«Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի պատանի երաժիշտները՝ KOREЕZ 2026 մրցանակաբաշխությանը

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուները նոյեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցեցին KOREЕZ 2026 մրցանակաբաշխությանը՝ իրենց երաժշտական կատարումներով նշանավորելով միջոցառման հանդիսավոր բացումը։ Պատանի երաժիշտները միջոցառման ընթացքում հանդես եկան Ռիխարդ Շտրաուսի «Also sprach Zarathustra» և Բարսեղ Կանաչյանի «Մեր Հայրենիք» ստեղծագործությունների կատարումներով, ինչպես նաև երգիչ Էրիկ Կարապետյանի հետ համատեղ ներկայացրին Ֆրեդի Մերկուրիի «We Are the Champions» երգը։
Հինգ տարի առաջ մեկնարկած KOREЕZ կրթական շարժումը նպատակ ունի խթանել երեխաների հետաքրքրությունը գիտելիքի նկատմամբ, բացահայտել նրանց ներուժն ու խրախուսել շարունակական զարգացումը։ Այս տարիների ընթացքում նախաձեռնության տարբեր կրթական ծրագրերին մասնակցել է ավելի քան 100 հազար աշակերտ։
Այս արժեքները համահունչ են նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաքելությանը, որի հիմքում երիտասարդների կրթությանն ու զարգացմանը միտված ներդրումն է։ Հիմնադրամը կարևորում է ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացումը, այլև ստեղծագործելու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ բացահայտելու պայմանների ստեղծումը։
Համոզված ենք, որ երեխաների կրթության և զարգացման մեջ ներդրումը ներդրում է ապագայի մեջ, իսկ գիտության ու արվեստի նկատմամբ հետաքրքրության խրախուսումը կարևոր քայլ է ինքնավստահ, ստեղծագործ և հաջողակ սերունդ ձևավորելու ճանապարհին։




Comments