ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

26 Նոյեմբերի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Սվետլանա Հակոբյանը Երևանում կայացած Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների VI միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է I կարգի և հատուկ մրցանակի:

Սվետլանա Հակոբյանն արժանացել է I կարգի մրցանակի պատանեկան «Բ» խմբում և պարգևատրվել ոսկե մեդալով, ինչպես նաև նույն խմբում արժանացել է հատուկ մրցանակի՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարման համար։


Հավելենք, որ այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:


Նշենք, որ Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնի նպատակն է աջակցել մշակութային նպաստավոր քաղաքականության մշակմանը, բացահայտել պատանի և երիտասարդ շնորհալի կատարողների, ապահովել նրանց բովանդակալից ստեղծագործական, կատարողական և կրթական ընթացքները, նպաստել մշակութային կապերի ստեղծմանը սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև արտերկրի՝ երաժշտական մշակույթ ներկայացնող կազմակերպությունների հետ:


Նշենք, որ Սվետլանա Հակոբյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Սվետլանա Հակոբյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։