top of page

Միշտ ձգտում եմ անել հնարավորություններիս առավելագույնը. Էդուարդ Դայան

  • May 15
  • 2 min read

-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:


-Քանի որ ծնված օրից երաժշտությունն ինձ միշտ շրջապատել է, հաճախել եմ ծնողներիս համերգներին դեռ շատ փոքրուց, շատ բնական էր իմ հայտնվելը այս ասպարեզում։ Բայց երաժշտությամբ պրոֆեսիոնալ զբաղվելը եղել է իմ մեծ ցանկությունը և որոշումը, չնայած ծնողներս այդքան էլ կողմ չէին, որ ես էլ ընտրեմ այս դժվար ուղին։


-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերից կամ երկար պարապմունքներից հետո:


-Այո, իհարկե կան։ Շատ եմ սիրում շախմատ խաղալ, հանգստանում եմ հոգեպես և կարծում եմ, եթե երաժիշտ չլինեի, անպայման պրոֆեսիոնալ շախմատիստ կդառնայի։ Հետաքրքրվում եմ պատմությամբ, օտար լեզուներով, և իհարկե շփումը ընկերներիս հետ մեծ հաճույք է պատճառում։




-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:


-Ամոթ չէ ինչ ֊որ բան չիմանալը, բայց ամոթ է սովորել չցանկանալը։ Կարծում եմ մարդ անկախ տարիքից միշտ ունի սովորելու բան և դա էլ կյանքը հետաքրքիր է դարձնում։



-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:

Հայաստանում կառանձնացնեմ Լոռու մարզը, որտեղ ամենաշատն եմ սիրում հանգստանալ և լիցքավորվել նոր դրական էներգիայով։ Իսկ Հայաստանից դուրս, Շվեյցարիան այն առանձնահատուկ երկրներից է ինձ համար, որտեղ ես արդեն 4 տարի է զուգահեռ սովորում եմ և շատ նոր ընկերների եմ ձեռք բերե  ։Շատ եմ սիրել գեղեցիկ բնությունը և մարդկանց։


-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:


- Եթե կախարդական ուժ ունենայի, դա կլիներ իմ երաժշտությունը, որը լսելիս մարդիկ կուզենային փոխվել դեպի լավը և ապրել մի աշխարհում, որտեղ չկան պատերազմներ և չարություն։


-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։


-Ապագայի ձգտումներից է նախ ստանալ բարձրակարգ կրթություն, դառնալ միջազգային մակարդակի երաժիշտ, հնարավորինս շատ նվագել լավագույն նվագախմբերի հետ և ներկայացնել հայկական երաժշտարվեստը ամենաբարձր մակարդակով։


-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպե՞ս է այն քեզ աջակցում:


-«Երաժշտությունն հանուն ապագայի» հիմնադրամի դերը շատ մեծ է իմ պրոֆեսիոնալ աճի մեջ: Հիմնադրամը հնարավորություն է տվել շփվել և սովորել միջազգային մակարդակի երաժիշտներից, ունենալ բազմաթիվ համերգներ այստեղ և արտերկրում, կրթաթոշակ, որը օգնում է հոգալ գործիքի հետ կապված կարիքները և, իհարկե, այն դրական մթնոլորտը, որը օգնում ա աճել որպես մարդ և երաժիշտ։


-Կա՞ որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու՞:


- «Երբեք չհանձնվել». կարծում եմ՝ այս արտահայտությունը ինձ շատ լավ է բնութագրում, որովհետև եղել են իրավիճակներ, երբ թվում էր, թե լուծում չկա, բայց չհանձնվելու որոշումը փրկել է իրավիճակը։


-Քո ո՞ր հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:


-Աշխատասիրությունը, նվիրվածությունը իմ սիրած գործին և ձգտումը միշտ անել հնարավորություններիս առավելագույնը։


-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:


-Կարևորագույն արժեք է ինձ համար լինել ազնիվ, կարողանալ ուրախանալ ուրիշների հաջողություններով և փորձել օգնել մարդկանց, երբ նրանք դրա կարիքն ունեն, նույնիսկ եթե դա քեզ դժվարություն է պատճառում այդ պահին ։


-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:


-Բարությունը, նվիրվածությունը և համեստությունը կարևոր հատկանիշներից են ինձ համար ընկերության և մարդկանց մեջ։





コメント


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page