
Ֆրանսիացի կլարնետահար Միշել Լեթիեկը համարվում է միջազգային երաժշտական աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերից մեկը։ Նա ակտիվորեն հանդես է գալիս համերգային և փառատոնային բեմերում՝ միաժամանակ մեծ դեր ունենալով մանկավարժական գործունեության, ինչպես նաև նոր երաժշտական երկացանկի ուսումնասիրման և տարածման գործում՝ թե՛ որպես կատարող, թե՛ որպես համերգային ծրագրերի կազմող։
Նա հանդես է գալիս որպես մենակատար և կամերային երաժշտության կատարող՝ համագործակցելով հեղինակավոր երաժիշտների և նվագախմբերի հետ։ Ժամանակակից երաժշտության նվիրյալ մեկնաբան լինելով՝ իրականացրել է բազմաթիվ ստեղծագործությունների և կոնցերտների պրեմիերաները, այդ թվում՝ Պենդերեցկու, Ջոն Կորլիլիանոյի, Դենիսովի, Մարատկայի, Բալիֆի, Լանդովսկու, Դեկուստի, Դալբավիի, Ֆուրշոտի, Ռիսսետի, Սկոլարիի, Նարիտայի, Բրոտոնսի, Հերսանի, Ժիրոյի, Լիի, Ռյուի և այլ հեղինակների ստեղծագործություններ։
Նրա ձայնագրական հարուստ ժառանգությունը ներառում է ձայնագրություններ Lyrinx, Naxos, Arion, RCA, BIS, Talent և Actes Sud լեյբլների համար։ Դրանց թվում են միջազգային բարձր գնահատականի արժանացած ալբոմներ և առաջին ձայնագրություններ՝ Քշիշտոֆ Պենդերեցկու կոնցերտներն ու կամերային ստեղծագործությունները, Գերշվինի «Porgy & Bess»-ը՝ Ֆրանկ Վիլարի մշակումով կլարնետի և լարային նվագախմբի համար, ինչպես նաև Օսվալդո Գոլիխովի «The Tears and Prayers of Isaac the Blind»՝ լարային քառյակի հետ։
Պենդերեցկու կոնցերտի երկրորդ ձայնագրությունը՝ հեղինակի ղեկավարությամբ, արժանացել է Միջազգային ձայնագրական մրցանակի (2016)։ Նրա ձայնագրական երկացանկում ընդգրկված են նաև Բերնարդ Հերմանի (Հիչքոքի ֆիլմերի երաժշտության հեղինակ) և Դեյվիդ Դել Տրեդիչիի քվինտետները՝ կատարված Fine Arts Quartet-ի հետ համատեղ (Naxos)։ 2018 թվականին Arion լեյբլը թողարկել է CD՝ նվիրված Քրիշտոֆ Մարատկայի կլարնետային երաժշտությանը՝ հեղինակի մասնակցությամբ (դաշնամուր), ալտահար Կարին Լեթիեկի և Zemlinsky քառյակի հետ։ Նույն թվականի նոյեմբերին նա Պատրիկ Գալուայի և Վարշավայի Juventus նվագախմբի հետ իրականացրել է Քշիշտոֆ Պենդերեցկու նոր կոնցերտի համաշխարհային առաջին կատարումը՝ ֆլեյտայի, կլարնետի և նվագախմբի համար։
Որպես ճանաչված մանկավարժ՝ Միշել Լեթիեկը Փարիզի Conservatoire National Supérieur de Musique de Paris կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր է, Նիցցայի կոնսերվատորիայի պրոֆեսոր և պարբերաբար վարում է վարպետության դասեր Փարիզի École Normale-ում և միջազգային հեղինակավոր երաժշտական հաստատություններում (Չինաստան, Համբուրգ, Ֆինլանդիա, Բրազիլիա, Պրահա)։
Նրա սաներից շատերը այսօր աշխատում են առաջատար նվագախմբերում՝ Turino Theatro, Toulouse National Orchestra, Shangai Philharmonic, Malmoe opera, Barcelona Liceo, Bilbao opera, Rotterdam Philharmonic, կամ զբաղեցնում են դասավանդման պաշտոններ։
Նա պարբերաբար հրավիրվում է միջազգային մրցույթների ժյուրիների կազմում՝ Ժնև, Լայպցիգ, Պրահա, Մյունխեն, Օսակա, Պեկին, Ֆրիբուրգ, Համբուրգ, Դյուսելդորֆ, Ռուան և այլ քաղաքներում։
1982–2020 թվականներին Միշել Լեթիեկը եղել է հեղինակավոր Pablo Casals de Prades փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ հյուրընկալելով համաշխարհային ճանաչում ունեցող կամերային երաժիշտների և նրանց ուսանողներին։ Փառատոնի ծրագրերը ներկայացվել են նաև Փարիզի Théâtre des Champs-Élysées-ում և մի շարք միջազգային մայրաքաղաքներում՝ Տոկիո, Պեկին, Շանհայ, Հոնկոնգ, Պուերտո Ռիկո։
Միշել Լեթիեկը արժանացել է «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» և «Արվեստի և գրականության շքանշանի ասպետ» պարգևներին։
