Էդգար Մխիթարյանը՝ «Vigo Junior» միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու, դաշնակահար Էդգար Մխիթարյանը միջազգային նոր հաջողություն է գրանցել՝ արժանանալով «Vigo Junior» դաշնամուրի միջազգային մրցույթի Առաջին մրցանակին։
«Vigo Junior»-ը դասվում է Ալինկ-Արգերիխ հիմնադրամի մրցույթների շարքին, ինչը ընդգծում է մրցույթի միջազգային հեղինակությունն ու մասնագիտական նշանակությունը։
2026 թվականին Իսպանիայի Վիգո քաղաքում առաջին անգամ անցկացված «Vigo Junior» մրցույթը կազմակերպվել է հեղինակավոր «Ciudad de Vigo» դաշնամուրի միջազգային մրցույթի շրջանակում՝ որպես պատանի և երիտասարդ դաշնակահարների համար նախատեսված առանձին միջազգային մրցույթ։
Մրցույթը ներառում էր հինգ տարիքային կատեգորիա՝ սկսած 7 տարեկանից մինչև 19 տարեկան մասնակիցների համար նախատեսված։ Էդգարը հանդես է եկել «Emerging Artist» կատեգորիայում՝ մրցելով մրցույթի ամենաբարձր տարիքային խմբում։ Նա հաջողությամբ հաղթահարել է մրցութային բոլոր փուլերը և եզրափակչի արդյունքներով արժանացել Առաջին մրցանակի։
Էդգարի այս ձեռքբերումը նրա մասնագիտական ճանապարհի կարևոր հանգրվաններից է՝ միջազգային բեմում իր կատարողական կարողությունները ներկայացնելու և բարձր մրցակցային միջավայրում հանդես գալու նոր փորձառություն։
Նշենք, որ Էդգարը սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ Սերգեյ Սարաջյան։
Էդգարի հաղթանակը ևս մեկ անգամ ընդգծում է երիտասարդ հայ երաժիշտների բարձր ներուժը և այն հնարավորությունների կարևորությունը, որոնք նրանց օգնում են իրենց տաղանդը վերածել միջազգային ձեռքբերումների։




Comments