«ԷՍ ԷԼ ԵՍ ԵՄ»․ Մեսրոպ Մնացականյան

Գործիքս ինձ սովորեցրել է սիրել երաժշտությունը և ուժեղ լինել՝ չհանձնվել ոչ մի դեպքում։ Եթե ինչ-որ բան չի ստացվում, պետք է պայքարել դրան հասնելու համար։
Երաժշտությունն ինձ համար սեր է, որը ես չեմ փորձում ապացուցել խոսքերով։ Ես այն ապացուցում եմ ամեն օր՝ նվագելով, սովորելով և չհանձնվելով։
Երբ մենակ եմ, լսում եմ տրոմբոնի բարդ կոնցերտներ և փորձում սովորել։ Նաև փորձում եմ կրկնել ջազային կատարումներ։
Նվագելիս ես կարծես լողում եմ, սկսում եմ զգալ երաժշտությունն ամբողջ մարմնով, և յուրաքանչյուր նոտա ավելի է ստիպում ինձ սիրել իմ գործը։
Հավատում եմ, որ մի օր կկատարվեն իմ երազանքները, և ես կդառնամ աշխարհահռչակ երաժիշտ, կգրավեմ մեծ բեմեր ու կնվագեմ մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Երբ բեմում եմ, փորձում եմ իմ կատարած երաժշտությունը ներկայացնել այնպես, որ այն նույնքան հաճելի լինի հանդիսատեսի համար, որքան ինձ համար։
Երջանիկ եմ զգում, երբ կատարված աշխատանքս գնահատվում է լսողի կողմից։ Այդ ժամանակ հասկանում եմ, որ իմ աշխատանքն ապարդյուն չէր, և դա ինձ երջանկացնում է։
Քչերը գիտեն, բայց ես իմ զգացմունքները հաճախ արտահայտում եմ երաժշտության միջոցով։ Երբ բառերը չեն բավականացնում, երաժշտությունն է խոսում իմ փոխարեն։
Հայ լինելն ինձ համար պարզապես ազգություն չէ։ Դա իմ լեզուն, մշակույթը, պատմությունն ու ինքնությունն են, որոնցով ես հպարտանում եմ ամեն օր։
Կյանքում կարևորը ոչ թե արագ նպատակիդ հասնելն է, այլ ճանապարհն արժանապատվորեն անցնելը։ Համբերությունն ու աշխատասիրությունը վերջում իրենց արդյունքն են տալիս։
Ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր չեն հանձնվում։ Նրանց օրինակը ինձ առաջ շարժվելու ուժ է տալիս։
Հուզվում եմ, երբ երաժշտությունը փոխանցում է այն զգացմունքները, որոնք բառերով դժվար է արտահայտել։ Այդ պահին յուրաքանչյուր նոտա առանձնահատուկ իմաստ է ստանում։
Երաժիշտ լինելը նշանակում է անընդհատ սովորել և կատարելագործվել։ Յուրաքանչյուր բեմ նոր փորձ է և նոր հնարավորություն՝ կիսվելու քո արվեստով։ Երաժշտությունն իմ կյանքի անբաժան մասն է։
Հասկացել եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Կարևորը չդադարել առաջ շարժվել։
Ինձ ուժ է տալիս բեմը և այն պահը, երբ երաժշտությունը կապում է ինձ մարդկանց հետ։ Այդ զգացողությունն ինձ նոր էներգիա է տալիս։
Հպարտանում եմ, երբ իմ աշխատանքն ու ջանքերն արդյունք են տալիս։ Այդ պահերն ինձ հիշեցնում են, որ աշխատասիրությունը միշտ արժևորվում է։
Երեք բառով ես՝ աշխատասեր եմ, նպատակասլաց և կատակասեր։
Ուրախանում եմ, երբ կողքիս են ինձ հարազատ մարդիկ։ Նրանց աջակցությունն իմ ամենամեծ ուրախություններից մեկն է։
10 տարի հետո ես կլինեմ կոնսերվատորիայի ուսանող և դրա հետ մեկտեղ կաշխատեմ իմ մասնագիտությամբ։
Երևանում ամենաշատը սիրում եմ Կասկադի վերևից նայել քաղաքին։ Այնտեղից Երևանն ունի յուրահատուկ գեղեցկություն։
Երազում եմ դառնալ աշխարհահռչակ երաժիշտ և գրավել աշխարհի ամենամեծ բեմերը։ Ուզում եմ լինել օրինակելի երաժիշտ նրանց համար, ովքեր կունենան նույն երազանքը, ինչ ես այսօր։ Իմ կարգախոսն է՝ «Աշխատասիրությունը նպատակների և երազանքների բանալին է»։




Comments