top of page

«Երաժշտությունը մի աշխարհ, որտեղ ինձ զգում եմ ազատ ու ապահով»․ Ինեսսա Շկարբանենկո

  • 6 hours ago
  • 4 min read

Ինեսսա Շկարբանենկո, 14տ. / ջութակ «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու



 Ինչո՞ւ ընտրեցիր երաժշտությունը որպես քո կյանքի ուղի՝ ի՞նչ է քեզ գրավում այս արվեստում։


 Ինձ միշտ դուր է եկել երաժշտությունը։ Չնայած չեմ կարող կոնկրետ պատճառ նշել, թե ինչու հենց այս ուղին ընտրեցի, բայց վստահաբար կարող եմ ասել՝ երաժշտությունը իմ ներսում միշտ եղել է մի աշխարհ, որտեղ ինձ զգում եմ իսկապես ազատ, հանգիստ ու ապահով։


Ո՞ր կոմպոզիտորներ են քեզ համար առավել մոտ ու ազդեցիկ, և ինչու։


 Ես հատկապես սիրում եմ Անտոնիո Վիվալդիի, Ամադեուս Մոցարտի և Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները։ Նրանց երաժշտության մեջ կա մի յուրահատուկ պարզություն ու հանգստություն, որը խաղաղություն է պարգևում թե՛ ներքին, թե՛ մտավոր առումով։ Լսելով նրանց գործերը ես հաճախ վերագտնում եմ ինձ։ Միևնույն ժամանակ, ինձ գրավում են նաև առույգ, էներգիայով լի ու վիրտուոզ կոմպոզիտորները, որոնց երաժշտությունը լեցուն է շարժումներով, թռիչքներով ու նպատակասլացությամբ։ Այդ առումով ինձ համար շատ մոտ են Վենյավսկին, Պագանինին , որոնց ստեղծագործությունները ոգեշնչում են ձգտելու նոր բարձրունքների և խորացնելու տեխնիկական կարողությունները։ Հայկական կոմպոզիտորներից սիրում եմ Արամ Խաչատրյանին և Ալեքսանդր Սպենդիարյանին։


Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունես որպես երաժիշտ՝ անձնական և մասնագիտական։



Ես երազում եմ դառնալ վիրտուոզ սոլիստ՝ ելույթ ունենալ մեծ բեմերում ու նվիրել մարդկանց փայլուն, անմոռանալի համերգային փորձառություններ։ Կամ էլ նվագել շատ լավ նվագախմբի կազմում։ Բացի մասնագիտական նպատակներից, իմ սրտում միշտ կա ցանկություն օգտակար լինել մարդկանց, հատկապես նրանց ովքեր աջակցության կարիք ունեն։ Երբ ունենամ համապատասխան հնարավորություններ, կցանկանայի երաժշտության միջոցով աջակցել կարիքավորներին:


 Որո՞նք են այն արժեքները, որոնց հետևում ես քո երաժշտական գործունեության ընթացքում


 Իմ երաժշտական ուղու հիմքում առաջին հերթին անկեղծությունն է։ Երբ նվագում եմ, ինձ համար ամենակարևորն այն է, որ երաժշտությունը բխի սրտից և խոսի ճշմարիտ զգացմունքներով։ Նաև մեծ նշանակություն եմ տալիս աշխատասիրությանը, որովհետև հավատում եմ, որ իրական առաջընթացը գալիս է անդադար ջանասիրությունից։ Խոնարհությունն ու պատասխանատվությունը ևս իմ ուղեկից արժեքներից են:



Ինչպե՞ս ես պատկերացնում քո դերը՝ որպես երաժիշտ, մշակույթի և հասարակության մեջ։


Ինչպես արդեն նշեցի, ես ձգտում եմ դառնալ ճանաչված մենակատար՝ ելույթ ունենալով աշխարհի տարբեր բեմերում։ Իմ ստեղծագործական ուղին ես պատկերացնում եմ անկախ, ոչ որպես նվագախմբի անդամ, այլ որպես անհատ կատարող, ով իր երաժշտությամբ հաղորդում է անհատական հայացք, խոր զգացմունք և մաքուր արվեստ։ Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում իմ դերը նաև որպես հայ մշակույթի դեսպան։ Ամեն ինչ  անելու եմ՝ որպեսզի հայ երաժշտությունն ու մշակույթը ճանաչելի դառնան աշխարհի տարբեր անկյուններում։ 


 Ինչպե՞ս է քո երաժշտությունը կարող օգնել կամ ազդել Հայաստանի և հայ մշակույթի զարգացման վրա։


 Եթե ես դառնամ հայտնի երաժիշտ, կկարողանամ տարբեր երկրներում նվագել հայկական գործեր, և մարդիկ կլսեն, թե ինչքան հզոր ու գեղեցիկ երաժշտություն ունի Հայաստանը։ Այդպես ես կօգնեմ, որ մեր մշակույթը զարգանա ու ճանաչվի ամբողջ աշխարհում։


 Ո՞րն է քո ամենահիմնական ներշնչանքը և մղումը շարունակել սովորել ու զարգանալ երաժշտության ոլորտում։


 Իմ ամենամեծ ներշնչանքը սերն է երաժշտության հանդեպ։ Երբ նվագում եմ, փորձում եմ ավելի գեղեցիկ հնչեցնել ամեն մի մեղեդի։ Ես միշտ զգում եմ ներսից մի ուժ, որը մղում է ինձ շարունակ սովորել, զարգանալ ու երբեք չհանձնվել։ Բայց միայն երաժշտության սերը չէ՝ ինձ շատ է ոգեշնչում նաև իմ ընտանիքի աջակցությունը։ Մաման միշտ կողքիս է, օգնում է, երբ դժվար է լինում: Երբ տեսնում եմ թե ինչպես է նա հավատում ինձ, դա ինձ ուժ է տալիս շարունակել առաջ գնալ։



