«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը հյուրընկալել է շվեյցարական «Classeek Ambassador Programme»-ի համակարգող Բենջամին Ռիսիին

Օրերս «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Հիմանդրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի և կրթական ծրագրի ղեկավար Լիդա Արշակյանի հանդիպումը շվեցարական «Classeek Ambassador Programme» նախաձեռնության համակարգող Բենջամին Ռիսիի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու երիտասարդ երաժիշտների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Քննարկվեցին Classeek Ambassador Programme-ի շրջանակում հայ երիտասարդ երաժիշտների համար ստեղծվող հնարավորությունները և հետագա համագործակցության հեռանկարները։
Այս ծրագրի շրջանակում արդեն ունենք կարևոր ձեռքբերում, քանի որ «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, ջութակահար Էդուարդ Դայանը այս տարի դարձել է Classeek Ambassador Programme-ի 2026–27 սեզոնի ընտրված յոթ արտիստներից մեկը։Classeek Ambassador Programme-ը մեկամյա մասնագիտական զարգացման ծրագիր է՝ նախատեսված 18–27 տարեկան երիտասարդ կատարողների և երգիչների, ինչպես նաև 18–30 տարեկան կոմպոզիտորների համար։ Ծրագրի շրջանակում ընտրված արտիստները ստանում են աջակցություն, որը նպաստում է ոչ միայն նրանց երաժշտական զարգացմանը, այլև մասնագիտական ուղու կառուցմանը՝ մենթորության, ոլորտի մասնագետների հետ կապերի հաստատման, աշխատարանների, խորհրդատվությունների, դասերի, պրոֆեսիոնալ տեսանկարահանումների և ֆոտոնկարահանումների, կայքի ստեղծման, սոցիալական մեդիայի առաջխաղացման և մասնագիտական այլ հնարավորությունների միջոցով։
Ուրախ ենք ամրապնդել Classeek-ի հետ ձևավորված կապը և նպաստել, որ նման միջազգային մասնագիտական հնարավորություններն ավելի հասանելի դառնան Հայաստանի երիտասարդ երաժիշտներին։
Եթե երիտասարդ երաժիշտ եք և ցանկանում եք զարգացնել ձեր միջազգային մասնագիտական ուղին, ծանոթացեք Classeek Ambassador Programme-ին և հետևեք ծրագրի հետագա հայտերի ու հնարավորությունների մասին հայտարարություններին։
Classeek Ambassador Programme-ի մասին մանրամասն՝ https://classeek.com/ambassador-program




Comments