top of page

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հաջողված առաքելությունը Դուբայում

  • May 1
  • 6 min read

Updated: May 5

Ապրիլի 6-ից 22-ը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նախաձեռնել էր կրթական նշանակալի ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության Ակադեմիայի (Middle East Classical Music Academy) շրջանակներում կազմակերպված վարպետության դասերին և դասախոսություններին և ներկա գտնվելու InClassica միջազգային երաժշտական փառատոնին (InClassica International Music Festival):




Երաժշտություն, կրթություն և ոգեշնչում. հայ երիտասարդ տաղանդները միջազգային հարթակում


Ուղևորությանը մասնակցել են Հայաստանի տարբեր երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների՝ 11-18 տարեկան հայ պատանի շնորհալի երաժիշտներ հետևյալ մասնագիտություններով՝ լարային (ջութակ, թավջութակ), փողային (ֆլեյտա, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն) և դաշնամուր: Նրանք մասնակցել 120 վարպետության դասի՝ 9 գործիքի գծով, 10 դասախոսության և ունկնդրել հանրահռչակ երաժիշտների 16 համերգներ։



Լավագույն պրոֆեսորների հետ՝ դեպի կատարողական բարձրունքներ


Կրթական ուղևորությանը մասնակցելով` պատանի երաժիշտները ծանոթացել և դասեր են ստացել աշխարհի լավագույն երաժիշտներից, զարգացրել են իրենց տեխնիկական և կատարողական հմտությունները, շփվել ոլորտի լավագույն մասնագետների հետ, ունկնդրել վերջիններիս համերգները, ինչը նպաստել է պատանիների մասնագիտական կայացմանը և աճին:


Վարպետության դասերն անց են կացրել 21 հանրահայտ արտիստներ և երաժիշտներ, ինչպիսիք են՝  Քորդելիա Հոֆեր-Թոյչը (Ավստրիա), Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Ալբերտ Մամրիևը (Գերմանիա), Պաբլո Գալդոն (Իսպանիա), Արկադի Զենզիպերը (Գերմանիա), Սերգեյ Դոգադինը (Ավստրիա), Զոհրաբ Թադևոսյանը (Իսպանիա/Հայաստան), Ալեքսանդր Ռամը (ՌԴ), Ջասմին Չոյը (Հվ․ Կորեա), Լուիզա Սելոն (Իտալիա), Նիկիտա Զիմինը (ՌԴ), ինչպես նաև հանրահայտ Ֆրանց Շուբերտի Ֆիլհարմոնիայի (Իսպանիա) և Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի (Ճապոնիա) երաժիշտները:


Այս բացառիկ շփումը միջազգային մակարդակի երաժիշտների հետ նպաստել է հայ պատանի կատարողների տեխնիկական և արտահայտչական առաջընթացին՝ խթանելով նրանց մասնագիտական ինքնավստահությունը և մոտիվացիան։




Ակադեմիայի շրջանակներում մասնակից երեխաների համար մասնագիտական դասախոսություններ է անցկացրել InClassica միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար և դիրիժոր Ալան Չիրկոպը (Մալթա):


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի շնորհիվ ես կարողացա մասնակցել «Կրթական ուղևորություն դեպի Դուբայ» կրթական ծրագրին: Իրականացավ իմ վաղեմի երազանքը՝ հանդիպեցի ֆլեյտահար Ժասմին Չոյին և վարպետության դաս ունեցան նրա հետ», ասում է


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Ալեք Սահակյանը (12 տարեկան, ֆլեյտա):







«Ես շատ լավ անցկացրեցի իմ ժամանակը Դուբայում։ Ինձ շատ դուր եկան վարպետության դասերը, հատկապես մաեստրո Մացոկանտեի հետ։ Ազատ ժամանակը անցկացնում էի շատ ուրախ հին և նոր ընկերների հետ լողավազանում։ Ծովը, ընկերները, եղանակը, համերգները, դասերը… ամեն ինչ ուղղակի շատ-շատ լավ էր, նորից կուզեի գնալ», նշում է


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ծրագրի մասնակից Անի Բոցինյանը (12 տարեկան, դաշնամուր)









