top of page

«Ես գնում եմ իմ ճանապարհով, իմ ռիթմով ու իմ երաժշտությամբ». Էլեն Խաչիկյան

  • Jul 7
  • 5 min read

-Ինչպե՞ս ընտրեցիր երաժշտությունը՝ որպես քո կյանքի ուղի։


- Ես դաշնակահար եմ, արդեն 10 տարի է, ինչ նվագում եմ։ Երաժշտությունն ընտրեցի, որովհետև այն ինձ տալիս է ազատություն։ Երբ նվագում եմ, կարծես ազատ եմ ամեն ինչից՝ կենցաղից, լարվածությունից, սահմանափակումներից։ Երաժշտության միջոցով կարող եմ արտահայտել այն, ինչ բառերով դժվար է ասել՝ իմ մտքերը, էմոցիաները, տրամադրությունը. այն իմ համար մի աշխարհ է, որտեղ ես ինձ լավ եմ զգում։ Երաժշտությունն ինձ դարձրել է ավելի զգայուն, ավելի խորացող, օգնել է հասկանալ ինքս ինձ։ Առանց երաժշտության արդեն չեմ պատկերացնում իմ կյանքը։



- Ո՞ր կոմպոզիտորներ են քեզ համար առավել մոտ ու ազդեցիկ։


-Չգիտեմ… ես, իրականում, մի քիչ խուսափում եմ այս հարցից, որովհետև իմ սիրած կոմպոզիտորները փոխվում են՝ կախված իմ էմոցիաներից, տարիքից, և ինչ-որ տեղ նաև՝ իմ պրոֆեսիոնալ փորձից։ Տարբեր փուլերում ինձ մոտ տարբեր նախասիրություններ են լինում, բայց հիմա՝ այս փուլում, ինձ շատ է գրավում ժամանակակից երաժշտությունը։ Եթե անուններով ասեմ, երևի՝ Բեթհովեն, Մեդտներ, Գոդովսկի, Բրամս, Հովունց, Պրոկոֆև, Ռախմանինով, Սեն Սանս, Խաչատրյան ու շատ եմ սիրում Վերդիի օպերաները։ Իրենց մեջ մի խորը դրամատիզմ կա, որն ինձ հուզում է։


- Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունես որպես երաժիշտ։


-Երազանքները շատ են։ Որպես երաժիշտ՝ ուզում եմ շարունակել զարգանալ, գտնել ու բացել ինձ նոր ձևերով։ Ուզում եմ, որ իմ երաժշտությունը իրոք հասնի մարդկանց՝ հուզի, հանգստացնի կամ ուղղակի մի պահ տեղափոխի ուրիշ աշխարհ։ Սիրում եմ անկեղծությունն արվեստում և ուզում եմ այդպես էլ միշտ մոտենալ իմ գործին։ Մասնագիտական առումով՝ երազում եմ մեծ բեմեր, հետաքրքիր համագործակցություններ ու, ամենակարևորը,  նվագել այն, ինչ իսկապես զգում եմ։Իմ անձնական ճանապարհին ուզում եմ լինել ազատ. կարևոր է, որ երբեք չեմ փորձել ինձ որևէ մեկի հետ համեմատել։ Ես գնում եմ իմ ճանապարհով, իմ ռիթմով ու իմ երաժշտությամբ։


-Որո՞նք են այն արժեքները, որոնց հետևում ես քո երաժշտական գործունեության ընթացքում։


-Ինձ համար ամենակարևոր արժեքը անկեղծությունն է։ Եթե երաժշտության մեջ անկեղծություն չկա, ամեն ինչ կեղծ է հնչում՝ նույնիսկ ամենաբարդ գործի ճիշտ կատարումն էլ չի փրկում։ Շատ կարևոր է նաև աշխատասիրությունը՝ անկախ նրանից, թե որքան տաղանդ ունես, առանց աշխատանքի ոչինչ հնարավոր չէ ստեղծել։


Հարգանքը նույնպես անփոխարինելի է՝ թե՛ երաժշտության, թե՛ ունկնդրի, թե՛ բեմի հանդեպ։ Երբ ես բեմում եմ, դա ինձ համար ուղղակի ելույթ չէ, այլ մի ամբողջական աշխարհ է, որտեղ պետք է մտնել ողջ պատասխանատվությամբ ու սիրով։


Եվ ամենակարևորը՝ չկորցնել սերը դեպի այն, ինչ անում եմ։ Երբ սերը կորում է, ամեն ինչ դառնում է մեխանիկա, իսկ դա ինձ համար անընդունելի է, բայց միայն սերը քիչ է։ Շատ կարևոր է նաև էմոցիաների ճիշտ փոխանցումը. պետք է հասկանաս, թե ինչ ես նվագում՝ ինչ է ապրել կոմպոզիտորը, ինչու է գրել այդ ստեղծագործությունը, ինչ զգացողություններով։ Երբ գիտես այդ ամենը, կարողանում ես ավելի խորը կերպով փոխանցել ասելիքը ու ու հենց այդ տեղում է, որ ստեղծվում է էմոցիոնալ հավասարակշռություն՝ ոչ ավել, ոչ պակաս։ Իմ կարծիքով, հենց այդ պահին է երաժշտությունը դառնում իսկական արվեստ։



Ինչպե՞ս ես պատկերացնում քո դերը որպես երաժիշտ մշակույթի և հասարակության մեջ։ 


- Ինձ համար երաժիշտ լինելը միայն մասնագիտություն չէ։ Ես ինձ պատկերացնում եմ որպես մի կամուրջ՝ արվեստի ու մարդկանց միջև։ Երաժշտությունը կարող է հուզել, հանգստացնել, հիշեցումներ տալ ու նույնիսկ՝ բուժել։ Երբեմն մարդիկ չեն կարող բառերով արտահայտել իրենց զգացմունքները, իսկ երաժշտությունը դա անում է նրանց փոխարեն։ Մշակույթի մեջ իմ դերը տեսնում եմ որպես մի փոքրիկ ձայն, որ միանում է մեծ ընդհանուր հնչողությանը։ Ուզում եմ, որ իմ կատարումներով նպաստեմ նրան, որ մարդիկ չմոռանան զգալ, մտածել, լսել։ Որպես հասարակության մի մասնիկ՝ ուզում եմ, որ իմ երաժշտությունը մի փոքր ավելի լույս բերի մարդկանց կյանք։


Ո՞րն է քո հիմնական ներշնչանքը և մղումը շարունակել սովորել ու զարգանալ երաժշտության ոլորտում։


-Սերը, ազատությունը, անկեղծությունը, ինքնաարտահայտումը, զգացմունքը, խորությունը, լռության լեզուն, ներսդ լսելու կարողությունը, ինքնաճանաչումը, սահմանների ճանաչողությունը, իրականությունից փախուստը և, միևնույն ժամանակ, այդքան մոտ լինելը, սրտի ձայնը, ազնվությունը, շարժումը, զարգացումը, որոնումը, ապրումները, հուզմունքը, պարզությունը։


- Ինչպե՞ս կբնորոշես արվեստի և երաժշտության կարևորությունը մարդու և հասարակության կյանքում։


Արվեստը և հատկապես երաժշտությունը շատ կարևոր դեր ունեն թե՛ մարդու, թե՛ հասարակության կյանքում։ Այն օգնում է մարդուն ճանաչել ինքն իրեն, զգալ, արտահայտվել։ Հասարակության մեջ էլ պահում է մշակույթը, ձևավորում է արժեքներ ու միավորում մարդկանց։ Երաժշտությունը պարզապես հնչյուններ չեն, այն հոգու լեզուն է։



-Ո՞ր խնդիրները կամ դժվարությունները ես հանդիպել որպես երիտասարդ երաժիշտ, և ինչպես ես հաղթահարում դրանք։

 Որպես երիտասարդ երաժիշտ՝ հիմնական դժվարությունները կապված են եղել հնարավորությունների սահմանափակ լինելու հետ՝ լավ դահլիճներ, մրցույթներ, բարձրակարգ կրթական հարթակներ։ Երբեմն դժվար է եղել շրջապատի կողմից չհասկացված լինելը կամ չարժևորվել այնպես, ինչպես պետք է, բայց ես միշտ փորձել եմ կենտրոնանալ իմ նպատակների վրա, աշխատել ինձ վրա ու չշեղվել իմ ուղուց։



-Ինչպե՞ս ես տեսնում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերակատարությունը քո և նմանատիպ երիտասարդների համար։


- Ինձ համար նման աջակցությունը կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս սովորել լավագույններից, շփվել համախոհների հետ և ներկայացնել հայկական մշակույթը միջազգային հարթակներում։ Հիմնադրամի գործունեությունը ոչ միայն նպաստում է անհատների զարգացմանը, այլև ամրապնդում է հայկական երաժշտության դիրքերը աշխարհում։



- Ինչպե՞ս ես հաղթահարում ստեղծագործական դժվարությունները կամ ներշնչանքի պակասը։


- Ներշնչանքի պակաս երբեք չեմ ունեցել, որովհետև ես իսկապես սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ։ Իմ ներշնչման աղբյուրը հենց երաժշտությունն է։ Դժվարություններից չեմ վախենում, ընդհակառակը՝ սիրում եմ։ Դրանք հնարավորություն են տալիս ինձ հասկանալու՝ որքան ուժեղ է սերս մասնագիտության հանդեպ, որքան նպատակասլաց ու համառ եմ, և որքան կարևոր է միշտ շարունակել առաջ գնալ՝ անկախ ամեն ինչից։


