top of page

Երաժշտություն ապագայի համար՝ Visa-ի հետ. ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրում

  • Sep 2
  • 2 min read
ree

Սեպտեմբերի 1-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կյանքում բացվեց նոր ու կարևոր էջ․ ստորագրվեց ռազմավարական համագործակցության հուշագիր հիմնադրամի և աշխարհում թվային վճարումների առաջատար Visa-ի միջև։ Այս նախաձեռնությունը միավորում է երաժշտության անսահման գեղեցկությունը, կրթության արժեքները և նորարարական տեխնոլոգիաների ուժը՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ․ աջակցել և ուժեղացնել Հայաստանի երիտասարդ տաղանդներին։


Հուշագրիրը ստորագրեցին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Կովկասում եւ Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն: Հուշագրի ստորագրումը խորհրդանշեց մի նոր ճանապարհի սկիզբ, որտեղ երաժշտությունն ու նորարարությունը ձեռք ձեռքի տված կստեղծեն արժեքներ։


Գործընկերությունը իրականացվելու է «Երաժշտություն ապագայի համար՝ Visa-ի հետ» ընդհանուր տեսլականի ներքո։ Մոտ ապագայում կծնվեն նոր նախաձեռնություններ, որոնք կօգնեն երիտասարդներին բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը, կմեծացնեն կրթության հասանելիությունը և կդարձնեն երաժշտությունը զարգացման ու միասնության կամուրջ։ Նախատեսվում են համատեղ միջոցառումներ և նախաձեռնություններ, որոնք կբացահայտեն, թե որքան ուժեղ կարող է լինել արվեստի ու տեխնոլոգիաների համատեղ ազդեցությունը։


Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Սմբատյանը նշեց․«Այսօր մենք ամրագրեցինք մի նոր ուղի, որտեղ համախմբվում են երաժշտությունը և նորարարությունը, մշակույթն ու բիզնեսը։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը արդեն հինգ տարի բացում է հորիզոններ տաղանդավոր երեխաների համար։ Միջազգային ժյուրիի կողմից ընտրված լավագույն պատանիները դառնում են կրթական և զարգացնող ծրագրի մասնակից։ Այսօր Visa-ի հետ մեր համագործակցությունը դառնում է բացառիկ օրինակ, թե ինչպես է համաշխարհային բրենդը միանում հայկական մշակույթի առաքելությանը։ Visa-ն փոխում է մարդկանց կյանքերը տեխնոլոգիաների միջոցով, իսկ մենք՝ ճակատագրեր՝ երաժշտության միջոցով։ Միասին մենք ապացուցում ենք, որ նորարարությունն ու մշակույթը կարող են քայլել նույն ճանապարհով՝ հանուն ապագայի։ Այս հուշագիրը մեր տաղանդների թևերն է՝ որպեսզի իրենք թռչեն, հաղթահարեն սահմանները և հնչեցնեն Հայաստանի անունը աշխարհի բեմերում։»


Դիանա Կիգուրաձեն ընդգծեց․ «Visa-ում մեր առաքելությունն է` ընձեռել  մարդկանց հնարավորություններ եւ հզորացնել հաջորդ սերունդը։ Ահա թե ինչու  մենք մշտապես ներդրումներ ենք կատարում հասարակական նշանակություն ունեցող նախաձեռնություններում, որոնք ստեղծում են կայուն արժեք։ Երաժշտությունն, ինչպես նաեւ նորարարությունները, ունի ոգեշնչելու, միավորելու եւ նոր դռներ բացելու ուժ։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ համագործակցելու շրջանակներում մենք հպարտ ենք աջակցել երիտասարդ հայ տաղանդներին՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ ռեսուրսներ, տեսանելիություն եւ վստահություն՝ իրենց արվեստը զարգացնելու եւ աշխարին ներկայացնելու համար։ Միասին մենք ներդրում ենք կատարում նրանց ապագայի մեջ եւ ցույց ենք տալիս, որ Հայաստանի երիտասարդությունը կարող է հպարտորեն ներկայանալ համաշխարհային բեմերում։»


Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան նաև բացահայտելու յուրահատուկ և հոգատար գաղափար՝ Baroor Toys երաժշտական խաղալիքները։ Դրանք միայն խաղալիքներ չեն․ յուրաքանչյուր խաղալիք ստեղծվել է՝ օգնելու երեխաներին ավելի հեշտ քնել, սիրել երաժշտությունը և զարգացնել զգացմունքային ու ճանաչողական ունակությունները: Խաղալիքների սրտում հնչող նուրբ օրորոցային մեղեդիները ձայնագրված են հենց հիմնադրամի սաների կողմից։ Այսպիսով՝ յուրաքանչյուր խաղալիք իր մեջ կրում է ոչ միայն դասական երաժշտության գեղեցկությունը, այլև երիտասարդ հայ երաժիշտների ջերմությունը։


Միջոցառման ամենագեղեցիկ պահերից մեկը պատանի տաղանդների կենդանի կատարումներն էին. նրանց ջերմ ու վառ երաժշտությունը հուզեց բոլոր ներկաներին։ Միջոցառմանը ելույթ ունեցան հիմնադրամի կրթաթոշակառուները՝

Էդուարդ Դայան (ջութակ)՝ Պագանինի Կապրիս թիվ 1

Մարի Դանիելյան (դաշնամուր)՝ Բաբաջանյան Կապրիչչիո

Միքայել Հարությունյան (սաքսոֆոն)՝ Գառսոն-Ջազ վարիացիաներ Պագանինիի թեմայով


Այս համագործակցությունը կերտելու է մի նոր ճանապարհ դեպի այն ապագան, որտեղ հայ պատանի տաղանդները կունենան ավելի լայն հնարավորություններ՝ կրթվելու, իրենց արվեստը ներկայացնելու և կերտելու հաջողակ և արժանապատիվ ապագա։




Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page