
Հունգարական արմատներ ունեցող ավստրիացի արվեստագետ Էսթեր Հաֆֆները մեր ժամանակների ամենահետաքրքիր և բարձր գնահատված ջութակահարներից մեկն է։ Ավելի քան 30 տարի նա հմայում է հանդիսատեսին աշխարհի տարբեր բեմերում՝ իր հարուստ հնչողությամբ, բարձր երաժշտական վարպետությամբ և խորաթափանց մեկնաբանություններով։ Նա համագործակցել է աշխարհի ամենահեղինակավոր դիրիժորների և նվագախմբերի հետ։ Մշտապես ձգտելով ընդլայնել իր երաժշտական սահմանները՝ Էսթեր Հաֆֆները լայն ճանաչում ունի նաև որպես ալտահար։
Նրա հասարակական առաքելությունը և արվեստին նվիրված անդադար գործունեությունը Ավստրիայի Հանրապետությունում արժանացել են բարձր գնահատանքի․ 2021 թվականին նա պարգևատրվել է Ավստրիայի Հանրապետության «Ոսկե պատվո շքանշանով»՝ արվեստի բնագավառում ունեցած ծառայությունների համար, իսկ 2024 թվականին ստացել է Ստորին Ավստրիայի կառավարության «Ոսկե մշակութային մեդալը»։
2023 թվականին Էսթեր Հաֆֆները նշանակվել է ջութակի պրոֆեսոր Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստների համալսարանում (MDW, Ավստրիա)։ 2000 թվականից նա ջութակի պրոֆեսոր է Կոպենհագենի Թագավորական երաժշտական ակադեմիայում (Դանիա) և Գրացի Արվեստների համալսարանում (KUG), ինչպես նաև հրավիրյալ պրոֆեսոր՝ Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջում, Հելսինկիի Սիբելիուսի ակադեմիայում, Բուդապեշտի Ֆերենց Լիստի անվան ակադեմիայում, Օսլոյի Երաժշտական ակադեմիայում, Շանհայի և Պեկինի կոնսերվատորիաներում, Շանհայի միջնակարգ երաժշտական դպրոցում, Երուսաղեմի JMC-ում և Թյանցզինի միջնակարգ դպրոցում։
Էսթեր Հաֆֆները բազմիցս եղել է միջազգային ջութակային մրցույթների ժյուրիի անդամ՝ Գերմանիայի Spohr մրցույթ, Կորեայի Isang Yun մրցույթ, Իտալիայի Piccolo Magico և Andrea Postacchini մրցույթներ, Լեհաստանի Szymanowski և Bacewicz մրցույթներ, Դանիայի Serguei Azizian մրցույթ, LIVE Music Now Austria, Սինգապուրի ջութակի մրցույթ, Ավստրիայի Brahms մրցույթ, Dubai Violin Olympia և Խաչատրյանի անվան մրցույթներ։ Նա անցկացրել է վարպետության դասեր Նյու Յորքի համալսարանում, Բլումինգթոնի Jacobs School-ում, Սթենֆորդի և Յեյլի համալսարաններում, UCLA-ում, USC-ում, Colburn School-ում (ԱՄՆ), ինչպես նաև Ճապոնիայի Geidai համալսարանում։
Էսթեր Հաֆֆները նվագում է Նիկոլա Բերգոնցիի կողմից 1780 թվականին պատրաստված «ex Hamma Segelmann» ջութակը, որը նրան տրամադրված է Ավստրիայի Ազգային բանկի կողմից։
Նրա լարերը հովանավորվում են Jargar Strings և Thomastik-Infeld Vienna ընկերությունների կողմից, աղեղները՝ Չարլզ Շիհի, իսկ ձայնասկավառակների թողարկումները՝ NEIRO Productions (Վիեննա)։ 2025 թվականին լույս են տեսել նրա վերջին ձայնագրությունները՝ Մոցարտի ջութակի կոնցերտները Salzburg Soloists-ի հետ։
Էսթեր Հաֆֆները խորհրդատու է Վիեննայում հիմնադրված “Live Music Now” կազմակերպությունում (հիմնադիր՝ Յեհուդի Մենուհին), ինչպես նաև Շվեդիայի Auror և Old Ox փառատոններում, EMIV Vienna-ում, CIMS-ում, Պորտուգալիայի Verao Classico-ում և Իտալիայի Լուկկա քաղաքի “Virtuoso Belcanto” փառատոնում։ Նա Դանիայում անցկացվող “Serguei Azizian” մրցույթի կազմակերպիչն է և խոշոր միջազգային մրցույթների ժյուրիի կազմի անդամ՝ ակտիվորեն նպաստելով երիտասարդ տաղանդների զարգացմանը ամբողջ աշխարհում։
Նա դասավանդում է նաև Մանհայմի “PE-Förderkreis der Studierenden”-ում և Մայնցի “Villa Musica”-ում (Գերմանիա)։ 2017 թվականից Էսթեր Հաֆֆները Կոպենհագենում Ավստրիայի դեսպանատան արվեստի համադրողն է։ Նա Haffner Strings և Haffner Trio համույթների անդամ է։
Ուսանելով Գերհարդ Շուլցի, Շանդոր Վեգի, Ֆիլիպ Հիրշհորնի, Գյորգի Կուրտագի և Թոմաս Կակուշկայի մոտ՝ Վիեննայի, Բուդապեշտի և Ուտրեխտի ակադեմիաներում, Էսթեր Հաֆֆները իր դեբյուտը կատարել է 1991 թվականին՝ Վիեննայի Musikverein-ի Ոսկե դահլիճում՝ Կարլ Էստերրայխերի ղեկավարությամբ։ Այդ ժամանակից ի վեր նա հանդես է գալիս աշխարհի ամենախոշոր համերգասրահներում։
Էսթեր Հաֆֆները բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է և արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Նա մեծ նվիրումով է մոտենում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին․ Ալֆրեդ Հուբերի, Պետեր Էյոտվյոշի, Ալեքսեյ Իգուդեսմանի և Ֆոլկեր Դավիդ Կիրխների բազմաթիվ ստեղծագործություններ գրվել են հատուկ նրա համար։