Հայ ուսուցիչների ներգրավվածությունը՝ որպես շարունակական զարգացման հենասյուն


Կրթական ուղևորությանը մասնակցել են նաև Երևանի երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչներ՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին: Նրանք ծանոթացել են դասական երաժշտության կատարողական արվեստի տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ, ստացել հասանելիություն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների դասավանդման մեթոդներին, յուրացնել դասական ստեղծագործությունների կատարողական նոր մեկնաբանումներ ու մոտեցումներ և անցկացնել դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր։ Հայ ուսուցիչները կկարողանան ձեռքբերված հարուստ փորձը ներդնել իրենց երաժշտական հաստատություններում և ծառայեցնել ի նպաստ հայ պատանի սերնդի երաժիշտների կրթությանն ու զարգացմանը։




«Շատ պրոֆեսիոնալ և բարձր որակով կազմակերպված աննախադեպ կրթական ծրագիր էր:  Մեծ հիացմունք և շնորհակալություն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին, որ մեր մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին վարպետության դասեր ստանալ  լավագույն երաժիշտներից, լսել մասնագիտական դասախոսություններ, ներկա գտնվել InClassica միջազգային երաժշտական փառատոնի բոլոր համերգներին Dubai opera հրաշալի համերգասրահում՝ ունկնդրելով աշխարհահռչակ երաժիշտների կատարումները։ Կարծում եմ այս ծրագրի ապագա երաժիշտներին մեծ բեմեր են սպասում», նշում է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անուշ Խաչատրյանը:








«Անչափ  տպավորիչ էր «Կրթական ուղևորություն դեպի Դուբայ» ծրագիրը, որը կազմակերպվել էր «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից: Վստահ եմ, որ այն պատանի երաժիշտների համար նոր գիտելիքների ձեռքբերման հրաշալի հնարավորություն էր: Ծրագրի ներկա գտնվելը իմ  մանկավարժական հետագա գործունեության համար նույնպես անչափ օգտակար էր: Արժեքավոր էին դասերի ժամանակ տրված խորհուրդները, և վստահ եմ, որ դրանք դրական ազդեցություն կթողնեն իմ հետագա գործունեության վրա: Ուրախ եմ, որ մասնագիտական փորձի փոխանակման հիանալի հնարավորություն ունեցա», պատմում է Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչ Լիլիթ Հարությունյանը:






«Սա իմ երկրորդ ուղևորությունն էր Դուբայ՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ։ Ծրագիրը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով. վարպետության դասերը բարձրակարգ էին՝ հրաշալի ուսուցիչներ Ջուլիանո Մացոկանտեի, Ալբերտ Մամրիևի, Քորդելիա Հոֆերի հետ, ովքեր աշխատեցին մեր երեխաների հետ՝ տալով նրանց գործնական խորհուրդներ և օգնեեցին աշխատել իրենց ստեղծագործությունների վրա։ Տպավորությունները աննկարագրելի են. մեր ամենատաղանդավոր երեխաների իսկապես ոսկե հիմնադրամը: Կարծում եմ, որ ուղևորությունից ստացած տպավորությունները դեռ երկար ժամանակ կմնան բոլոր մասնակիցների մոտ», ընդգծել է Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչ Կարինե Անանյանը:


Հայ երեխաների տաղանդը՝ աշխարհահռչակ երաժիշտների գնահատմամբ


Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները բարձր են գնահատել հայ պատանիների նվիրումը, ունակությունները և պատրաստակամությունը։


Հայտնի իտալացի դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեն նշել է․ «Ուրախ եմ կրկին հանդիպել այս հրաշալի հիմնադրամի՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներին։ Նրանց առաջին անգամ հանդիպեցի երեք տարի առաջ Դուբայում՝ այս նախագծի շրջանակում և շատ ուրախ եմ տեսնել, որ երեք տարի անց նրանք այսքան զարգացել և աճել են։ Հայ երեխաները շատ տաղանդավոր են, և ինձ համար մեծ հաճույք է աշխատել նրանց հետ։»





Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր շեփորահար Սյուիջի Կավատան ընդգծել է․ «Մենք՝ շեփորահարներս, լավ գիտենք, որ հայերը հայտնի են Ալեքսանդր Հարությունյանի շնորհիվ։ Այսօր վարպետության դասին ես զգացի այդ երաժշտական «արյունը»՝ ամբողջությամբ փոխանցված այս պատանի երաժիշտների կատարումներով, և դա ինձ շատ ուրախացրեց։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ նորից հանդիպելու հայ երաժիշտների հետ։»





