top of page

Մրցույթ. կրթական ուղևորություն դեպի Դուբայ



«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է մրցույթ տաղանդավոր պատանի երաժիշտների համար, որի հաղթողները հնարավորություն կունենան ս․/թ․ փետրվարի 1-16-ը մասնակցել Հիմնադրամի կրթական ուղևորությանը դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք։


Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ մասնագիտություններով երեխաներ․ լարային (ջութակ, թավջութակ), փողային (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն) և դաշնամուր։ Դիմորդը պետք է լինի 12-16 տարեկան (դիմելու օրվա դրությամբ), ազգությամբ հայ, բնակվի Հայաստանում և հանդիսանա ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի սան։


Մրցույթի արդյունքում ընտրված պատանիները հնարավորություն կունենան որպես ակտիվ մասնակից մասնակցել անհատական կամ խմբային վարպետության դասերի, ներկա գտնվել դասերին՝ որպես պասիվ ունկնդիր, ինչպես նաև այցելել միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների համերգների, որոնք տեղի են ունենալու InClassica 2024 միջազգային երաժշտական փառատոնի և Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy - MECMA) շրջանակներում։


Վարպետության դասերը վարելու են այնպիսի հանրահայտ երաժիշտներ, ինչպիսիք են՝ Ջուլիանո Մացոկանտեն (Giuliano Mazzoccante), Էպիֆանիո Կոմիսը (Epifanio Comis), Հե-Յանգ Քիմը (Hae-Young Kim), Մարիոս Պապադոպուլոսը (Marios Papadopoulos), Էշլի Վասը (Ashley Wass), Ալեքսանդր Չաուշյանը (Alexander Chaushian), Սերգեյ Դոգադինը (Sergey Dogadin), Մարկ Բուշկովը (Marc Bouchkov), Ալան Չիրկոփը (Alan Chircop), Միխայիլ Կիրխհոֆը (Mikhail Kirchhoff) և ուրիշներ։


InClassica փառատոնի համերգների ընթացքում հանդես են գալու հանրահռչակ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը (Berlin Symphony Orchestra), Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Oxford Philharmonic Orchestra) և անվանի այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Քամիլ Թոման (Camille Thomas), Մաքսիմ Վենգերովը (Maxim Vengerov), Ստելլա Ջենը (Stella Chen), Մարկ Բուշկովը (Marc Bouchkov), Յոլ Ում Սանը (Yeol Eum Son) և ուրիշներ։


Փառատոնային միջոցառումներին մասնակցելու համար «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը յուրաքանչյուր մասնակցի համար հոգալու է կացությունը հյուրանոցում՝ ներառյալ նախաճաշը, ապահովագրությունը, վարպետության դասերի, համերգային տոմսերի արժեքը և Դուբայում ներքաղաքային տրանսպորտը։ Իսկ մասնակիցը հոգում է իր երկկողմ ավիատոմսի արժեքը՝ 189,000 ՀՀ դրամի չափով, և սննդի (ճաշ և ընթրիք) արժեքը, որը յուրաքանչյուր մասնակցի հաշվով կազմում է օրական՝ 70 դիրհամ (7,700 ՀՀ դրամ): Կացության ամբողջ ընթացքում (15 օր) յուրաքանչյուր մասնակցի ծախսը լինելու է 304,500 ՀՀ դրամ։ Ավիաընկերության կողմից ձեռքի ուղեբեռի թույլատրվող չափումները (55*38*20սմ և 7 կգ) գերազանցող երաժշտական գործիքների դեպքում՝ մասնակիցը պետք է հոգա նաև իր գործիքի համար ավիատոմսի ձեռքբերման արժեքը։ Յուրաքանչյուր մասնակից պետք է վերոնշյալ գումարը (գործիքի ավիատոմս պահանջվելու դեպքում, նաև լրացուցիչ ավիատոմսի արժեքը) վճարի մինչև ս․/թ․ հունվարի 22-ը՝ տուրիստական ընկերությանը։ Գումարը վերադարձի ենթակա չէ։


Ավիատոմսը՝ Երևան-Դուբայ-Երևան ուղիղ թռիչքով, FlyDubai ավիաընկերության միջոցով, մեկնումը՝ փետրվարի 1, 2024թ․, վերադարձը` փետրվարի 16, 2024թ․։ Ուղեբեռի թույլատրվող առավելագույն չափերն են․ ձեռքի ուղեբեռ՝ 1 կտոր - 55*38*20 սմ, 7կգ, և փոքրիկ կանացի պայուսակ/տղամարդու պորտֆել՝ փաստաթղթերի համար։ Հանձնվող ուղեբեռի առավելագույն թույլատրվող չափերն են՝ 1 կտոր - կողմերի գումարային չափումը՝ 165 սմ, 20 կգ։ Եթե ուղևորը ճամփորդում է իր երաժշտական գործիքով, որը ձեռքի ուղեբեռի թույլատրելի չափերի սահմաններում է, ապա գործիքը հենց համարվում է իր ձեռքի ուղեբեռը (այսինքն՝ ևս 1 ձեռքի ուղեբեռ նա չի կարող վերցնել): Եթե ուղևորը ճամփորդում է իր երաժշտական գործիքի հետ, որի համար նա ձեռք է բերում լրացուցիչ առանձին ավիատոմս, ապա ուղևորը կարող է իր հետ վերցնել նաև ձեռքի ուղեբեռ։


Հյուրանոցը՝ TRYP by Wyndham Dubai, սենյակները՝ երեքտեղանոց համարներ։

Մեկնելուն ընդառաջ մասնակիցը պետք է ունենա գործող անձնագիր, որը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս` ճամփորդության վերջին օրվանից սկսած, ինչպես նաև ծնողների կողմից անչափահաս երեխայի համար տրված համաձայնություն (անգլերեն թարգմանված, նոտարի կողմից վավերացված)՝ կազմակերպիչների հետ արտերկիր մեկնելու և վերադառնալու համար։


Մրցույթին դիմելու համար դիմորդի ծնողը պետք է լրացնի հայտ՝ սեղմելով «Դիմել մրցույթին» կոճակը, և ուղարկի դիմորդի տեսաձայնագրության YouTube-ի հղում՝ մինչև ս․/թ․ հունվարի 15-ը, ժամը 15։00-ն։ Դիմորդի տեսաձայնագրությունը պետք է լինի առավելագույնը 6 ամիս վաղեմության, նկարահանված լինի 1 տեսախցիկով և ստատիկ ձևով։ Ծրագիրն ազատ է՝ մինչև 15 րոպե տևողությամբ, ստեղծագործություն/ները պետք է կատարվի/են անգիր։ Թույլատրվում է ներկայացնել նաև դիմորդի համերգից արված տեսաձայնագրություն։ Տեսաձայնագրությունը հեռախոսով կատարելու դեպքում տեսախցիկը պետք է պահվի հորիզոնական: Մրցույթը հաղթահարած դիմորդները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչև ս․/թ․ հունվարի 18-ը։ 





2,017 views0 comments

Comments


bottom of page