top of page

Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում. Ինգա Հովհաննիսյան


-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:


-Երաժշտությամբ և մասնավորապես ջութակով սկսել եմ հետաքրքրվել վաղ տարիքից, քանի որ մայրիկս ջութակահար է, իսկ ընտանիքիս մնացած անդամները՝ երաժշտասերներ են։ Տվյալ միջավայրը ոգեշնչեց ինձ հաճախել ջութակի դասերի։


-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերի կամ երկար պարապմունքներից հետո:


-Սովորաբար ազատ ժամանակս անցկացնում եմ  ֆիլմեր դիտելով, ընկերներիս հետ զբոսնելով։ Ժամանակիս այսպիսի տնօրինումը օգնում է արագ վերականգնվել, ստանալ մեծ քանակությամբ դրական լիցքեր և բավականաչափ ռեսուրս՝ աշխատանքի վերադառնալու համար։


-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին: 


-Երբեք չի սխալվում նա՝ ով ոչինչ չի անում։ Անձամբ այդքան էլ էքսպերիմենտալ մարդ չեմ, սակայն որոշ կյանքի փուլեր անցնելուց հետո հասկացել եմ, որ սխալներն ամենամեծ պարգևներն են, ուղղակի հարկավոր է սովորել դրանցից դաս քաղել։



-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:


-Ավսրիայի Զալցբուրգ քաղաքը դեռևս իմ բոլոր բացահայտած քաղաքներից ամենահետաքրքիրն ու կոլորիտայինն էր։ Հին քաղաքը լի էր պատմությունով, բուն եվրոպական միջավայրով, և այդ ամենը լրացնում էին շրջապատող լեռներն ու ամրոցները, ինչպես նաև բազմաբնույթ բնությունը։


-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:


-Մի վայրից մեկ ուրիշ վայրում վայրկյանական հայտնվելը, դա ավելի դյուրին կդարձներ ճանապարհորդելը, նաև չէի հրաժարվի գերհիշողությունից։


-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։


-Նպատակս է ապագայում պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալը։ Կարողանալ մեծ վարպետության շնորհիվ ներքին աշխարհը արտահայտել երաժշտության միջոցով առանց կասկածների և անվստահության։


-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպես է այն քեզ աջակցում: 


-Հիմնադրամի ներդրումը կարելի է տեսնել անզեն աչքով։ Տաղանդավոր արտիստների հետ դասերը բացի այն որ տեխնիկական մեծ փոփոխություններ են տալիս, այլև նոր նպատակներ և դրանց հասնելու ճանապարհներ են բացում, իսկ դասական համերգները և տվյալ ապրելակերպի մեջ ընկղմված լինելը ամբողջովին փոխում է անձդ։ Սա միայն փոքր մասնիկ է հիմնադրամի ամբողջ ներուժից, որի շնորհիվ երիտասարդ արտիստները հնարավորություն են ստանում անսահման երազելու։


-Կա որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու:


-Հեդոնիզմը համարում եմ բնավորությանս հիմնական գծերից մեկը։ Այս հատկության շնորհիվ փոքր և աննշանակալի թվացող իրադարձություններից մեծ տպավորություններ եմ ստանում։


-Քո որ հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:


-Աշխատանքային կարգապահությունը և համառությունը։ Այս հատկանիշները օգնում են նպատակիս հասնել դանդաղ ՝սակայն վստահ և արդյունավետ քայլերով։


-Կա որևէ գիրք կամ ֆիլմ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել քո կամ կյանքի հանդեպ քո տեսակետի վրա և ինչու:


-Նշանակալի ազդեցություն է ունեցել  «Մոլեգնություն» ֆիլմը։ Հերոսի համար կյանքի գերագույն նպատակը հարմարավետ պայմաններն ու երկար միապաղաղ գոյությունը չէին, նա ցանկանում էր պատմություն կերտել։ Կերպարը ոգևորող էր, ռեալիստական, և համարձակություն քարոզող, այս ամենը բավական է որպեսզի նրան համարեմ վառ օրինակ։




-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:


-Հիմնական սկզբունքս է մարդամոտ լինելը և կարեկցելը։ Այս հատկանիշները շատ եմ գնահատում ինձ շրջապատող մարդկանց մեջ, այդ պատճառով էլ ցանկանում եմ ինքս էլ լինել դրանց կրողը։


-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:


-Անկեղծությունը։ Անձամբ ընտրում եմ այնպիսի ընկերներ, ովքեր չեն վախենում իրենց կարծիքը, եթե անգամ այդքան էլ դրական չի, ինձ արտահայտելուց։





148 views0 comments

留言


bottom of page