top of page

Կարևոր չէ, թե քանի տարի կա քո կյանքում, կարևոր է՝ որքան կյանք կա քո տարիներում. Էդգար Մխիթարյան

  • Jun 28, 2024
  • 3 min read

Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:


Կարելի է ասել, որ երաժշտությունը իմ կյանքի անբաժան մասն է ծնված օրիցս։ Մայրս դաշնակահարուհի է, իր նվագելն ու պարապելը միշտ աչքիս առաջ է եղել։ Բացի դրանից մենք բավականին մեծ ձայնադարան ունենք, և տանը միշտ դասական երաժշտություն է հնչել, նաև շատ էինք հաճախում համերգների …Երաժշտական դպրոց ընդունվեցի 7 տարեկանից։ Գործիքի ընտրության հարցը որպես այդպիսին չի էլ դրվել. դաշնամուր։


Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերի կամ երկար պարապմունքներից հետո:


Եթե դու պրոֆեսիոնալ երաժիշտ ես ուզում դառնալ, առավել ևս դաշնակահար, դու պիտի պատրաստ լինես օրվա մեծ մասը տրամադրել պարապելուն, ազատ ժամանակ գրեթե չի մնում։ Ես հաշտվեցի այդ մտքի հետ, և հիմա պարապելու ընթացքը ինձ ևս ուրախություն է պատճառում, վայելք, բավարարվածություն։ Իսկ ազատ ժամանակ սիրում եմ կարդալ, ընկերներիս հետ շփվել, լողալ, հեծանիվ քշել, զբոսնել միայնակ` մտքերս կարգավորելու, և իհարկե, ունկնդրել երաժշտություն։

Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:


Այո, մի քանիսն են.«Աշխարհը քոնն է», «Կյանքը մեկն է, և պետք է այն ապրել արժանի», «Վերջիվերջո, կարևոր չէ, թե քանի տարի կա քո կյանքում, կարևոր է՝ որքան կյանք կա քո տարիներում»:


Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:


Հետաքրքիր վայրեր շատ կան թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Շատ եմ սիրում, օրինակ, Դիլիջանի կոմպոզիտորների միությունը, որը Դիլիջանի ազգային պարկի մի մասն է, հրաշագեղ բնության գրկում է գտնվում, իսկ բնությունը ոգեշնչող է։ Սիրում եմ Կապանը։ Հատկանշական վայրերից է ինձ համար Սերգեյ Փարաջանովի թանգարանը, ում յուրահատուկ հանճարեղությունը հետաքրքիր էներգետիկա է հաղորդում տուն-թանգարանին, թեպետ նա այնտեղ չի ապրել։


Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:


Եթե կարողանայի ժամանակ առ ժամանակ կանգնեցնել ժամանակը, բավականին գործ կհասցնեի անել։


Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։

Այո, մեծ ծրագրեր ու բարձր նպատակներ ունեմ։ Մեծագույն նպատակս է դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար, նշանավոր կոմպոզիտոր և հնարավորինս պիտանի լինել հայրենիքիս։


Քո որ հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:

Կարծում եմ՝ դա տաղանդն ու աշխատասիրությունն են, որոնք բացահայտեցի ուսուցիչներիս շնորհիվ։



Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպես է այն քեզ աջակցում:


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ինձ զարգացման մեծ հնարավորություն է տալիս։ Վարպետության դասեր, օտար լեզվի դասընթացներ, բեմական փորձ, թանգարանային այցելություններ, հետաքրքիր նախագծեր, համերգներ, ընկերություն հայ պատանի տաղանդավոր երաժիշտների հետ, ծանոթություններ բեմերը նվաճած երաժիշտների հետ` այս ամենը, բնականաբար, չի կարող չնպաստել իմ երաժշտական աճին։ Շնորհակալ եմ հիմնադրամին։


Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:

Բարություն, ճշմարտախոսություն, նպատակասլացություն, հայրենասիրություն, անձնազոհություն, հանճարեղություն։



Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:


Ինձ համար կարևոր է, երբ մարդն իր առաջ նպատակներ ունի, ծույլ ու ձրիակեր չէ, չի պատրաստվում ապրել անհետաքրքիր, անիմաստ կյանքով։ Ընկերը նա է, ով միշտ պատրաստ է քեզ օգնության ձեռք մեկնել և աջակցել անհրաժեշտության դեպքում։

Դաշնակահար, 16 տարեկան

2014 - 2023 / Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոց

​2015 - 2023 / Երևանի Ս. Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց, դաշնամուրի բաժին, ուսուցիչ՝ Նաիրա Դանիելյան

2023 - առ այսօր / Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ ԵՊԿ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյան


​Երաժշտությամբ զբաղվում է 7 տարեկանից, 9 տարեկանից սկսել է ստեղծագործել, 2018թ.-ից զբաղվում է նաև կոմպոզիցիայով` Մարիա Ղուշչյանի դասարանում:աաаրա


Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page