«Հայ Վիրտուոզներ»-ը կներկայացնեն Հայաստանը «Շչելկունչիկ» միջազգային XXVII մրցույթում

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտներ՝ 13-ամյա թավջութակահար Արեն Թոփլաղալցյանն ու 13-ամյա ջութակահար Արփի Արաբյանը, Հայաստանը կներկայացնեն հեղինակավոր «Շչելկունչիկ» միջազգային հեռուստատեսային մրցույթի XXVII թողարկմանը։
Մրցույթը կանցկացվի Մոսկվայում՝ 2026 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը, և դրա ընթացքին հնարավոր կլինի հետևել «СМОТРИМ» հարթակի և «Россия-Культура» հեռուստաալիքի ուղիղ եթերում։
«Շչելկունչիկը» երիտասարդ երաժիշտների ամենահայտնի միջազգային մրցույթներից է, որը պատանի կատարողներին հնարավորություն է տալիս հանդես գալ բարձրակարգ մասնագիտական միջավայրում և ներկայացնել իրենց կատարողական արվեստը միջազգային լայն լսարանին։
Մրցույթն անցկացվում է երեք անվանակարգերում՝ դաշնամուր, լարային գործիքներ և փողային ու հարվածային գործիքներ։ Արեն Թոփլաղալցյանը և Արփի Արաբյանը հանդես կգան լարային գործիքների անվանակարգում։
Մրցույթի արդյունքում կընտրվեն 9 դափնեկիրներ՝ յուրաքանչյուր անվանակարգում երեքը, որոնք կարժանանան մրցանակների՝ «Ոսկե Շչելկունչիկ», «Արծաթե Շչելկունչիկ» և «Բրոնզե Շչելկունչիկ»։
Մասնակիցների ելույթները կգնահատի միջազգային հեղինակություն վայելող ժյուրին։ Լարային գործիքների անվանակարգի ժյուրիի կազմում են աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնը, թավջութակահար Մարիա Զայցևան և ջութակահար Նիկոլայ Ցինմանը։
Մրցույթի շրջանակում կսահմանվի նաև հանդիսատեսի համակրանքի մրցանակի դափնեկիրը՝ SMS քվեարկության միջոցով։
Արենի և Արփիի մասնակցությունը «Շչելկունչիկ» միջազգային մրցույթին կարևոր նոր քայլ է նրանց ստեղծագործական ճանապարհին և ևս մեկ հնարավորություն՝ միջազգային բեմում ներկայացնելու Հայաստանի պատանի երաժիշտների ներուժը։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի շրջանակում շարունակում է աջակցել շնորհալի պատանի երաժիշտներին՝ նրանց համար ստեղծելով կրթական, բեմական և միջազգային մասնագիտական զարգացման հնարավորություններ։
Մաղթում ենք Արենին և Արփիին հաջողություն, վստահություն և վառ երաժշտական ելույթներ Մոսկվայում։




Comments