top of page

Դասականը միավորում է. կիսվելով փորձով Ուջանում

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելեցին Արագածոտնի մարզի Ուջանի երաժշտական դպրոց և դպրոցի սաների հետ հանդես եկան համերգով, որի ընթացքում ինչպես հիմնադրամի, այնպես էլ Ուջանի երաժշտական դպրոցի սաները փայլեցին իրենց տաղանդով և գեղեցիկ ելույթներով:

Այս տաղանդավոր պատանիների միջև ստեղծագործական փոխանակումը վկայում է նման շփումների արդյունքում ձեռք բերված անգնահատելի փորձի մասին: Այս երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տրվում կիսել դասական երաժշտության հանդեպ իրենց սերը, կատարելագործել երաժշտական հմտությունները, ձեռք բերել նոր հեռանկարներ և նոր ընկերական հարաբերություններ:



Սակայն, հանդիպման էությունը միայն երաժշտական չէր. այն նաև ընդգծում է նման նախաձեռնությունների նշանակությունը մեր երկրի մշակութային կյանքում: Համախմբելով նույն երազանքներով և ձգտումներով ապրող պատանի տաղանդավոր երաժիշտների տարբեր տարածաշրջաններից՝  մենք խթանում ենք Հայաստանի մարզերի հասակակից երեխաների շփումը, սերունդների միջև փոխադարձ կապն ու մշակույթի արժևորումը՝  միաժամանակ սերմանելով միասնության զգացում:



Այցին ներկա էին նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, ովքեր եկել էին ոգևորելու հայ շնորհալի պատանիներին: Մշտապես լինելով հիմնադրամի ու երեխաների կողքին՝ նրանք իրենց աջակցությամբ նպաստում են նրանց լուսավոր և հաջողակ ապագայի կերտմանն ու երազանքների իրագործմանը:



«Այսօր շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Ուջանի երաժշտական դպրոցի սաների համար: Մենք տեսանք, որ «Դասականը միավորում է» խորագիրը կրող այս միջոցառման ներքո իսկապես միավորվեցին պատանի սերնդի շատ տաղանդավոր երեխաներ, նվագեցին դասական երաժշտության գեղեցիկ ստեղծագործություններ, անցկացրեցին հետաքրքիր ձևաչափով խաղ-մրցույթ և շփվեցին շատ ջերմ և ընկերական մթնոլորտում: Հիմնադրամի երեխաները, որոնք երաժշտության ոլորտում արդեն ունեն հաջողություններ և որ ամանակարևորն է՝ տաղանդ, եկան և իրենց փորձով կիսվեցին Ուջանի երաժշտական դպրոցի աշակերտների հետ, ինչը շատ մոտիվացնող է այստեղի երեխաների համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր, ՀԽ նախագահ պարոն Սմբատյանին և Հիմնադրամի ամբողջ թիմին Ուջանում այս կարևոր միջոցառումը միասին կազմկերպելու համար: Վստահ եմ՝ այն շատ ոգևորիչ էր մեր համայնքի երեխաների համար, և արդեն իսկ շատ կարևոր մեկնարկ է, որպեսզի հետագայում նմանատիպ հետաքրքիր միջոցառումները շարունակական լինեն», ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:


Ուջանում պատանի երաժիշտները նաև ծաղիկներ խոնարհեցին հայ ժողովրդի ազգային հերոս, ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանին՝ չմոռանալով ով ենք մենք ու մեր հերոսները:


 Այցը Ուջան իսկապես հիշարժան էր մեր բոլոր երեխաների համար՝ լի ուրախությամբ և ջերմ ընկերակցությամբ: Երեխաները շատ տպավորված էին Արագածոտնի բնությամբ և նոր ծանոթություններով: Վստահ ենք՝ այս երաժշտական համագործակցությունների միջոցով ստեղծված բարեկամությունները ծառայում են պատանիների համար մասնագիտական աճի և զարգացման հիմնաքար՝ ապահովելով, որ դասական երաժշտությունն ու հայկական մշակույթը շարունակի ծաղկել ապագա սերունդների սրտերում և գործերում:

 - -

 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, ով հանդիսանում է Հիմնադրամի ՀԽ նախագահը: Հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման մեջ և արդեն հինգ տարի է իրականացնում է կրթական ծրագրեր՝ աջակցելով հայ տաղանդավոր պատանի երաժիշտներին:

 - -

Հիմնադրամի գործունեության անխափան իրագործման համար շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկերներին և անհատ աջակիցներին, որոնք իրենց ներդրումն ունեցան հանուն մեր պատանիների ապագայի:


 2023թ.-ի գործընկերներ և աջակիցներ՝«Առլեամ» ընկերություն,  Թիմ Տելեկոմ Արմենիա, «ԱյԴի» Բանկ, Թովմասյան հիմնադրամ, «Նորք» ընկերությունների խումբ, «Էվոկա» Բանկ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ, «Ֆասթ» Բանկ, «Կոնվերս» Բանկ, Անանուն բարերար, Գաբրել Չենբերջյան, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ,  «Ակբա Բանկ», «Արփա-Սևան» ԲԲԸ, Արեն Նալթակյան, «Լենդմարկ Կապիտալ» ՓԲԸ, «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերություն


2024թ.-ի գործընկերներ և աջակիցներ՝«Տեխնոտուն» ՍՊԸ, «Դաշտի Քոմփանի» ՍՊԸ, Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ, «Միկշին» ՍՊԸ, «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ, «Կոնվերս» Բանկ, «ԷՖԵՍ» ԱՓԲԸ, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ, «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ, «Մինիսո Էյ Էմ» ՍՊԸ, «Մաքս Օիլ» ՍՊԸ, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ, «Արտքոմփանի» ՍՊԸ, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Ալ Պառկո Հյուրանոց» ՍՊԸ, Արեն Դեյիրմենջյան, Հասմիկ Պետրոսյան,  «Շենգավիթ ԲԿ» ՓԲԸ

313 views0 comments

Comentários


bottom of page