«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի

Այս տարվա Երեխաների համաշխարհային օրվա՝ «Իմ օրը։ Իմ իրավունքները։ Իմ ապագան» խորագիրն ընդգծում է յուրաքանչյուր երեխայի՝ լսված լինելու, իր իրավունքներն իրացնելու, կրթություն ստանալու, ստեղծագործելու և սեփական ապագան կերտելու իրավունքը։
Այս գաղափարն իր գեղարվեստական արտահայտությունը գտավ նոյեմբերի 20-ին կայացած «Նամակ ապագայից» խորագրով երաժշտական ներկայացման ընթացքում, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։
Իսկ ի՞նչ կլիներ, եթե նամակ ստանայիք ապագայի ձեր «ես»-ից։ Ի՞նչ կպատմեր այն ձեր երազանքների, հնարավորությունների և այն մարդկանց մասին, որոնք աջակցել են ձեզ այդ ճանապարհին։
«Նամակ ապագայից» երաժշտական ներկայացման հիմքում ապագայի հետ խորհրդանշական երկխոսությունն էր։ Երաժշտության միջոցով հանդիսատեսը հրավիրվեց մտորելու երազանքների, հնարավորությունների, սեփական ուժերին հավատալու և այն մարդկանց կարևորության մասին, որոնք աջակցում են երեխաներին իրենց ճանապարհին։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ դոկտոր Ղասսան Խալիլը, ով իր խոսքում մասնավորապես նշեց․

«Այսօր մենք հավաքվել ենք՝ տոնելու երաժշտությունը, երեխաների տաղանդն ու ստեղծագործական ներուժը։ Այս միջոցառումը հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուր երեխայի ուղին յուրահատուկ է։ Յուրաքանչյուր երեխա ունի իր երազանքները, տաղանդները, հարցերն ու ձգտումները։ Սակայն բոլոր երեխաներին անհրաժեշտ են որոշակի հիմնարար պայմաններ՝ լիարժեք զարգանալու համար․ նրանց ձայնը պետք է լսելի լինի, և նրանք պետք է ազատորեն մասնակցեն իրենց կյանքին վերաբերող որոշումների կայացմանը։ Ձեր ներկայությունն այսօր մեզ համար շատ կարևոր է։ Այն նշանակում է, որ դուք աջակցում եք երեխաների իրավունքներին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին մենք շարունակելու ենք մեր աշխատանքը Հայաստանում՝ ապահովելու, որ ոչ մի երեխա դուրս չմնա հնարավորություններից»։
Միջոցառմանը ներկա էին նաև բարձրաստիճան հյուրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակութային և հասարակական ոլորտների ներկայացուցիչներ։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի պատանի երաժիշտները հանդես եկան բազմաժանր համերգային ծրագրով՝ ներկայացնելով համաշխարհային դասական երաժշտության և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ֆելիքս Մենդելսոնի, Անտոնիո Վիվալդիի, Յոհան Սեբաստիան Բախի, Դավիդ Պոպպերի, Յոհաննես Բրամսի, Էդվարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ միավորելով համաշխարհային երաժշտական ժառանգությունն ու հայկական դասական երաժշտության հարուստ ավանդույթները։
«Նամակ ապագայից» երաժշտական ներկայացումը դարձավ անմոռանալի երեկո և կարևոր հիշեցում, որ երեխաների ապագան ձևավորվում է հենց այսօր՝ նրանց ընձեռվող հնարավորությունների, վստահության և աջակցության շնորհիվ։ Այն նաև սկիզբ դրեց նոր գեղեցիկ համագործակցության Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև հանուն երեխաների իրավունքների և ապագայի։




Comments