-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:
Կար մի ժամանակ, երբ ես շատ էի լսում «թավջութակ» բառը. կարծում եմ՝ 4-5 տարեկանում էր։ Իսկ երբ իմացա, որ այն երաժշտական գործիք է, ավելի ոգևորվեցի։ Մի օր մայրս հարցրեց, թե ուզու՞մ եմ արդյոք զբաղվել երաժշտությամբ. պատասխանս դրական էր։ Ավելի ուշ, երբ հայրս իմացավ այդ մասին, ինձ հարցրեց, թե ո՞ր երաժշտական գործիքն եմ ուզում նվագել։ Ես բնականաբար պատասխանեցի՝ թավջութակ։ 6 տարեկանում հանձնեցի քննությունս և ընդունվեցի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց։
-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերից կամ երկար պարապմունքներից հետո:
Ես հաճախ մոտենում եմ դաշնամուրին ու փորձում լսողությամբ նվագել Վ. Ա. Մոցարտի 25-րդ սիմֆոնիայի մի փոքրիկ հատված։ Ինչպես երեխաների մեծամասնությունը, սիրում եմ համակրգչային խաղեր խաղալ, կարդալ զավեշտալի, ինչպես նաև գիտական գրքեր, շատ եմ սիրում հեծանիվ քշել և ֆուտբոլ խաղալ։ Այժմ հետաքրքրվում եմ նաև գրաֆիկական ծրագրերով՝ Archicad, AutoCAD, 3ds Max և այլն։
-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:
Այո, իմ սիրած կարգախոսն անգլերեն կասեմ, քանի թարգմանության ճիշտ տարբերակը դեռ չեմ գտել՝ Practice makes perfect:
-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:
Իմ երբևէ եղած վայրերից ամենահետաքրքիրը եղել է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքը, քանի որ այն կառուցվել է չոր անապատում և աշխարհի ամենահայտնի քաղաքներից մեկն է։
-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:
Եթե կախարդական ուժ ունենայի, մեկ նախորդ, մեկ էլ հաջորդ դարեր կտեղափոխվեի՝ բացահայտելու հին ու նոր աշխարհները։
-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։
Որպես երիտասարդ երաժիշտ, ցանկություն ունեմ ստանալու բարձրորակ կրթություն և ճամփորդել՝ հանդես գալով որպես մենակատար աշխարհի լավագույն բեմերում, պատվով ներկայացնել իմ երկիրը և վերադառնալ մրցանակներով։
-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպե՞ս է այն քեզ աջակցում:
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի շրջանակներում կազմակերնված վարպետաց դասերի ու տարատեսակ համերգներին մասնակցելու շնորհիվ ոգևորությունս ավելի է մեծացել։ Այս ամենն ինձ օգնում է ավելի լավ զգալու երաժշտության ոգին։ Շատ եմ գնահատում նաև նոր ընկերներ ձեռք բերելը։ Հիմա նաև նվագախմբում նվագելու փորձ ունեմ։
-Կա՞ որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու՞:
Ինձ կբնութագրեի որպես հետաքրքրասեր մարդ, քանի որ, չկա մի ոլորտ, գիտական երևույթ կամ նորարարություն, որի հանդեպ ես անտարբեր լինեմ։ Նշեմ նաև, որ բացի թավջութակից ու դաշնամուրից, սիրողական մակարդակով նվագում եմ կիթառ և շուտով կսկսեմ ֆլեյտայի դասեր։
-Քո ո՞ր հատկանիշն է, քո կարծիքով, օգնում քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:
Անկեղծ ասած՝ դպրոցում սովորելուս տարիներին հայրիկիս մեծ ջանքերով դարձել եմ ավելի հաստատակամ ու ինձ համար բացահայտել եմ փոքր քայլերի արվեստը։ Փորձում եմ նաև ինձ համար սահմանել հստակ նպատակներ ու ձգտել դրանց իրականացմանը։
-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:
Սիրում եմ առողջ մրցակցություն և հավասար պայքար։ Սակայն առավել գնահատում եմ թիմային աշխատանքն ու համագործակցությունը կյանքի տարբեր ոլորտներում։
Արեն Թոփլաղալցյան 11 տարեկան, թավջութակահար
2012 - 2018 / Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան N0 145 միջնակարգ դպրոց 2019 - առ այսօր / Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց
6 տարեկանից զբաղվում է երաժշտությամբ
Comments