.png)
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵՒ ՍՈՎՈՐՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ս․/թ․ մարտի 22-ից ապրիլի 6-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում անց է կացնելու «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը 10-23 տարեկան (մարտի 22-ի դրությամբ) պատանի և երիտասարդ երաժիշտների համար։
Ակադեմիա-փառատոնին կարող են մասնակցել արտերկրում բնակվող և սովորող պատանի երաժիշտներ՝ հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն, հարվածային գործիքներ (նվագախմբային հարվածային դասական գործիքներ) և դաշնամուր։
Ակադեմիա-փառատոնը ներառում է՝
-
Ակտիվ և պասիվ վարպետության դասեր
-
Դասախոսների և ակադեմիայի մասնակիցների համատեղ համերգներ
-
Պանելային քննարկումներ Ակադեմիայի դասախոսների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ
-
Ծանոթացում և շփում ճանաչված երաժիշտների և պրոֆեսորների հետ։
Ակադեմիայի վարպետության դասերին պասիվ մասնակցությունը բաց է՝ նախապես գրանցվելու պայմանով (գրանցման հղումը կակտիվանա դասերին ընդառաջ):
Ակադեմիայի բոլոր ակտիվ մասնակիցները պարտավոր են ներկա գտնվել Ակադեմիա-փառատոնի բոլոր համերգներին և պանելային քննարկումներին։
Ակադեմիա-փառատոնի ավարտին բոլոր ակտիվ մասնակիցները ստանալու են մասնակցության վկայականներ։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ակադեմիա-փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց տարբերակով ներկայացնել․
-
Դիմում-հայտ՝ լրացված դիմորդի կամ անչափահասների դեպքում՝ ծնողի կողմից։
-
Տեսաձայնագրություն (վիդեոձայնագրություն)՝ YouTube-յան հղման տեսքով, որտեղ դիմորդը հանդես է գալիս ազատ ծրագրով, որն իր կարծիքով լավագույնս ներկայացնում է իրեն՝ որպես առաջադրված թեկնածուի։ Ներկայացվող ծրագիրը չպետք է լինի մոնտաժված, իսկ տևողությունը պետք է լինի նվազագույնը 2 րոպե։ Եթե ստեղծագործություը պահանջում է նվագակցություն, ապա պետք է հանդես գալ նվագակցությամբ։ Տեսաձայնագրությունը պետք է լինի դիմելուց առավելագույնը երեք ամիս վաղեմության։
-
Ծրագիր՝ երեք վարպետության դասերի համար՝ առաջնորդվելով սույն կարգին կից վարպետության դասերի համար սահմանված ծրագրային պահանջներով։ Եթե ակտիվ մասնակիցը վարպետության դասերին ներկայանա այնպիսի ծրագրով, որը չի համապատասխանում իր հայտում նշված ծրագրին, ապա դասախոսը իրավունք ունի չանցկացնել դասը, և մասնակցության վճարը ենթակա չէ հետ վերադարձի։
-
Դիմորդի անձնագիր
Տեսաձայնագրությունները դիտարկվելու են ակադեմիայի դասախոսների կողմից, որոնք ընտրելու են այն դիմորդներին, ովքեր կմասնակցեն ակադեմիա-փառատոնին։
Ակադեմիա-փառատոնին գրանցվելու վճարը կազվում է 50 EUR, որն անհրաժեշտ է կատարել Ակադեմիա-փառատոնին դիմելիս։ Այն չփոխհատուցվող գումար է և չի վերադարձվում դիմորդին՝ անկախ տեսաձայնագրությունների ունկնդրումների արդյունքում նրա մասնակցության հաստատումից կամ մերժումից։
Ակադեմիա-փառատոնին մասնակցելու վճարը կազմում է 500 EUR, որը ներառում է ակտիվ մասնակցություն երեք վարպետության դասերի, ըստ դասախոսի ընտրության՝ համերգային ելույթ, անվճար տոմս Ակադեմիա-փառատոնի բոլոր համերգներին, պանելային քննարկումներին և այլ վարպետության դասերին՝ որպես պասիվ ունկնդիր։ Մասնակցության վճարը վճարվում է ոչ թե Ակադեմիա-փառատոնին դիմելիս, այլ տեսաձայնագրությունների ունկնդրումների արդյունքում՝ հիմնադրամի կողմից դիմորդի մասնակցության վերաբերյալ դրական պատասխան ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։
Տեսաձայնագրությունների հիման վրա դիմորդների մասնակցության վերաբերյալ արդյունքները ուղարկվելու են դիմորդի հայտում նշված էլ․ փոստին։
Արտերկրից ժամանող մասնակիցները և իրենց ուղեկցող անձինք ինքնուրույն են հոգում իրենց թռիչքի, վիզայի, ապահովագրության (ըստ ցանկության՝ նաև երաժշտական գործիքի), Երևանում կացության, սննդի և ներքին տրանսպորտի ծախսերը։ Ցանկության դեպքում արտերկրից ժամանող մասնակիցները կարող են գրավոր դիմել հիմնադրամին (scholarship@m4f.foundation)՝ հյուրանոցի ամրագրումը կազմակերպելու հարցում աջակցություն ստանալու նպատակով։
Վիզայի կարիք ունեցող մասնակիցները կարող են դիմել հիմնադրամին՝ Ակադեմիա-փառատոնին մասնակցելու հրավեր ստանալու համար։
Արտերկրում բնակվող և սովորող դիմորդների համար գրանցման և մասնակցության վճարը հնարավոր է կատարել բանկային փոխանցումով՝ հետևյալ բանկային ռեկվիզիտներով.
