Հայտնի են «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2021/2022թթ. կրթաթոշակառուները

30 Սեպտեմբերի 2021

Մրցույթում հաղթած 15 տաղանդավոր երեխաներ դարձան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2021/2022թթ. կրթաթոշակառուներ:

Մրցույթում հաղթած 15 տաղանդավոր երեխաներ դարձան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2021/2022թթ. կրթաթոշակառուներ: Նրանց կհանձնվեն տարեկան անվանական կրթաթոշակի վկայականներ․ յուրաքանչյուր ամիս նրանց կփոխանցվի սահմանված կրթաթոշակը:


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, հավատարիմ մնալով իր խոստմանը, ընդլայնել է կրթաթոշակի սահմանված տեղերը հինգով (նախորդ տարի ընտրվել է 10 կրթաթոշակառու)՝ հնարավորություն տալով էլ ավելի շատ տաղանդավոր պատանի երաժիշտներին հմտանալ իրենց մասնագիտության մեջ:


«Ֆինանսական աջակցությունից զատ, հիմնադրամը հնարավորություն է ընձեռում պատանի երաժիշտներին կրթվել, զարգանալ իրենց մասնագիտության մեջ, նրանց համար վարպետության դասեր են անցկացվում եւ Հայաստանում, և արտերկում, կազմակերպվում համերգներ նրանց մասնակցությամբ: Այսպիսին է առաքելությունը, որն իրականացնելու համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծել ենք այս հիմնադրամը»,- նշեց հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:


Հիմնադրամի 2020/2021թթ. տասը կրթաթոշակառուներ սեպտեմբերի 4-23-ը Դուբայում մասնակցել են InClassica միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) վարպետության դասերին, հանդես եկել իրենց կատարումներով համերգներին և ունկնդրել հեղինակավոր նվագախմբերի, մենակատարների ելույթները:


Հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր են անցկացվել ականավոր պրոֆեսորների հետ. ջութակահարներ Բորիս Կուշնիրը, Դանիել Հոփը, Սերգեյ Դոգադինը, Հայկ Կազազյանը, Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահարներ Պավել Գիլիլովը, Ջուլիանո Մացոկանտեն, Ստեփան Սիմոնյանը, թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ֆագոտահարներ Ռիչարդ Պալեյը, Անդրեյ Շամիդանովը, տրոմբոնահարներ Նատանել Բիկովը, Վասիլի Կոզլովը, շեփորահար Վլադիսլավ Լավրիկը, հոբոյահարներ Լիոր Միշելը, Պավել Օրլովը, գալարափողահարներ Հագայի Շալոմը, Վադիմ Շվեդչիկովը, և այլք:


Հիմնադրամը միջազգային համբավ ունեցող այս մասնագետների հետ նաև Հայաստանում դասընթացներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերել, որոնք հասու կդառնան արդեն նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նոր անդամների համար:


Նշենք, որ մրցույթին մասնակցած երեխաները ուղարկել են տեսաձայնագրություններ իրենց կատարումներով, իսկ ընտրությունը կատարել է միջազգային հանձնաժողովը, որտեղ ընդգրկված են ոլորտի լավագույն մասնագետները, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:


Մրցույթին մասնակցել են 86 երեխաներ, որոնցից ժյուրին ընտրել է 15 առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների՝


1. Նարեկ Հեքեքյան (թավջութակ) Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

2. Ալինա Ադամյան (ջութակ) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց

3. Էդուարդ Գևորգյան (դաշնամուր) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց

4.Անի Մելիքյան (ջութակ) Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց

5. Աիդա Ավանեսյան (դաշնամուր) Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց

6. Օվսաննա Հարությունյան (ջութակ) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց

7. Հայկ Մարտիրոսյան (ջութակ) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց

8. Էդուարդ Չավոշյանց (դաշնամուր) Երևանի Ռ․Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ

9. Ալեքս Գրիգորյան (թավջութակ) Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց

10. Սվետլանա Հակոբյան (դաշնամուր) Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց

11. Վիկտորյա Պետրոսյան (ֆլեյտա) Երևանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոց

12.Հայկ Հեքեքյան (հոբոյ) Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

13. Տիգրան Գասպարյան (հոբոյ) Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց

14. Լյանա Ուլիխանյան (թավջութակ) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց

15.Արսեն Բալայան (կլարնետ) Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց