Պատանի երաժիշտների հանդիպումը Խաչատուր Աբովյանի ժառանգության հետ
- Sep 9
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները մասնակից դարձան մի բացառիկ այցի՝ այցելելով Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան։ Այս այցելությունը նրանց հնարավորություն տվեց մոտիկից ծանոթանալ մեծ լուսավորիչի, գրողի, մանկավարժի և նորագույն հայ գրականության ու մանկավարժության հիմնադրի կյանքի ու գործունեության հետ։
Թանգարանը կառուցվել է XVIII դարում՝ Աբովյանի պապի կողմից։ 1939 թ․ նոյեմբերին այն վերածվել է թանգարանի, որտեղ այսօր պահպանվում և ցուցադրվում են ձեռագրեր, նամակներ, թարգմանություններ, անձնական իրեր, ինչպես նաև «Վերք Հայաստանի» վեպի տարբեր հրատարակություններ ու արվեստագետների գործեր։ Երիտասարդ երաժիշտները շրջեցին այն սենյակներում, որտեղ անցել է Խաչատուր Աբովյանի մանկությունն ու պատանեկությունը, ծանոթացան նրա գրական, մանկավարժական և մշակութային ժառանգությանը։ Նրանք հնարավորություն ունեցան տեսնելու ինչպես վավերագրական ու անձնական նյութեր, այնպես էլ բացառիկ ցուցանմուշներ՝ կապված հայ գրականության կարևորագույն էջերի ստեղծման հետ։
Այս այցը դարձավ արժեքավոր փորձառություն պատանի երաժիշտների համար՝ խորացնելով նրանց կապը ազգային մշակույթի ու ինքնության հետ և ցույց տալով, որ հոգևոր ու մշակութային ժառանգությունը կարող է դառնալ արվեստի ու ստեղծագործական որոնումների մշտական ներշնչանք։
Comments