BENEFICIARY ACCOUNT։ 19300870442404
BENEFICIARY NAME։ MUSIC FOR FUTURE CULTURAL FOUNDATION
BENEFICIARY BANK։ Converse Bank CJSC, Yerevan, Armenia
SWIFT (BIC) COVBAM22
CORRESPONDENT BANK։ COMMERZBANK AG, FRANKFURT AM MAIN, GERMANY
SWIFT (BIC) COBADEFF
Վճարում կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել անգլերենով՝ գրանցման վճարի դեպքում՝ Դիմորդի անուն-ազգանուն/Ակադեմիա-փառատոնի գրանցման վճար, իսկ մասնակցության վճարի դեպքում՝ Մասնակցի անուն-ազգանուն և Ակադեմիա-փառատոնի մասնակցության վճար։ Մասնակցության վճարի (ոչ գրանցման վճարի) հաստատման կտրոնը անհրաժեշտ է ուղարկել scholarship@m4f.foundation էլ․ փոստի հասցեին՝ նամակի վերնագրի դաշտում նշելով Մասնակցի անուն-ազգանունը և Ակադեմիա-փառատոնի մասնակցության վճար։ Դիմորդի մասնակցության վերաբերյալ դրական պատասխան ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում վճարման կտրոնը չստանալու դեպքում՝ դիմորդը չի կարողանալու մասնակցել Ակադեմիա-փառատոնին։
Մասնակցության վճարը ենթակա է հետ վերադարձի մասնակցին միայն ակադեմիա-փառատոնի չեղարկման դեպքում։
Եթե ակտիվ մասնակիցը բաց է թողնում իր վարպետության դասը/համերգը անձնական պատճառներով, ապա նրա համար լրացուցիչ դաս/ելույթ չի կազմակերպվում, և մասնակցության վճարը ենթակա չէ հետ վերադարձի։
Պասիվ մասնակցությունը վարպետության դասերին որպես ազատ ունկնդիր անվճար է՝ նախապես գրանցվելու պայմանով (գրանցման հղումը կակտիվանա դասերին ընդառաջ):
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
Ակադեմիա-փառատոնի շրջանակում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ստանալ 3 վարպետության դաս (յուրաքանչյուր դասը՝ 45 րոպե տևողությամբ), որոնք վարելու են միջազգային ճանաչում ունեցող հայտնի երաժիշտներ և դասախոսներ։
Կազմակերպիչները ինքնուրույն են որոշում դասախոս-աշակերտ բաշխումը՝ ելնելով տվյալ դասախոսի ազատ ժամերից։
Վարպետության դասերի շրջանակում արտերկրից ժամանող ակտիվ մասնակիցներին հիմնադրամը տրամադրելու է նվագակցող, եթե ներկայացվելիք ստեղծագործությունը պահանջում է նվագակցություն և դասախոսի կողմից կա պահանջ՝ դասին ներկայանալու նվագակցողի հետ։ Մասնակիցը նվագակցողի հետ ունենալու է մեկ փորձի հնարավորություն՝ մեկ ժամ տևողությամբ։
Վարպետության դասերն անց են կացվելու անգլերեն կամ ռուսերեն լեզվով՝ կախված դասախոսի ազգությունից։ Հիմնադրամը չի տրամադրում թարգմանիչ:
Մասնակիցներին չի թույլատրվում կատարել տեսանկարահանում, լուսանկարահանում և ձայնագրություն վարպետության դասերի ընթացքում:
Եթե Ակադեմիայի անցկացման ընթացքում մասնակիցը բաց է թողնում իր վարպետության դասը անձնական պատճառներով, ապա նրա համար լրացուցիչ դաս չի կազմակերպվում, և հիմնադրամը կարող է որոշում ընդունել նշված դասը անցկացնել այլ մասնակցի հետ:

ՀԱՄԵՐԳՆԵՐ
Ակադեմիա-փառատոնի շրջանակում կազմակերպվելու են համերգներ՝ ակադեմիայի դասախոսների և ակադեմիայի ակտիվ մասնակիցների մասնակցությամբ։
Համերգի մասնակիցներին ընտրելու են դասախոսները՝ ելնելով վարպետության դասերից։ Դասախոսների ընտրությունը ենթակա չէ բողոքարկման։
Համերգին մասնակիցը պետք է ներկայանա նույն ծրագրով, որը ներկայացնում է վարպետության դասերի ընթացքում։
Համերգային ելույթի համար հիմնադրամը արտերկրից ժամանած ակտիվ մասնակցին տրամադրելու է նվագակցող, (եթե ստեղծագործությունը կատարվում է նվագակցությամբ)։ Մասնակիցը նվագակցողի հետ ունենալու է մեկ փորձի հնարավորություն՝ մեկ ժամ տևողությամբ։