-Ի՞նչ ես ցանկանում փոխանցել մարդկանց ու աշխարհին քո կատարումներով:


- Իմ կատարումներով ուզում եմ փոխանցել անկեղծություն, սեր, խորություն ու ազնվություն։ Ցանկանում եմ, որ ունկնդիրը ոչ միայն երաժշտություն լսի, այլ զգա՝ ինչ կա դրա ետևում։ Ինձ համար կարևոր է, որ իմ նվագի միջոցով մարդիկ կարողանան մի պահ կանգ առնել, մտորել, զգալ և մոտենալ իրենց իրական էությանը։


- Ինչո՞վ ես հետաքրքրվում երաժշտությունից բացի, ունե՞ս հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ոգեշնչում է։


- Ազատ ժամանակ գրեթե չունեմ, բայց նույնիսկ ավտոբուսի մեջ փորձում եմ մաքսիմալ օգտագործել այդ պահերը։ Կիսով չափ կատակ է, կիսով չափ լուրջ։) Շատ եմ սիրում կարդալ՝ գրքեր, նամակներ, հոդվածներ, հետաքրքիր փաստեր։ Երբ սկսում եմ կարդալ, ամբողջությամբ կտրվում եմ իրականությունից։ Սպորտն էլ եմ շատ սիրում, բայց մկաններս լավ վիճակում պահելու համար այնքան էլ ակտիվ չեմ։ Սիրում եմ աշխատել մեր այգում ու ծաղկանոցում, լողալ, ֆիլմեր նայել, տարբեր երգեր նվագել ու երգել։ Հիմա կիթառ նվագել եմ սովորում, նաև նվագում եմ ակորդեոն։


Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:


-«Երաժշտությունն աշխարհին տալիս է հոգի, մտքին՝ թևեր, երևակայությանը՝ թռիչքի հնարավորություն, իսկ կյանքին՝ ամբողջականություն»… Այս խոսքերը շատ հարազատ են ինձ, որովհետև հենց այդպես էլ ես եմ տեսնում երաժշտության դերը իմ կյանքում։ Երաժշտությունն է, որ տալիս է հոգի աշխարհի ձայներին, թևեր՝ մտքիս, ազատություն՝ երևակայությանս և իմ կյանքին լիարժեքություն ու իմաստ։ Դա ոչ միայն արվեստ է, այլ նաև իմ կյանքը:


-Ո՞ր համերգասրահում կցանկանայիր մի օր ելույթ ունենալ և ինչու հենց այնտեղ։


-Կցանկանայի նվագել Վիեննայի Musikverein-ում, որովհետև դա դասական երաժշտության մայրաքաղաքներից մեկն է, և այդ բեմը լի է պատմությամբ ու հսկայական էներգիայով։ Այնտեղ ելույթ ունենալը մեծ պատիվ և ներքին աճ է իմ համար։


-Ո՞ւմ հետ կցանկանայիր նվագել կամ համագործակցել։


- Յուջա Վանգի հետ: -Ո՞ր երաժշտական ուսումնական հաստատությունում կցանկանայիր շարունակել քո կրթությունը ։


 Ցանկանում եմ շարունակել կրթությունս այնպիսի հեղինակավոր երաժշտական բարձրագույն հաստատություններում, որոնք ոչ միայն ապահովում են տեխնիկական կատարելագործման բարձր մակարդակ, այլև ստեղծում են միջավայր ստեղծագործական զարգացման, մտավոր խորացման և մասնագիտական աճի համար։ Այդպիսի հաստատություններից են՝ Ցյուրիխի Արվեստների Համալսարանը, Զալցբուրգի Մոցարտեումի Համալսարանը , Գերմանիայի առաջատար Musikhochschule-ները, ինչպես նաև Մոսկվայի Պետական Չայկովսկու անվան Կոնսերվատորիան, որն իր պատմությամբ և բեմական փորձի հնարավորություններով մեծ տեղ ունի դասական երաժշտության կրթության մեջ։


Յուրաքանչյուրն այս հաստատություններից ինձ համար յուրահատուկ է՝ առաջարկելով տարբեր մոտեցումներ, ուսուցչական դպրոցներ ու երաժշտական մշակույթ։ Այդ կրթական ճանապարհն ինձ համար ոչ միայն մասնագիտական քայլ է, այլ նաև ինքնաճանաչման և մշակութային հաղորդակցության նոր հորիզոն։



Comentarios


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page