
-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:

-5 տարեկան չկայի, երբ առաջին անգամ ձեռքերս հասան դաշնամուրի ստեղներին: Այդ օրը եղբորս տանն էի ու կարելի է ասել՝ նրա գործիքն էի փորձարկում: Դաշնամուրն ինձ միանգամից գրավեց, իսկ մայրիկիս աչքերից այդ պահը չվրիպեց: Օրեր անց ես ընդունվեցի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց, իսկ իմ սերը դաշնամուրի հանդեպ տարեցտարի ավելի մեծացավ:
-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերից կամ երկար պարապմունքներից հետո:
-Իմ հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է: Ուլունքագործությունից մինչև յուղաներկերով նկարելը ինձ հետաքրքրում են: Ասում են՝ այս երկուսն էլ մոտս վատ չի ստացվում: Այդ պահերին ես հանգստանում եմ, սակայն կենտրոնացումս չեմ կորցնում, քանի որ թե նկարչությունում և թե ուլունքների հետ աշխատելիս դու պետք է ուշադրիր լինես: Այդ ամենն ինձ մեծ ուրախություն է պարգևում: Սիրում եմ երեկոյան ընտանեկան հավաքները, միասին ֆիլմերի դիտում ու քննարկումներ կազմակերպելը, որը լիցքաթափում է ամբողջ օրվա ծանրաբեռնվածությունը:

-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:
-Երբեք մի՛ հանձնվիր: Այս կարգախոսը ինձ օգնում է չհուսահատվել սխալների ժամանակ և միշտ առաջ գնալ:
-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:
-Դիլիջանը անչափ հարազատ վայր է ինձ համար: Փոքր ժամանակ, երբ դեռ զբաղվածությունս այսքան մեծ չէր, կարողանում էի համեմատաբար ավելի շատ ժամանակ անցկացնել մորաքրոջս տանը և հիանալ նրա պատշգամբից բացվող Դիլիջանյան բնության տեսարանով:
-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:
-Կցանկանայի ունենալ կորցրած իրերի ակնթարթային վերադարձման ուժ: Ես շատ ծանր եմ տանում, երբ կարևոր իր եմ կորցնում և հատկապես, երբ դրանք հիշեցնում են հարազատներիս սերն ու ջերմությունն իմ հանդեպ: Ես ուզում եմ այդ իրերը միշտ, ցանկացած տարիքի ինձ հետ լինեն:
-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։
-Մեծ է ցանկությունս երաժշտական կրթություն ստանալ Գերմանիայում կամ Լեհաստանում, քանի որ ուսումնասիրել եմ այնտեղ գտնվող ուսումնական հաստատությունները և գտնում եմ, որ աշխարհում լավագույներից են: Ցանկանում եմ իմ ներուժը ցույց տալ նաև միջազգային մրցույթների ժամանակ և փորձել ուժերս: Իսկ ամենամեծ երազանքս իմ երկիրը պատվով ներկայացնելն է աշխարհի հանրահայտ բեմերում:

-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպե՞ս է այն քեզ աջակցում:
-Հիմնադրամը ինձ համար նոր հնարավորություններ ստեղծեց և նրա մի մասնիկը լինելով զգում եմ, թե որքանով է դասական երաժշտության դերը իմ կյանքում մեծանում: Մասնակցությունս վարպետության դասերին և համերգներին, շփումներս հայտնի երաժիշտների և մասնագետների հետ ինձ դարձրել են ավելի համարձակ, ինքնավստահ և ձգտող:
-Կա՞ որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու՞:
-Արա՛ այն, ինչ սիրում ես: Կարծում եմ՝ երաժշտության մեջ առանց սիրո ուղղակի անհնար կլինի:

-Քո ո՞ր հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:
-Հաջողությունները կապված են իմ աշխատասիրության և սեփական տեսակետ ունենալու հետ: Փորձում եմ երաժշտության հետ կապված ամեն ինչ անթերի իրականացնել և, իհարկե, չեմ կաշկանդվում սեփական կարծիքս արտահայտել:
-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:
-Երաժշտությունը ինձ համար շփում է, որի ընթացքում դու զգում ես հույզեր և դրանք փոխանցել դիմացինին: Երաժշտությունը հավատ է, բարություն և հանդուրժողականություն, այն սեր է ու ազնվություն: Այս արժեքներով եմ ոգեշնչվում և առաջ շարժվում:
-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:
-Ինձ համար կարևորը շրջապատիս մարդկանց և ընկերներիս անկեղծությունն ու ազնվությունն է:

Commentaires