top of page

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի մասնակից Նատալի Բասմաջին՝ Իտալիայում․ վարպետության դասեր, համերգներ և մրցութային հաջողություն

  • 14 hours ago
  • 2 min read

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի մասնակից, պատանի ֆլեյտահար Նատալի Բասմաջին հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 18-23-ը մասնակցել է Իտալիայի Ուդինե քաղաքում անցկացված հնգօրյա ինտենսիվ վարպետության դասերի՝ հնարավորություն ունենալով աշխատելու միջազգային ճանաչում ունեցող մանկավարժ և պրոֆեսոր Լուիզա Սելլոյի հետ։


Վարպետության դասերն անցկացվել են Ուդինեի համալսարանում՝ Università degli Studi di Udine (UNIUD), որտեղ Նատալին կատարելագործել է իր մասնագիտական հմտությունները և հանդես է եկել մի շարք համերգային ծրագրերում՝ տարբեր կազմերով և որպես մենակատար։


Կրթական ծրագրի շրջանակում Նատալին ունեցել է ընդհանուր առմամբ չորս ելույթ։ Նա ելույթ է ունեցել Azienda Agricola Foffani հատուկ տաղավարում՝ ինչպես ֆլեյտահարների սեքստետի կազմում, այնպես էլ սոլո կատարմամբ։ Հաջորդ ելույթը կայացել է Ակվիլեայի ազգային հնագիտական թանգարանում՝ Museo Archeologico Nazionale di Aquileia։ Նատալին այստեղ ներկայացրել է տարբեր կազմերով ստեղծագործություններ՝ դուետի, կվարտետի և սեքստետի կազմում, ինչպես նաև հանդես է եկել սոլո կատարմամբ։ UNIUD համալսարանում, որտեղ անցկացվում էին վարպետության դասերը, տեղի է ունեցել հաշվետու համերգը։ Նատալին համերգային ծրագրում հանդես է եկել որպես մենակատար՝ ներկայացնելով սոլո ստեղծագործություն։ Ծրագրի կարևորագույն փուլերից մեկը եղել է UNIUD համալսարանում անցկացված եզրափակիչ մրցույթը։ Վարպետության դասերի ավարտին յուրաքանչյուր գործիքի պրոֆեսոր իր դասարանից ընտրել է լավագույն աշակերտներին՝ եզրափակիչ մրցույթին մասնակցելու համար։ Նատալին ևս ընդգրկվել է ֆլեյտահարների ընտրված մասնակիցների շարքում և մրցույթի արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։


Ուդինեում անցկացրած օրերը Նատալի Բասմաջիի համար դարձել են մասնագիտական գիտելիքների և կատարողական հմտությունների զարգացման, միջազգային երաժշտական միջավայրում փորձ ձեռք բերելու կարևոր հնարավորություն։ Պրոֆեսոր Լուիզա Սելլոյի հետ աշխատանքը, տարբեր համերգային հարթակներում հանդես գալը և եզրափակիչ մրցույթում ունեցած հաջողությունը նոր փորձառություն են նրա ստեղծագործական ճանապարհին՝ ընդլայնելով մասնագիտական կապերն ու նոր բեմերում հանդես գալու հնարավորությունները։


«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի նպատակներից է պատանի երաժիշտներին նման միջազգային կրթական և կատարողական հնարավորություններով ապահովելը՝ աջակցելով նրանց մասնագիտական աճին և երաժշտական կարիերայի զարգացմանը։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page