Շարժվել առաջ և ձգտել ավելի մեծ բարձունքների՝ աշխատասիրությամբ և տաղանդով. Մարկ Մինասյան
- Apr 1
- 2 min read

-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:
-Ես Մարկ Մինասյանն եմ, 13 տարեկան, դաշնակահար: Սովորում եմ Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում՝ Կարինե Անանյանի մոտ 5-րդ դասարանում։ Երաժշտությամբ առաջին անգամ հետաքրքրվեցի, երբ 9 տարեկան էի՝ լսելով Ֆրեդի Մերկուրիի երգը: Սկսեցի երգել նրա երգերը, լսել Queen ալբոմը, և այդ ժամանակ մայրս, լինելով երաժիշտ, նկատեց ինձ մոտ երաժշտական ունակություններ և որոշեց ինձ ուղղորդել դեպի երաժշտական դպրոց: Ես ցանկանում էի երգել, բայց մայրս ասաց, որ յուրաքանչյուր լավ երգիչ պետք է տիրապետի դաշնամուրին: Այդ օրվանից մինչ օրս նվագում եմ դաշնամուր և ուզում եմ դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար։

-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերից կամ երկար պարապմունքներից հետո:
-Ազատ ժամանակ քիչ եմ ունենում, բայց սիրում եմ հանգստանալ զբոսնելով, բանաստեղծություններ գրելով, երաժշտություն լսելով, երբեմն ընկերներիս հետ եմ անցկացնում հանգիստս։
-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:
-Ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերն են՝ այն օրը, երբ դու ծնվեցիր, և այն օրը, որ դու կբացահայտես, թե ինչու: (Մարկ Տվեն)
-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:
-Ինձ համար առանձնահատուկ վայր է Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ ունեցել եմ հրաշալի էքսկուրսիա Մոսկվայի կոնսերվատորիայի պրոռեկտոր Օլեգ Պավլովիչի հետ, ով ինձ ծանոթացրեց հրաշալի երաժիշտների հետ, և ես պատիվ ունեցա նվագել մեծանուն երաժիշտ, երաժշտության մեջ մեծ հետք թողած Ռաստրոպովիչի գործիքի վրա, որը 107 տարեկան էր։

-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:
-Կուզենայի լինել բարության և խաղաղության տարածող, բոլոր մարդկանց պարգևել բարություն և ներքին խաղաղություն և այդ ուժը օգտագործել՝ օգնելով այն երեխաներին, որոնք չունեն երաժշտական գործիք կամ, առհասարակ, ինչ-որ բանի կարիք ունեն։
-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։
-Ապագայի համար ունեմ շատ նպատակներ և ձգտումներ՝ մասնակցել Չայկովսկու անվան մրցույթին, Շոպենի մրցույթին, ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա կամ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի կոնսերվատորիան, դառնալ աշխարհահռչակ դաշնակահար և աշխատել աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ և, իհարկե, տարածել մեր հայկական մշակույթն ու արվեստը ամբողջ աշխարհում։
-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպե՞ս է այն քեզ աջակցում:

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը տվեց ինձ բազում հնարավորություններ՝ հրաշալի վարպետության դասեր հայտնի երաժիշտների հետ, համերգներ Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքներում, ինչպես նաև Երևանի լավագույն դահլիճներում: Հիմնադրամի շնորհիվ նաև մենք ունենում ենք այցեր տարբեր երկրներ, որտեղ մասնակցում ենք համերգների, փառատոների և մրցույթների՝ ներկայացնելով մեր եռագույն դրոշը: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի հիմնադրամի ողջ անձնակազմին և, իհարկե, Սերգեյ Սմբատյանին այս հիանալի ծրագրի ստեղծման համար ։
-Կա՞ որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու՞:
-Երբեք չընկճվել ոչ մի անհաջողություններից և, ընդհակառակը, անտեսելով այդ անհաջողությունները՝ շարժվել առաջ և ձգտել ավելի մեծ բարձրունքների, որոնց կարող ես հասնել միայն աշխատասիրությամբ և տաղանդով։

-Քո ո՞ր հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:
-Ինձ շատ օգնել է իմ նպատակասլացությունը, աշխատասիրությունը և տաղանդը. այդ ամենի շնորհիվ կարողանում եմ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ։
-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:
-Արդարություն, հայրենասիրություն, նպատակասլացություն, աշխատասիրություն, նվիրվածություն, ընկերասիրություն, խաղաղություն։
-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:
-Գնահատում եմ նրանց նվիրվածությունը, ընկերասիրությունը, իմ ընկերները միշտ ինձ օգնում են և հասնում են ամեն դժվար պահի։
Comments