Կրթաթոշակառու Սամվել Դավթյանն արտերկրում ելույթ է ունենալու նվագախմբի կազմում

11 Ապրիլի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը #CAMPUS22 transatlantic orchestra ծրագրի շրջանակներում ելույթ է ունենալու նվագախմբի կազմում։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը մրցույթի արդյունքում ընտրվել է մասնակցելու ամռանը Բեռլինում և Համբուրգում կայանալիք #CAMPUS22 transatlantic orchestra ծրագրին և ելույթ ունենալու վերջինիս շրջանակներում նվագախմբի կազմում։ 


#CAMPUS22 տրանսատլանտյան նվագախմբի նախագիծը՝ կազմված Balthasar Neumann երգչախմբի և համույթի անդամներից և երիտասարդ երաժիշտներից՝ ամբողջ Եվրոպայից և Կուբայից, կազմակերպվում է Թոմաս Հենգելբրոկի և նրա Balthasar Neumann համույթների կողմից և անց է կացվելու ս․/թ․ հուլիսի 12-23-ը Բեռլինում։ Ծրագրի շրջանակներում համերգները լինելու են հուլիսի 21-ին և 22-ին Համբուրգում։ 


Ծրագիրը նախատեսված է մինչև 28 տարեկան ուսանողների համար, ովքեր ունեն անսամբլային և նվագախմբային փորձառություն և հետաքրքրված են միջազգային նախագծերով՝ նպատակ ունենալով նպաստել ատլանտյան երկրների մշակութային փոխանակմանը, առաջարկել տարբեր կրթական ծրագրեր և հնարավորություններ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող երկրներին։


#CAMPUS22 transatlantic orchestra ծրագրի շրջանակներում շեշտադրումը լինելու է նվագախմբային ստեղծագործություների վրա։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունենալու նաև մասնակցել անհատական և կամերային երաժշտության դասերի։ Նաև անց են կացվելու սեմինարներ Կուբայի ժամանակակից երաժշտական մշակույթի (պար, ռիթմ, ավանդական երաժշտության ոճեր, իմպրովիզացիա լարային և փողային գործիքների համար), ինչպես նաև պատմական կատարողական պրակտիկայի մասին։


Նշենք, որ Սամվել Դավթյանը սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայի 1-ին կուրսում, ուսուցիչ՝ Պարգև Աղաբեկյան։ Նա նաև «ԵրազԱրտ» ծրագրի ուսանող է, ուսուցիչ՝ Մատիաս Վարելա։