
Մենակատար | Գլխավոր տրոմբոնահար | Դասախոս
Ծնվել է Վենեսուելայի Գուանարե քաղաքում։ Խոսե Օսվալդո Պարրա Գարսիան տրոմբոնահար է՝ ավելի քան 24 տարվա երաժշտական փորձով։ Ներկայումս զբաղեցնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր տրոմբոնահարի պաշտոնը և ընդգրկված է Հայաստանում գործող Keron Foundation-ի Talent Pool ծրագրում։
Երաժշտական կրթությունը սկսել է Վենեսուելայի «Էլ Սիստեմա» (El Sistema) ծրագրում, որը երաժշտական կրթության և նվագախմբային զարգացման միջազգային ամենաճանաչված նախաձեռնություններից է։ Ծրագրի շրջանավարտներից են աշխարհահռչակ երաժիշտներ, այդ թվում՝ Գուստավո Դուդամելը, իսկ հրավիրյալ դիրիժորների թվում են եղել Կլաուդիո Աբադոն և սըր Սայմոն Ռեթլը։
Իր մասնագիտական գործունեության ընթացքում հանդես է եկել Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մի շարք հեղինակավոր նվագախմբերի և անսամբլների հետ, այդ թվում՝ Վենեսուելայի սիմֆոնիկ նվագախմբի, Սիմոն Բոլիվարի երիտասարդական սիմֆոնիկ փողային նվագախմբի, Սիմոն Բոլիվարի բիգ բենդի, Zürcher Symphoniker-ի, Swiss Symphonie Wind Orchestra-ի, Max Jendly Jazz Big Band-ի և Daniel Felber Big Band-ի հետ։ Մասնակցել է նաև Ժնևի Մեծ թատրոնի (Grand Théâtre de Genève) բեմադրություններին։ Daniel Felber Big Band-ի կազմում համագործակցել է ամերիկացի երգիչ Թոնի Լինդսիի հետ, որը հայտնի է Santana խմբի հետ իր աշխատանքով և «Գրեմմի» մրցանակների արժանացած բազմաթիվ նախագծերով։
Որպես մենակատար՝ ելույթներ է ունեցել տարբեր նվագախմբերի հետ, մասնակցել միջազգային նախագծերի և հյուրախաղերի, այդ թվում՝ Swiss Philharmonic Academy-ի կազմում։ Հանդես է եկել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Բեռլինի ֆիլհարմոնիան և Ամստերդամի Concertgebouw-ը։ Եղել է նաև Արգենտինայում, Կոլումբիայում, Իտալիայում և Շվեյցարիայում անցկացվող տրոմբոնի միջազգային մրցույթների եզրափակիչ փուլի մասնակից և մրցանակակիր։
Ունի մասնագիտացված կատարողական արվեստի մագիստրոսի աստիճան՝ ստացած Ցյուրիխի արվեստների համալսարանում (Zürcher Hochschule der Künste, ZHdK), ինչպես նաև երաժշտության բակալավրի աստիճան՝ Լոզանի երաժշտության բարձրագույն դպրոցում (Haute École de Musique de Lausanne), երկուսն էլ՝ Շվեյցարիայում։ Ուսանել է նաև Փարիզի տարածաշրջանային կոնսերվատորիայում (Conservatoire à Rayonnement Régional de Paris), որտեղ ուսումնական տարվա ավարտին տրոմբոնի դասարանում արժանացել է ամենաբարձր գնահատականին։ Ուսումնառության ընթացքում մասնակցել է միջազգային ճանաչում ունեցող տրոմբոնահարների վարպետության դասերին, այդ թվում՝ Քրիստիան Լինդբերգի, Ժակ Մոժեի, Մարտին Շիպերսի, Բրանդտ Ատտեմայի, Ֆաբրիս Միլիշերի, Դավիդ Բրյուշեի, Յորգեն վան Ռեյենի, Բրանիմիր Սլոկարի և Մասիմո Լա Ռոզայի։
Բեմական գործունեությանը զուգահեռ՝ զբաղվում է նաև մանկավարժական աշխատանքով՝ դասավանդելով տրոմբոն և ղեկավարելով փողային գործիքների խմբերի աշխատանքը։ Վարպետության դասերով հանդես է եկել Վենեսուելայում, Կոլումբիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։
Նրա ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է սիմֆոնիկ երկացանկը, կամերային երաժշտությունը, մենակատարային կատարումները, ջազը և լատինաամերիկյան երաժշտությունը։ Ներկայումս հանդես է գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմում՝ շարունակելով նաև իր մանկավարժական գործունեությունը վարպետության դասերի և կրթական ծրագրերի միջոցով և նպաստելով երաժիշտների նոր սերնդի մասնագիտական զարգացմանը։
