top of page

Լիլիթ Գրիգորյան

Դաշնամուր I Գերմանիա

Վերջին տարիներին դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը հաստատել է իր ուրույն տեղը եվրոպական երաժշտական ասպարեզում։ Մարիա Ժուաո Պիրեշը նրան բնութագրում է որպես արտահայտչական բացառիկ կարողություններով և հստակ, վճռական երաժշտական լեզվով օժտված երաժիշտ։ Միջազգային մամուլը բարձր է գնահատում նրա մեկնաբանությունների հասունությունը՝ նշելով, որ դրանք գերազանցում են նրա տարիքին բնորոշ մակարդակը (BBC Music Magazine), և նրան համարում է հույսի շող՝ միատեսակ դաշնամուրային կատարումների գերակշռությամբ առանձնացող ոլորտում (MDR Kultur)։

2025 թվականը կարևոր հանգրվան դարձավ նրա ստեղծագործական ուղու համար։ Berlin Classics լեյբլի թողարկմամբ լույս տեսավ դաշնակահարուհու առաջին մենահամերգային ձայնասկավառակը՝ «Sonata Facile»-ը, որով մեկնարկեց նաև նրանց բացառիկ համագործակցությունը։ Միջազգային մամուլի բարձր գնահատականին արժանացած ձայնագրությունը նվիրված է Մոցարտի, Ռավելի, Բեթհովենի և Մեդտների՝ իբր «հեշտ» սոնատներին ու սոնատիններին, որոնք իրականում չափազանց պահանջկոտ են թե՛ տեխնիկական, թե՛ երաժշտական առումներով։ Ի թիվս այլ գնահատականների՝ ալբոմը rbb Radio 3-ի կողմից ճանաչվել է «Շաբաթվա ալբոմ»։

2026 թվականի փետրվարին Berlin Classics-ը թողարկեց «Perfect Happiness?» կամերային երաժշտության ալբոմը, որը Լիլիթ Գրիգորյանը ձայնագրել է Լայպցիգի Gewandhaus նվագախմբի գլխավոր ֆագոտահար Դեյվիդ Պետերսենի հետ։ Շումանի, Մենդելսոնի և Մոշելեսի ստեղծագործություններն ընդգրկող այս ձայնագրությունը նոր հնչյունային հեռանկարներ է բացահայտում Լայպցիգի ռոմանտիկ երաժշտական ավանդույթի վերաբերյալ։ 2027 թվականի գարնանը Berlin Classics լեյբլը կթողարկի նրա նոր՝ «The Armenian Five» մենահամերգային ալբոմը։ Քյոլնում՝ Deutschlandfunk Kultur-ի հետ համագործակցությամբ ձայնագրված այս ալբոմում դաշնակահարուհին անդրադառնում է իր հայկական արմատներին՝ ստեղծագործաբար ներառելով նաև իր ընտանիքի գեղարվեստական ժառանգությունը ալբոմի գաղափարական հղացման մեջ։

Վերջին շրջանում Լիլիթ Գրիգորյանը նշանակալի հաջողությունների է հասել իր ստեղծագործական գործունեության մեջ։ Դրանց թվում են նրա նորամուտը Բեռլինի ֆիլհարմոնիայի բեմում՝ իր հիմնադրած Ensemble Dimensions անսամբլի հետ, ելույթը Համբուրգի Elbphilharmonie համերգասրահում՝ Համբուրգի Camerata նվագախմբի հետ, Վիլմիտաս Կալիունասի ղեկավարությամբ, ինչպես նաև մեծ արձագանք գտած համերգային շրջագայությունը Չինաստանում։ Նա հանդես է եկել մի շարք հեղինակավոր փառատոներում, այդ թվում՝ Festival PAAX GNP-ում (Մեքսիկա), Mecklenburg-Vorpommern փառատոնում և Krzyzowa Music Festival-ում։ Համագործակցել է այնպիսի անվանի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վիվիանե Հագները, Դանիել Մյուլեր-Շոթը, Կարոլինա Էրերան, Ալեքսեյ Ստադլերը, Սաշա Ռեթլը և Սառա Ֆերանդեսը։ Պիեռ-Լորան Էմարի հետ համատեղ նա նաև վարպետության դաս է անցկացրել Mecklenburg-Vorpommern փառատոնի Ռոստոկի միջազգային ամառային ճամբարում։