 Ի՞նչ խնդիրները կամ դժվարությունները ես հանդիպել որպես երիտասարդ երաժիշտ, և ինչպես ես հաղթահարում դրանք։


 Իհարկե, ամեն լավ բանի մեջ լինում են դժվարություններ, և երաժշտությունը բացառություն չէ։ Ջութակը, ինչպես հրաշալի, այնպես էլ բարդ գործիք է, և ես հաճախ եմ բախվել տեխնիկական ու հոգեբանական խոչընդոտների։ Եղել են պահեր, երբ պարզապես հոգնել եմ, նույնիսկ հիասթափվել երաժշտությունից։ Բայց իմ մեծ սերը ջութակի հանդեպ միշտ ստիպել է չհանձնվել։ Այդ սերը դարձել է իմ շարժիչ ուժը, որ տանում է ինձ առաջ՝ նույնիսկ ամենադժվար պահերին։ Ես հասկացել եմ, որ դժվարությունները միայն ավելի են ամրացնում և օգնում հասնել այն նպատակներին, որոնք սկզբում անհնար  են թվում։


 Ինչպե՞ս տեսնում ես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերակատարությունը քո և նմանատիպ երիտասարդների համար։


 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ինձ շատ է օգնել կողմնորոշվելու իմ մասնագիտական ճանապարհի հարցում։ Շնորհիվ այս ծրագրի, ես վերջապես հասկացա, որ իսկապես ուզում եմ դառնալ երաժիշտ։ Հիմնադրամը ոչ միայն տվեց հնարավորություն զարգացնելու իմ հմտությունները, այլև պարգևեց ներքին հանգստություն ապագայի հանդեպ վստահություն։ Ինձ համար շատ կարևոր է այն, որ հիմնադրամը աջակցում է ինձ և իմ նման շատ երեխաների դառնալու ավելի վստահ, կայուն և ավելի շուտ հասնելու վարպետության երաժշտության մեջ։


 Որտե՞ղ և ինչպես ես տեսնում քո երաժշտական գործունեությունը ապագայում՝ Հայաստանում կամ արտերկրում։


 Ես շատ կուզենայի ապագայում ապրել կամ աշխատել արտերկրում, ելույթ ունենալ տարբեր մեծ բեմերում ու լսարանների առաջ։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ, որ իմ միջոցով աշխարհը ճանաչի նաև հայկական երաժշտությունը։ Ես միշտ կփորձեմ հայկական ստեղծագործություններ էլ նվագել, որ մարդիկ լսեն ու սիրեն մեր մշակույթը։ Երբ մեծանամ, նաև կուզեմ ամեն ձևով օգնել հայկական երաժշտական դպրոցներին, երեխաներին ու աշակերտներին, որ իրենք էլ կարողանան սովորել, զարգանալ և հասնել մեծ բեմերի։ Եթե հնարավորություն ունենամ, կփորձեմ ստեղծել «երաժշտություն հանուն ապագայի» նման մի ծրագիր հատուկ հայ  տաղանդավոր երեխաների համար:


 Ինչպե՞ս ես հաղթահարում ստեղծագործական դժվարությունները կամ ներշնչման պակասը։


 Երբ երբեմն հոգնում եմ կամ չեմ կարողանում ոգեշնչվել, փորձում եմ մի քիչ դադար վերցնել։ Լսում եմ սիրած երաժշտությունս կամ գնում եմ զբոսնելու։ Հաճախ նաև մամայիս հետ եմ խոսում, նա միշտ օգնում է, որ նորից տրամադրվեմ։ Երբ մի փոքր հանգստանում եմ, նորից զգում եմ ցանկություն նվագելու։ Ու հենց սկսում եմ կրկին ջութակս վերցնել, ներշնչումն իրանով գալիս է։



 Ի՞նչ արժեքներ ես ցանկանում փոխանցել քո կատարումներով կամ ստեղծագործություններով։


Երաժշտությամբ ուզում եմ, որ մարդիկ զգան սեր, ջերմություն ու հավատ։ Ուզում եմ, որ իմ կատարումները ոչ միայն հնչեն գեղեցիկ, այլ նաև մարդկանց սրտերին հասնեն։ Երբ նվագում եմ, միշտ մտածում եմ՝ գուցե ինչ-որ մեկը հենց այդ պահին կարիք ունի խաղաղության կամ ժպիտի։ Ես ուզում եմ, որ իմ երաժշտությունը մարդկանց հիշեցնի, որ միշտ պետք է հավատալ ու չհանձնվել։


Ինչո՞վ ես հետաքրքրվում երաժշտությունից բացի՝ ունե՞ս հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ոգեշնչում է։


Ես սիրում եմ ազատ ժամանակ դիտել սերիալներ և կինոներ։  Սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ընկերների հետ։ Նրանց ներկայությունը լրացնում է իմ օրը՝ ջերմությամբ, ծիծաղով ու անկեղծ զրույցներով։



Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:


 Իմ սիրած կարգախոսներից մեկը. «Եթե քեզ դուր չի գալիս, թե որտեղ ես, ապա տեղափոխվիր։ Դու ծառ չես»։



Ո՞ր համերգասրահում կամ բեմում կցանկանայիր մի օր ելույթ ունենալ և ինչու հենց այնտեղ։




Ես կցանկանայի մի օր ելույթ ունենալ Բեռլինի ֆիլհարմոնիայի համերգասրահում, քանի որ այն ունի հրաշալի ակուստիկա և յուրահատուկ ճարտարապետություն։


 



Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.

Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page