Ռուս հայտնի սաքսոֆոնահար Նիկիտա Զիմինը նշել է․ «Տղան (Հիմնադրամի կրթաթոշակառու Միքայել Հարությունյան) շատ տաղանդավոր է, շատ զգայուն և բաց երաժշտության նկատմամբ։ Նման հատկանիշները տրված են, դրանք չեն սովորեցվում։ Մեր վարպետության դասի ընթացքում խոսեցինք, թե ինչպես է պետք զարգանալ։ Պետք է իմանալ՝ ինչպես աշխատել, կենտրոնացված ու ինքնակարգապահ լինել։ Նա արդեն ամեն ինչ ունի՝ տաղանդ, արագ արձագանք, և այս դասերի ընթացքում ես արդեն տեսա առաջընթաց։»







Իսպանացի դաշնակահար Պաբլո Գալդոն ընդգծել է․ «Հրավիրված լինելով Դուբայ՝ դասավանդելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում, շատ դրական կարծիք ունեմ Հայաստանից ժամանած պատանի երաժիշտների մասին, շատ մեծ հաճույքով եմ աշխատել նրանց հետ։ Հուսով եմ՝ ապագայում նորից կհանդիպեմ հայ երեխաների հետ, և գուցե այցելեմ նաև Հայաստան»։






Ավստրիացի դաշնակահար Քորդելիա Հոֆեր-Թոյչը շեշտել է․ «Ես իսկապես հիացած եմ՝ տեսնելով, որ հայ պատանի երաժիշտներն ունեն շատ լավ հիմք և պատրաստվածություն։ Համոզված եմ, որ այս երիտասարդները, ովքեր այստեղ են, շատ պայծառ ապագա ունեն։ Անչափ ուրախ եմ լսել, որ Հայաստանում տաղանդավոր պատանի երաժիշտները աջակցություն են ստանում։ Շատ կցանկանայի, որ Ավստրիայում էլ շատ ունենայինք նման հիմնադրամներ, ինչպիսին է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, և նման աջակցություն։»




Գերմանիայից դաշնակահար Ալբերտ Մամրիևը իր խոսքում նշել է․ «Ես ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել երիտասարդ տաղանդների աջակցության այս հիմնադրամին՝ նշանավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Սա անգնահատելի ներդրում է երիտասարդ հայ տաղանդների ապագայի համար։ Անչափ կարևոր է, որ մեր այս դժվար ժամանակներում կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել իրենց երկրի երիտասարդ սերնդին։ Պետք է խոստովանեմ, որ ես մեծ հաճույք ստացա Հայաստանի երիտասարդ երաժիշտների հետ աշխատելուց։ Սա շատ ջերմ, բարեկամական և, իմ կարծիքով, բարձր որակի շփում էր։ Հուսով եմ՝ նրանք չեն մոռանա իմ հանձնարարությունները և նկատառումները, որոնք արել եմ դասերի ընթացքում։ Նրանք բոլորը տարբեր են, յուրովի շատ տաղանդավոր և հեռանկարային։ Նրանցից շատերն արդեն տիրապետում են լավ դաշնամուրային տեխնիկայի և ունակությունների։ Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք նրանց մասնակցությունը և հաղթանակները բազմաթիվ միջազգային մրցույթներում և փառատոններում։»




