Մարիա Կիարա Բինյոցին կմիանա «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 2027 թվականի դասախոսական կազմին

Ուրախությամբ ներկայացնում ենք Մարիա Կիարա Բինյոցիին, որը կրկին կմիանա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 2027 թվականի դասախոսական կազմին։
Մարիա Կիարա Բինյոցին ծնվել է 1996 թվականին։ Ֆագոտի ուսուցումն սկսել է տասնյոթ տարեկանում՝ Բոլոնիայի Ջ. Բ. Մարտինիի անվան կոնսերվատորիայում, Լորենցո Բետտինիի ղեկավարությամբ, որն ավարտել է գերազանցությամբ 2018 թվականին։
Այնուհետև շարունակել է մասնագիտական կրթությունը՝ Կարլսռուեի երաժշտական բարձրագույն դպրոցում Դավիդ Տոմասի ղեկավարությամբ ստանալով ֆագոտի կատարողական արվեստի մագիստրոսի աստիճան, իսկ Տրոսինգենի երաժշտական բարձրագույն դպրոցում՝ կամերային երաժշտության մագիստրոսի աստիճան՝ Ֆրեդրիկ Էկդալի ղեկավարությամբ։ Մասնակցել է նաև Կառլո Կոլոմբոյի, Ռաֆֆայելե Ջաննոտտիի, Բենցե Բոգանիի, Սեբաստիան Սթիվենսոնի և Մարկո Պոստինգելիի վարպետության դասերին։
Նրա մասնագիտական գործունեության հիմնական ուղղությունը նվագախմբային կատարողական արվեստն է։ Որպես ֆագոտների խմբի կոնցերտմայստեր՝ համագործակցել է մի շարք նվագախմբերի հետ, այդ թվում՝ Կատանիայի Բելլինիի անվան թատրոնի նվագախմբի, Orchestra Filarmonica Umbra Vittorio Calamani-ի, Բազելի Musique des Lumières նվագախմբի, Վիչենցայի Teatro Olimpico թատրոնի նվագախմբի և Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ հանդես եկող Չերուբինիի անվան երիտասարդական նվագախմբի հետ։ Նա նաև հաջողությամբ անցել է Սանրեմոյի սիմֆոնիկ նվագախմբի լսումները։
Որպես ֆագոտների խմբի երկրորդ երաժիշտ՝ համագործակցել է Նեապոլի Սան Կառլոյի, Միլանի Լա Սկալայի, Թուրինի Ռեջո թատրոնների նվագախմբերի, Բոլոնիայի քաղաքային թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Միլանի I Pomeriggi Musicali-ի, Բոլցանոյի Հայդնի նվագախմբի, Լիեժի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Նվագախմբային գործունեությանը զուգահեռ՝ Մարիա Կիարա Բինյոցին հանդես է գալիս նաև որպես մենակատար և կամերային անսամբլների կազմում։ Նա ակտիվորեն համագործակցում է Trio L’Attesa-ի հետ, որի կազմում ձայնագրել է A Taste for Divertimento ալբոմը՝ թողարկված Da Vinci Publishing-ի կողմից։
2026–2027 ուսումնական տարում Մարիա Կիարա Բինյոցին նշանակվել է Բոլոնիայի երաժշտական լիցեյի ֆագոտի դասախոս։
Սիրով սպասում ենք Մարիա Կիարա Բինյոցիին Երևանում՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027-ի շրջանակում։




Comments