«Ես ուզում եմ նմանվել իմ իդեալին՝ Հեյֆեցին». Անի Մելիքյան
- Nov 10
- 2 min read

Ինչո՞ւ ընտրեցիր երաժշտությունը որպես քո կյանքի ուղի, ի՞նչ է քեզ գրավում այս արվեստում։

Երաժշտությունը իմ բնավորությանը շատ մոտ է.այս արվեստում ինձ գրավեց այն, որ նրա շնորհիվ ես կարողանում եմ ազատ արտահայտել իմ զգացմունքները մարդկանց և հանդիսատեսին։
Որ կոմպոզիտորներ են քեզ համար առավել մոտ ու ազդեցիկ, և ինչու։
Ինձ մոտիկ են Բախը, Մոցարտը, Պագանինին։ Սիրում եմ Պագանինիին, քանի որ սիրում եմ տեխնիկապես բարդ գործեր կատարել։ Սիրում եմ Մոցարտ, քանի որ նրա գործերը շատ անթերի են գրված։ Բախին սիրում եմ, որովհետև նրա մեջ կա կարգապահություն, որը շատ պետք է բոլորի կյանքում, առավել ևս՝ երաժիշտների։
Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունես որպես երաժիշտ։
Ուզում եմ դառնալ հայտնի ջութակահարուհի,լինել վարպետ իմ գործում և ստանալ հաճույք իմ արվեստից։
Որո՞նք են այն արժեքները, որոնց հետևում ես քո երաժշտական գործունեության ընթացքում:
Սեր և նվիրվածություն իմ երաժշտության նկատմամբ։
Ինչպե՞ս ես պատկերացնում քո դերը՝ որպես երաժիշտ, մշակույթի և հասարակության մեջ։
Ես պատկերացնում եմ որ հասարակության և մշակույթի մեջ կլինեմ այն մարդը, ով կօգնի իմ երկրին բարգավաճել իմ ոլորտում։
Ո՞րն է քո ամենահիմնական ներշնչանքը և մղումը շարունակել սովորել ու զարգանալ երաժշտության ոլորտում։
Երբեք չկանգնել և լինել առաջինն ու լավագույնը,նմանվել մեծ երաժիշտներին`Հեյֆեցին։

Ի՞նչ խնդիրները կամ դժվարությունները ես հանդիպել որպես երիտասարդ երաժիշտ, և ինչպես ես հաղթահարում դրանք։
Դժվարությունների հանդիպել եմ և հաղթահարել եմ դրանք կամքի դրսևորմամբ։
Ինչպե՞ս տեսնում ես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերակատարությունը քո և նմանատիպ երիտասարդների համար։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ինձ հնարավորություն է տալիս ունենալ վարպետության դասեր հայտնի երաժիշտների հետ, հաճախել լեզվի դասընթացների, ձեռք բերել նոր գիտելիքներ և ընկերներ, շփվել արվեստի այլ ճյուղերի հետ, լսել հայտնի երաժիշտներին և շփվել նրանց հետ, ձեռք բերել բեմական փորձ և նվագել մաեստրո Սերգեյ Սմբատյանի նվագախմբի հետ իր ղեկավարությամբ և նրանից լսել խորհուրդներ։
Որտե՞ղ և ինչպես ես տեսնում քո երաժշտական գործունեությունը ապագայում՝ Հայաստանում կամ արտերկրում։
Ցանկությունս է սովորել արտասահմանում, ձեռք բերել հմտություններ, սովորել վարպետությամբ նվագել և այդ ամենը ծառայեցնել իմ հայրենիքին։
Ինչպե՞ս ես հաղթահարում ստեղծագործական դժվարությունները կամ ներշնչանքի պակասը։
Ստեղծագործական դժվարությունները հաղթահարում եմ համբերատար, իսկ ներշնչանքի համար սիրում եմ լսել կատարելությանը մոտ երաժիշտներին։
Ինչո՞վ ես հետաքրքրվում երաժշտությունից բացի՝ ունե՞ս հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ոգեշնչում է։
Սիրում եմ նկարել, գիրք կարդալ, ստեղծագործել, սպորտով և նորաձևությամբ զբաղվել։
Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:
Պապիկիս խրատը` «Միայն առաջ»։
Ո՞ր համերգասրահում կամ բեմում կցանկանայիր մի օր ելույթ ունենալ և ինչու հենց այնտեղ:

Նյու Յորքի «Քարնեգի Հոլ».
ես ուզում եմ նմանվել իմ իդեալին`Հեյֆեցին, ով այնտեղ նվագել է։
Ո՞ւմ հետ կցանկանայիր նվագել կամ համագործակցել՝ երազանքդ կատարելու դեպքում։
Սերգեյ Սմբատյանի և Սերգեյ Խաչատրյանի հետ։
Ո՞ր երաժշտական ուսումնական հաստատությունում կցանկանայիր շարունակել քո կրթությունը։
Դեռ չեմ կողմնորոշվել։)


























Comments