Որպես մենակատար և կամերային երաժիշտ՝ դաշնակահարուհին հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում՝ ելույթ ունենալով հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Համբուրգի Elbphilharmonie-ում, Փարիզի ֆիլհարմոնիայում, Ամստերդամի Concertgebouw-ում, BOZAR-ում, Palau de la Música Catalana-ում, Մադրիդի Auditorio Nacional de Música-ում և Թուլուզի Halle aux Grains-ում։ Նրա պարբերական մասնակցությամբ անցկացվող փառատոնների շարքում են Schleswig-Holstein Music Festival-ը, Mecklenburg-Vorpommern փառատոնը, Festival d’Auvers-sur-Oise-ը, Colmar Festival-ը և Verbier Festival-ը։

Միջազգային լայն ճանաչման է արժանացել նաև նրա ձայնագրությունների ցանկը։ 2012 թվականին թողարկված առաջին ալբոմից հետո նա Naxos և Genuin լեյբլներով ներկայացրել է կամերային երաժշտության ձայնագրություններ՝ Հիյոլի Տոգավայի, Սառա Քրիստիանի և Կարոլինա Էրերայի հետ, ինչպես նաև 2018 թվականին թողարկել է բարձր գնահատականի արժանացած «Variations sérieuses» ալբոմը (Orchid Classics)։ 2021 թվականին Apple Music-ը Մոմպուի «Música callada» ստեղծագործության նրա կատարումը ներառել է տարվա լավագույն դասական երաժշտության ձայնագրությունների շարքում։

Լիլիթ Գրիգորյանը ծնվել է 1985 թվականին Երևանում։ Դաշնամուրային կրթությունը ստացել է Արկուհի Հարությունյանի, Սերգեյ Սարաջյանի և Մաթիաս Կիրշնեռայթի դասարաններում։ Նրա գեղարվեստական ձևավորման գործում նշանակալի դեր են ունեցել նաև Էլիզաբեթ Լեոնսկայայի և Մենահեմ Պրեսլերի ուղղորդումն ու աջակցությունը։ 2012-2016 թվականներին նա եղել է Բելգիայի Chapelle Musicale Reine Elisabeth-ի արտիստ-ռեզիդենտը, որտեղ նրա մենթորն էր Մարիա Ժուաո Պիրեշը։ Նրանց միջև ձևավորված ստեղծագործական համագործակցությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել դաշնակահարուհու գեղարվեստական կայացման վրա, շարունակվում է մինչ օրս։ Լիլիթ Գրիգորյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մշակութային մրցանակին, իսկ 2023 թվականից Yamaha-ի պաշտոնական արտիստ է։

Միջազգային կատարողական գործունեությանը զուգահեռ՝ Լիլիթ Գրիգորյանը մեծ ուշադրություն է դարձնում նաև երաժիշտների նոր սերնդի կրթությանն ու զարգացմանը։ Նախկինում աշխատելով որպես դասախոս և գեղարվեստական գծով գործընկեր Ռոստոկի երաժշտության և թատերական արվեստի համալսարանում ու Young Academy Rostock-ում՝ 2025 թվականի դեկտեմբերին նա նշանակվել է դաշնամուրի պրոֆեսոր հենց այն կրթօջախում, որտեղ ժամանակին ինքն է ուսանել։ Պրոֆեսորի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի հունվարին։

external-file_edited.jpg

Զանգահարել

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page