ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՋՈՎԱՆԻ ԱՆԴՐԵԱ ԶԱՆՈՆԻ ՀԵՏ

11 Օգոստոսի 2022

Օգոստոսի 14-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ջութակահար Ջովանի Անդրեա Զանոնը:

Օգոստոսի 14-ին (կիրակի), ժամը 11։00-13:00 «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ջութակահար Ջովանի Անդրեա Զանոնը:


Իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 15-ին, նա ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


___

Իտալացի ջութակահար Ջովանի Անդրեա Զանոնը 4 տարեկանում դարձել է Իտալիայի պատմության ամենաերիտասարդ ջութակահարը, ով հաճախել է երկրի պետական կոնսերվատորիաներից մեկը։ Նա ավելի քան 30 ազգային և միջազգային մրցույթների մրցանակակիր է: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա ելույթ է ունեցել Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Միլանի Teatro alla Scala, Գրացի Musikverein, Պրահայի Smetana Hall, Մյունխենի Bayerisches Staatsoper, Բադենի Festspielhaus և այլ հանրահայտ համերգասրահներում:


Նա վերջերս ներկայացրել է Իտալիան՝ նվագելով Պեկինում 2022 թվականի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ: