«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիան մոտեցավ ավարտին

29 Հոկտեմբերի 2021

Հիմնադրամի կրթաթոշակառուների համերգները՝ «Շնորհալի Հայաստան» խորագրի ներքո, եզրափակիչ ակորդ հանդիսացան մեկ ամիս տևած «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի համար:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին տեղի ունեցան «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների համերգները՝ «Շնորհալի Հայաստան» խորագրի ներքո, որոնք եզրափակիչ ակորդ հանդիսացան մեկ ամիս շարունակ տևող «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիային: 


Հոկտեմբերի 1-30-ը Երևանում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» Դասական երաժշտության ակադեմիան։ Այն կազմակերպվել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ։


Ակադեմիայի շրջանակներում հիմնադրամի կրթաթոշակառուների, պատանի դաշնակահարների և ազատ ունկնդիրների համար վարպետության դասեր են անցկացրել 20 աշխարհահռչակ երաժիշտներ և պրոֆեսորներ, այդ թվում՝ հանրահայտ դաշնակահարներ Պավել Գիլիլովը, Վլադիմիր Օվչիննիկովը, Ռեմի Ժենյեն, Ժան-Պոլ Գասպարյանը, ջութակահարներ՝ Գիլ Շահամը, Դորա Շվարցբերգը, Գրաֆ Մուրժան, Ֆումիակի Միուրան, թավջութակահարներ Սթիվեն Իսսերլիսը, Ֆելիքս Կորոբովը, Դմիտրի Յաբլոնսկին, ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը, և այլք։ Նրանք բոլորը շատ բարձր գնահատեցին այսպիսի կրթական միջոցառումների իրականացումը և համոզմունք հայտնեցին, որ պատանի կատարողները կարող են մեծ բարձունքների հասնել, քանի որ գտնվում են այս հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Վարպետության դասերը կազմակերպվել և անց են կացվել Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անունը կրող համերգասրահում:


Մեկ ամսվա ընթացքում Ակադեմիայի շրջանակներում կազմակերպված վարպետության դասերի յուրօրինակ ամփոփում-հաշվետվությունն է «Շնորհալի Հայաստան» համերգաշարը: Երեք համերգների ընթացքում պատանի երաժիշտները ունկնդրի դատին ներկայացրեցին իրենց մասնագիտական հմտություններն ու նաև Ակադեմիայի շրջանակներում վարպետության դասերի ընթացքում ստացած գիտելիքները:


Համերգի ավարտին պատանի երաժիշտներին Ակադեմիայի վարպետության դասերին մասնակցելու կապակցությամբ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հանձնեց վկայականներ: