-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:
-Երաժշտությամբ հետաքրքրվել եմ դեռ վաղ մանկուց, իսկ առաջին քայլերս որպես երաժիշտ արվել են 8 տարեկանում, երբ հաճախեցի երաժշտական դպրոց:
-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերից կամ երկար պարապմունքներից հետո:
-Սիրում եմ ստեղծագործել, նկարել, կինո դիտել: Գերհոգնածությունս անցնում է պասիվ հանգստի միջոցով, ուղղակի մեկ կամ մի քանի օր լրիվ ազատվում եմ հիմնական զբաղվածությունից:
-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:
-Մարդու բնավորության մեջ կա երեք ոսկե որակ՝ համբերություն, չափի զգացում և լռելու ունակություն: Երբեմն կյանքում նրանք օգնում են ավելին, քան միտքը, տաղանդը և գեղեցկությունը:
-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:
-Ինձ համար ամենից հետաքրքիր և հոգեհարազատ վայրերը Տաթևն է ՝ իր խորհրդավոր և շքեղ բնությամբ, Լոռին՝ հատկապես Դսեղ գյուղը:
-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:
- Մեկ հարվածով երկիրս կհզորացնեի, այդ ուժը կոգտագործեի բարի ու մնայուն գործեր իրականացնելուն: Շատ կուզենայի կառավարել ժամանակը:
-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։
-Երազանքներս գունեղ են ու բազմազան, սակայն կառանձնացնեմ հետևյալը՝ իմ ուրույն խոսքն ու ասելիքն ունենալ այս ոլորտում, որոնք կկարողանամ ծառայեցնել ի նպաստ երկրիս ու մարդկությանը:
-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպե՞ս է այն քեզ աջակցում:
-Այն խթանում է իմ և շատ երաժշտասեր երիտասարդների զարգացումն ու աճը այս ոլորտում և երազանքների իրականացման հնարավորություն է տալիս:
-Կա՞ որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու՞:
-Այո՛՝ աշխատասիրությունը կամ անսահման ձգտումը դեպի կատարելություն, որպեսզի նոր, շատ, գեղեցիկ, կարևոր ու մնայուն արժեքներ ստեղծվեն այդ ճանապարհին:
-Քո ո՞ր հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:
-Թե՛ երաժշտության մեջ ,թե՛ կյանքում հաջողություններ կերտելու համար իմ կարծիքով մեկ հատկանիշը բավական չէ: Կարևորագույններն են՝աշխատասիրություն և տաղանդ, լինել ազնվաբարո ու բծախնդիր քո և շրջապատիդ նկատմամբ և անսահման սերը գործիդ ու մարդկության հանդեպ:
-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:
-Իհարկե կան,ես ինձ սկզբունքային մարդ եմ համարում և ունեմ ինձ համար մշակած արժեհամակարգ, որով ես առաջնորդվում եմ: Այդ արժեքներն են Աստծո, ծնողներիս ու ինձ համար կարևոր մարդկանց պատվիրանները:
-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:
-Դրանք ուղիղ համեմատական են իմ հատկանիշների հետ:
Տրոմբոնահար, 12 տարեկան
2019-2021 / Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոց, ջութակի դասարան
2021-առ այսօր / Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոց, տրոմբոնի բաժին,
3-րդ դասարան, ուսուցիչ՝ Հայկ Տեր-Մարգարյան
Երաժշտությամբ զբաղվում է 8 տարեկանից, տրոմբոն նվագում է 10 տարեկանից։
Comentarios