Իտալացի ֆլեյտահար Լուիզա Սելոն նշել է. «Առաջին անգամ եմ Դուբայում, և անկեղծորեն զարմացած եմ՝ հանդիպելով այստեղ այսքան երիտասարդ և միևնույն ժամանակ տաղանդավոր երաժիշտների, ովքեր եկել են Հայաստանից: Նրանք շատ մոտիվացված են, լավ կրթված և պատրաստված: Ինձ համար բացահայտեցի, որ այս պատանի երաժիշտները ստանում են աջակցություն հայկական հիմնադրամի կողմից, որի ստեղծման գաղափարը պատկանում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Ես հիացած եմ այս գաղափարով՝ աջակցել պատանիներին, երբ նրանք դրա կարիքն ամենաշատը ունեն՝ ստանալ նոր գիտելիքներ, փորձ, գնալ արտերկիր, հանդիպել այլ երեխաների և նոր ուսուցիչների հետ, ինչպես նաև որպես հանդիսատես ներկա գտնվել լավագույն երաժիշտների համերգներին: Սա հենց այն երաժշտական կյանքն է, որը նրանց կօգնի աճել և զարգանալ ճիշտ ուղղությամբ: Ես նույնպես Իտալիայում փորձում եմ աջակցել երեխաներին, որքանով որ կարողանում եմ: Այն փաստը, որ պարոն Սմբատյանն ուղղում է իր ջանքերը այսպիսի նախագծերի, և այն ամբողջ աշխատանքը, որ տարվում է այս գաղափարի շուրջ՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ստեղծումը, աշխատակազմը, որ պատանիների կողքին է, ուսուցիչները, ծնողները, նրանց աշխատանքը իսկապես արժանի են գովեստի: Նաև կցանկանամ շեշտել, որ Դուբայում կազմակերպված  ակադեմիայում տիրում է հրաշալի և պրոդուկտիվ մթնոլորտ: 

Շատ մեծ հույս ունեմ, որ կրկին կհանդիպեմ այս տաղանդավոր երեխաների հետ և կկարողանամ փոխանցել իմ փորձը՝ որպես արտիստ, որպես ուսուցիչ, և կկարողանամ տեսնել նրանց շարունակական աճը, որն արդեն իսկ այս օրերին էլ էր նկատելի: Հուսով եմ՝ նրանք նույնպես կիսում են այս ոգևորությունը և կցանկանան հանդիպել ինձ հետ հետագայում: Բոլորին մաղթում եմ հաջողություն:»




InClassica փառատոն․ կենդանի դասեր համաշխարհային բեմից


Կրթական ուղևորության մասնակիցներն իրենց կրթական այցի շրջանակներում ունկնդրել են InClassica միջազգային երաժշտական փառատոնի համերգները, կազմակերպված SAMIT (Show Art Music International Tours) Event Group-ի կողմից Դուբայի ամենանշանավոր համերգասրահներից մեկում՝ «Դուբայ Օպերայում»: Համերգներին հանդես են եկել աշխարհահռչակ արտիստներ, ինչպիսիսք են ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը, Գիլ Շահամը, Դանիել Լոզակովիչը, Ֆումիակի Միուրան, կլարնետահար Ֆաբրիցիո Մելոնին, դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովը, Բեհզոդ Աբդուրաիմովը, թավջութակահարներ Գոտյե Կապյուսոնը, Էդգար Մորոն և ուրիշներ, հանրահայտ Ֆրանց Շուբերտի Ֆիլհարմոնիան (Իսպանիա) և Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Ճապոնիա)՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են՝ Քոնրադ վան Ալֆենը, Թոմաս Գրաուն, Մարիոս Պապադոպուլոսը, Սերգեյ Սմբատյանը և ուրիշներ: 



GTB Holdings. ներդրում, որը ձևավորում է մշակույթ ու կրթություն


Հիմնադրամի  այս կրթական ուղևորությունը իրականություն Է դարձել ծրագրի էքսկլյուզիվ հովանավոր  GTB Holdings ընկերության շնորհիվ՝ ի դեմս Տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի, ում աջակցությունը արժեքավոր ներդրում դարձավ  Հայաստանի երիտասարդ սերնդի կրթության և մշակութային ապագայի կառուցման գործում։





Շնորհակալություն ենք հայտնում MECMA ակադեմիայի և InClassica փառատոնին՝ այս կրթական ծրագիրը բարձր մակարդակով անցկացնելու համար՝ ապահովելով պատանի երաժիշտների համար մասնագիտական աճի և մշակութային փոխանակման համար լավագույն պայմանները։


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի այս նախաձեռնությունը հերթական վկայությունն է, որ համառ ու նպատակասլաց աշխատանքը կարող է փոխել պատանիների ճակատագրերը՝ նրանց կապելով աշխարհի լավագույն կրթական ու մշակութային կենտրոնների հետ։ Այս ուղևորությունը ոչ միայն փորձառություն էր, այլև հույսի ու ապագայի հստակ ուղեցույց՝ հիմնված գիտելիքի, նվիրվածության ու համագործակցության վրա։



Kommentare


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page