ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷԴՈՒԱՐԴ ՉԱՎՈՇՅԱՆՑԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

01 Դեկտեմբերի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդուարդ Չավոշյանցը Երևանում կայացած Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների VI միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է I կարգի և հատուկ մրցանակի:

Էդուարդ Չավոշյանցն արժանացել է I կարգի մրցանակի «Երիտասարդական» խմբում և պարգևատրվել ոսկե մեդալով, ինչպես նաև նույն խմբում արժանացել է հատուկ մրցանակի՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարման համար:


Հավելենք, որ այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:


Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնի նպատակն է աջակցել մշակութային նպաստավոր քաղաքականության մշակմանը, բացահայտել պատանի և երիտասարդ շնորհալի կատարողների, ապահովել նրանց բովանդակալից ստեղծագործական, կատարողական և կրթական ընթացքները, նպաստել մշակութային կապերի ստեղծմանը սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև արտերկրի՝ երաժշտական մշակույթ ներկայացնող կազմակերպությունների հետ:


Նշենք, որ Էդուարդ Չավոշյանցը սովորում է Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ պրոֆեսոր Գեորգի Ավանեսովի դասարանում:  


Շնորհավորում ենք Էդուարդ Չավոշյանցին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։