի հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Լոնդոնի Wigmore Hall-ում, Բեռլինի Konzerthaus-ում, Ամստերդամի Concertgebouw-ում և Համբուրգի Elbphilharmonie-ում։
Ծնվելով Հայաստանում՝ Հախնազարյանը պահպանել է ամուր կապը հայրենիքի հետ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է Շվեյցարիայի Տիբոր Վարգայի երաժշտական ակադեմիայում, ապա՝ Բազելի բարձրագույն երաժշտական քոլեջում՝ պրոֆեսոր Իվան Մոնիգետիի դասարանում։
Որպես մենակատար՝ նա ելույթ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցել է նաև մի շարք հեղինակավոր միջազգային նվագախմբերի հետ, այդ թվում՝ Berlin Philharmonic-ի, Lucerne Symphony Orchestra-ի, Camerata Salzburg-ի և Amsterdam Sinfonietta-ի։ Վերջին տարիներին հանդես է եկել նաև Berlin Philharmonic-ի կամերային անսամբլների՝ 12 Cellists-ի և Scharoun Ensemble-ի կազմում։
Հախնազարյանը մեծապես կարևորում է նաև երիտասարդ երաժիշտների կրթությունն ու մասնագիտական զարգացումը։ Նա վարպետության դասեր է անցկացրել Jeunesses Musicales-ի, Royal Birmingham Conservatoire-ի, Տոկիոյի Suntory Hall-ի և այլ հեղինակավոր հաստատությունների շրջանակում։ 2021/22 ուսումնական տարվանից դասավանդում է կամերային երաժշտություն Կարլսռուեի երաժշտական համալսարանում։
2023 թվականին Rubicon լեյբլի ներքո թողարկվել է նրա «Inner World» մենահամերգային ձայնասկավառակը՝ Շումանի, Ռախմանինովի և Խաչատրյանի ստեղծագործություններով։
Ուրախ ենք Միքայել Հախնազարյանին հյուրընկալել 2027 թվականի ակադեմիա-փառատոնին և նրա հարուստ փորձն ու գիտելիքները հասանելի դարձնել երիտասարդ երաժիշտներին։




Comments