top of page

Կրթական ուղևորություն դեպի Էստոնիա


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը 2024թ․ հուլիսի 5-18-ը իր կրթաթոշակառուների համար նախաձեռնել էր կրթական ուղևորություն դեպի Էստոնիայի Տալլին և Պյարնու քաղաքներ՝ մասնակցելու Յարվի Ակադեմիային (Järvi Academy), որն անց էր կացվում Պյարնուի երաժշտական փառատոնի (Pärnu Music Festival) շրջանակներում։ 


Järvi Academy. ինտենսիվ ուսուցում և վապետության դասեր


Հիմնադրամի կողմից կազմակերպված կրթական ուղևորությանը մասնակցել է Հիմնադրամի 7 տաղանդավոր պատանի երաժիշտ հետևյալ մասնագիտություններով՝ լարային (ջութակ, թավջութակ) և փողային (ֆագոտ, գալարափող, շեփոր)։  Պատանի երաժիշտների հետ աշխատել է 7 մասնագետ՝ անցկացնելով 21 վարպետության դաս և երաժշտության ֆիզիոլոգիային նվիրված 2 դասախոսություն-հանդիպում։ 


Photo credits: Tõiv Jõul Photo credits: Kaupo Kikkas Photo credits: Kaupo Kikkas

Երաժշտության ֆիզիոլոգիային նվիրված դասախոսություն-հանդիպումները վարել է Լիզան Ալտրովը (Lisanne Altrov) (Ավստրիա): Հանդիպումն ուղղված էր մասնակիցների բեմական վախերի, անհանգստության և սթրեսի կառավարման համար մեխանիզմների և վարժությունների ներկայացմանը։


Pärnu Music Fstival․ համերգներ և բեմական փորձ

Հիմնադրամի  մասնակիցներն իրենց կրթական այցի շրջանակներում ելույթ են ունեցել փառատոնի երկու համերգներին՝ Պյարնու համերգասրահում (Pärnu Concert Hall)` Յարվի ակադեմիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում։ Փառատոնի բացման համերգը ղեկավարել է հռչակավոր դիրիժոր Մաեստրո Նեմե Յարվին։ Փառատոնի շրջանակներում Յարվի ակադեմիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի երկրորդ համերգը՝ Ակադեմիայի փակման համերգը, ղեկավարել են Ակադեմիայի դիրիժորության դասընթացների առաջադեմ երիտասարդ մասնակից-դիրիժորները և Մաեստրո Նեմե Յարվին։


Համերգային փորձերը վարել են էստոնացի հայտնի դիրիժորներ Անդրես Կալյուստեն (Andres Kaljuste), Պավո Յարվին, Նեմե Յարվին և այլ երաժիշտներ։ Դրանք անց են կացվել Տալլինում` Տալլինի երաժշտության և բալետի դպրոցում (Tallin School of Music and Ballet - MUBA) և Պյարնու համերգասրահում։



Վարպետության դասերի ավարտից հետո Ակադեմիայի մասնակիցները համերգային ելույթներով հանդես են եկել ուսանողական ցերեկույթի շրջանակներում՝ Պյարնու Թաուն Հոլլում (Pärnu Town Hall): 

Փառատոնի շրջանակներում Ակադեմիայի մասնակիցներն ունկնդրել են նաև իրենց դասավանդած ուսուցիչների և պրոֆեսորների համերգային ելույթները՝ Պյարնուի սբ․ Էլիզաբեթ եկեղեցում (St. Eliisabet's Church), ինչպես նաև փառատոնի այլ համերգներ՝ Järvi Academy Sinfonietta-ի, Nordic Pulse Orchestra-ի, Estonian Festival Orchestra-ի, Pärnu City Orchestra-ի մասնակցությամբ։


Ընդհանուր թվով՝ Հիմնադրամի մասնակիցները Պյարնուի երաժշտական փառատոնի շրջանակներում ունեցել են 7 ելույթ, որոնցից 2-ը՝ Յարվի ակադեմիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբով, և ունկնդրել են փառատոնի 8 համերգներ։ Պյարնուի երաժշտական փառատոնի բոլոր համերգները ներկայացված են ստորև։ Իսկ համերգների հղումները հասանելի են այս հղումով։ 


Մասնագիտական աճի և ճանաչման եզակի հարթակ


Մասնակցությունը Պյարնուի երաժշտական փառատոնին և Յարվի Ակադեմիային այն եզակի հարթակներից էր, որտեղ հայ պատանի երաժիշտները հնարավորություն ունեցան օգտվել համաշխարհային մակարդակի դասավանդումից, զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, ցուցադրել իրենց կարողությունները, շփվել անվանի երաժիշտների, լավագույն մասնագետների և աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ երաժիշտների հետ, ներկայացնել Հայաստանը, ձեռք բերել ճանաչում և նոր հնարավորություններ իենց մասնագիտական կայացման ճանապարհին։



--

Փառատոնի և Ակադեմիայի հիմնադիրներն են անվանի դիրիժորներ Մաեստրո Պավո Յարվին (Paavo Järvi) և նրա հայրը՝ Մաեստրո Նեմե Յարվին (Neeme Järvi): 2023թ.-ին Պյարնուի երաժշտական փառատոնը BBC Music Magazine-ի կողմից ճանաչվել է Եվրոպայի դասական երաժշտության լավագույն 29 փառատոններից մեկը:


Յարվի Ակադեմիան լարային, փողային և հարվածային գործիքներ նվագող երիտասարդ առաջադեմ երաժիշտների և դիրիժորների համար կազմակերպում է վարպետության դասեր ոլորտի առաջատար մասնագետների հետ, հանդիպումներ հանրահայտ երաժիշտների հետ, ինչպես նաև Ակադեմիայի լավագույն մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ներգրավվելու Յարվի ակադեմիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում (Järvi Academy Youth Symphony Orchestra - JAYSO) և ելույթ ունենալ Պյարնուի երաժշտական ​​փառատոնում։ 




Comments


bottom of page