Առցանց սեմինար Գլորիա Կամպաների հետ

17 Հուլիսի 2020

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ներկայացնում է իտալացի հանրահայտ դաշնակահարուհի Գլորիա Կամպաների See Sharp (C#) առցանց սեմինարը։

Սեմինարի մասին


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ներկայացնում է իտալացի հանրահայտ դաշնակահարուհի Գլորիա Կամպաների See Sharp (C#) առցանց սեմինարը (Creativity Workshop)։


Սեմինարն ուղղված է կրեատիվ մտածողության զարգացմանը և բեմական վախի ու անհանգստության կառավարմանը։ Այն ունենալու է հետաքրքիր և յուրօրինակ ձևաչափ` ընդգրկելով օրինակներ և խորհուրդներ իրական կյանքից, փոխանակելով մտքեր, կիրառելով շնչառական տարբեր տեխնիկաներ, յոգայի հիմունքներ, հեռազգացության (տելեպատիա) վարժություններ և այլն։


Մասնակիցներին կտրվեն հետաքրքիր առաջադրանքներ, և, ելնելով դրանց հիման վրա պատրաստված և ներկայացված վիդեոներից մասնագետի կողմից նրանց կտրամադրվի հետադարձ կապ, և կհայտարարվեն ամենակրեատիվ լուծումներ առաջարկած մասնակիցները։


Սեմինարի նպատակը


Սեմինարի նպատակն է նախապատրաստել մասնակիցներին հաղթահարել սթրեսային իրավիճակները, որոնք կարող ենք դրսևորվել համերգներից, քննություններից, մրցույթներից, հանրային ելույթներից առաջ, չվախենալ սխալվելուց, օգնել նրանց դառնալ ավելի համարձակ հանդիսատեսին հանդիպելիս և չվախենալ բեմից։


Լսարան


Սեմինարին կարող են մասնակցել ցանկացած տարիքի և մակարդակի երաժիշտներ։ Անձինք, ովքեր ունեն այլ մասնագիտություններ, սակայն առնչություն ունեն երաժշտությանը կամ նախկինում են ունեցել, նույնպես կարող են մասնակցել։


Սեմինարի ընթացքում երաժշտական գործիքների անհրաժեշտություն չկա։ 


Մասնակիցների թիվ



Առավելագույնը 30-35 մասնակից 1 խմբում։ 


Լեզու


Սեմինարն անցկացվելու է անգլերենով, ուստի բոլոր մասնակցիները պետք է տիրապետեն անգլերենին՝ թեման հասկանալու, իրենց ներկայացնելու, մտքեր արտահայտելու, կարծիքներ փոխանակելու և հանձնարարությունը կատարելու համար։


Ժամանակացույց



Սեմինարի օր և ժամ՝ օգոստոսի 31 (երկուշաբթի), ժամը 13։00 (Հայաստանի ժամով)*։

Տևողություն՝ 2-3 ժամ (ներառյալ ընդմիջում)։


* Կախված գրանցված մասնակիցների քանակից՝ սեմինարի համար կարող է հատկացվել լրացուցիչ օր կամ ժամ։


Սեմինարի արժեք    


Մասնակցության վճարը կազմում է 5000 ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է փոխանցել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի 1570060713590100 հաշվեհամարին («Ամերիաբանկ» ՓԲԸ)` նպատակ դաշտում նշելով՝ մասնակցության վճար և մասնակցի անուն-ազգանունը։ Վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ուղարկել հիմնադրամի info@m4f.foundation էլ. փոստին։


«Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համար մասնակցությունը պարտադիր է և անվճար։ Ինչպես նաև բոլոր այն պատանի կատարողները, որոնք դիմել են կրթաթոշակին, սակայն չեն անցել մրցութային փուլը, կարող են մասնակցել սեմինարին անվճար։



Ձևաչափ


Սեմինարն անցկացվելու է Zoom հարթակով, ուստի մասնակիցները պետք է ապահովեն լավ որակի ինտերնետ կապ և նախապես գրանցված լինեն Zoom անվճար հարթակում։


Մասնակիցները պետք է կրեն հարմարավետ հագուստ և գտնվեն այնպիսի սենյակում/տարածքում, որտեղ հնարավոր լինի կատարել ֆիզիկական թեթև վարժություններ և շարժումներ։


Տեղեկացում



Մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ սեմինարից բացակայելու դեպքում։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ մինչև օգոստոսի 23-ը։



Գլորիա Կամպաների մասին


Գլորիա Կամպաները իտալացի հայտնի դաշնակահարուհի է։ Տասներկու տարեկանում Վենետիկի սիմֆոնիկ նվագախմբի հետ իր դեբյուտից հետո Վենետիկյան ծագմամբ դաշնակահարուհին արժանացել է ավելի քան քսան ազգային և միջազգային 1-ին մրցանակների և հյուրընկալվել է աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում:


Գլորիան միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ինչպիսիք են՝ Paderewski International Piano Competition (Արծաթե մեդալ, Պադերևսկու և Շոպենի լավագույն կատարումներ), Ibla Grand Prize (Առաջին մրցանակ, Պրոկոֆևի անվան հատուկ մրցանակ), XI Concours International de Musique du Maroc (Ժյուրիի մրցանակ, Ֆ․ Լիստ), Cultural Foundation Pro Europa (European Prize for Culture).


2011-12թ․ Piano: reflet de la culture européenne նախագծի համար նա առաջադրվել է որպես «մշակույթի դեսպան» ԵՄ-ից: Նա արժանացել է կրթաթոշակի Յ․ Բրամսի հիմնադրամի կողմից և եղել է առաջին իտալացի դաշնակահարուհին, ով դարձել է London’s Borletti – Buitoni Trust-ի կրթաթոշակառու (2014):


Գլորիան համագործակցում է աշխարհի հայտնի մի շարք երաժիշտների հետ, ինչպիսիք են Յոհան Մոսերը, Իվրի Գիտլիսը, Աննա Չումաչենկոն, Միխաիլ Կուգելը, Սերգեյ Կրիլովը և ուրիշներ, ինչպես նաև ամենահեղինակավոր նվագախմբերի (Berliner Philharmonic, La Scala Philharmony, National Orchestra of Santa Cecilia in Roma, Royal Concertgebouw Orchestra of Amsterdam, Seattle Symphony Orchestra and Metropolitan Opera of New York) մենակատարների հետ։ Նրա համերգները հաճախ հեռարձակվում են միջազգային հեռուստա և ռադիոկայաններով (RAI, BBC, SKY, CNN, RSI, ClassicFM)։


Գլորիան նաև դասախոսում է ամբողջ աշխարհում՝ առաջարկելով երաժշտության դասեր և դաշնամուրի վարպետության դասեր միջազգային համալսարանների համար։ 2019թ․ նա նաև սկսել է իր սեփական կրթական նախագիծը՝ անվանելով այն C# - See Sharp՝ ստեղծարարության սեմինարներ (creativity workshop) պատանի երաժիշտների և կատարողների համար։ Երաժշտության միջոցով հույզերի և դրական էներգիայի փոխանցումը Գլորիայի արվեստի հիմնական նպատակն է, և նա խորապես ներգրավված է բարեգործական, սոցիալական և երաժշտական նախագծերում ամբողջ աշխարհում:


Գլորիա Կամպաների մասին ավելին կարող եք իմանալ նրա պաշտոնական կայքէջից՝ www.gloriacampaner.com.