Դաշնամուրի վարպետության դաս Վալենտինա Լիսիցայի հետ

14 Դեկտեմբերի 2021

Դեկտեմբերի 15-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահարուհի Վալենտինա Լիսիցան։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար ս․/թ․ դեկտեմբերի 15-ին (չորեքշաբթի), ժամը 18։30-21։30 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահարուհի Վալենտինա Լիսիցան։ Իսկ դեկտեմբերի 16-ին՝ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


---

Վալենտինա Լիսիցան ոչ միայն դասական երաժշտության առաջին «YouTube-յան աստղն» է, այլև առաջին դասական արտիստը, ով իր համացանցային հաջողությունը վերածել է համաշխարհային համերգային կարիերայի Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի և Ասիայի ամենահայտնի դահլիճներում։ Նրա YouTube-յան ալիքն այժմ ունի ավելի քան 600.000 բաժանորդ և 147 միլիոն դիտում՝ օրական միջինը 75.000 դիտումով, իսկ նրա Spotify ալիքն ամսական ունենում է ավելի քան 800.000 ունկնդիր:


2020/2021 համերգաշրջանում Վալենտինան ելույթ է ունենում Բադեն-Բադենում, Բելգրադում, Պադովայում, Բարսելոնայում, Բրյուսելում և վերադառնում ԱՄՆ՝ Madison and Amelia Island Chamber Music Festivals փառատոնների շրջանակներում: Նա նաև ունի համերգներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ նվագելով Պրոկոֆևի դաշնամուրի N 3 կոնցերտը` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, Pasadena Symphony-ի, լեհական Baltic Philharmonic-ի, Borusan Istanbul Philharmonic-ի, Վալենսիայի նվագախմբի հետ։


Ծնվելով Կիևում՝ Վալենտինան սկսել է դաշնամուր սովորել 3 տարեկանում, իսկ մեկ տարի անց իր առաջին ելույթն է ունեցել հանրության առջև: Նա ավարտել է Կիևի կոնսերվատորիան, այնուհետև տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և իր դեբյուտային ելույթն ունեցել Նյու Յորքում 1995 թվականին: Այժմ Վալենտինան համատեղում է իր գործունեությունը Մոսկվայում և Հռոմում։