Ըստ դասախոսի ցանկության՝ ի հավելումն համերգային հիմնական ծրագրի, համերգի ժամանակ մասնակիցները կարող են նաև ելույթ ունենալ անսամբլային կազմով:

ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Ակադեմիա-փառատոնի շրջանակում կազմակերպվելու են պանելային քննարկումներ՝ ակադեմիայի դասախոսների և Հայաստանի ոլորտային մասնագետների մասնակցությամբ, որոնք անդրադառնալու են երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացմանը, երաժշտական կրթությանը, կատարողական գործունեությանը և միջազգային մասնագիտական միջավայրում ինտեգրման հնարավորություններին։ Պանելային քննարկումները անցկացվելու են անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով՝ կախված խոսնակներից։ Արտերկրից մասնակիցների համար տրամադրվելու է թարգմանություն՝ հայերենից օտար լեզվի։

ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՎԱԳԱԿՑՈՂՆԵՐ
-
Արտերկրից ժամանող անչափահաս մասնակցին պետք է ուղեկցի չափահաս ուղեկցող անձ (ծնող/ խնամակալ/բարեկամ/ուսուցիչ/նվագակցող)։
-
Ուղեկցող անձինք մասնակցում են վարպետության դասերին՝ որպես պասիվ ունկնդիր։
-
Ակադեմիա-փառատոնի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում մասնակիցների և ուղեկցող անձանց կյանքի, առողջության, անձնական իրերի և երաժշտական գործիքների համար։
-
Արտերկրից ժամանող վարպետության դասերի ակտիվ մասնակիցներին և համերգներին ելույթ ունենալու համար ընտրված արտերկրից մասնակիցներին հիմնադրամը տրամադրելու է նվագակցող (եթե ստեղծագործությունը կատարվում է նվագակցությամբ)՝ ընդհանուր 2 ժամ տևողությամբ։ Նշված տևողությունից ավել ժամաքանակով նվագակցությունը Հիմնադրամը կարող է տրամադրել առանձին վճարային հիմունքով։
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը իրավունք ունի մշակել դիմորդի տրամադրած տեղեկատվությունը և անձնական տվյալները: Սույն կարգով դիմորդը/մասնակիցը/իր օրինական ներկայացուցիչը տրամադրում է իր համաձայնությունը իր անձնական տվյալների մշակման համար:
Բոլոր վարպետության դասերը, համերգները և միջոցառումները կարող են տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ձայնագրվել կամ ուղիղ եթերով հեռարձակվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և նրանց գործընկերների կողմից։
Հիմնադրամը իրավունք ունի ոչ առևտրային նպատակներով օգտագործել, տարածել, իր գործընկերներին փոխանցել ակադեմիա-փառատոնի իրականացման շրջանակներում և/կամ դրա առնչությամբ դիմորդի/մասնակցի/ուղեկցող անձի մասնակցությամբ կատարված լուսանկարները, տեսանյութերը, աուդիո նյութերը, այլ ռեսուրսները, ինչպես նաև սոցիալական հարթակներում տեղադրված և նրա մասնագիտական գործունեությանը վերաբերող ցանկացած ռեսուրս: Նման բոլոր նյութերի տնօրինման իրավունքները պատկանում են բացառապես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին։
Դիմում-հայտ ներկայացնելով՝ դիմորդը և նրա օրինական ներկայացուցիչը համաձայն են «Հայ Վիրտուոզներ» 2027թ․ ակադեմիա-փառատոնի մասնակցության կարգում նշված բոլոր պայմաններին։

Դիմում-հայտ ներկայացնելով՝ դիմորդը և նրա օրինական ներկայացուցիչը համաձայն են «Հայ Վիրտուոզներ» 2027թ․ ակադեմիա-փառատոնի մասնակցության կարգում նշված բոլոր պայմաններին։
Հայտերն ընդունվում են առցանց՝ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ սեղմելով «Լրացնել դիմում-հայտը» կոճակը։
Ծրագրային պահանջներ վարպետության դասերի համար
