«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթական ծրագիրը դարձել է«Մի դրամի ուժի» հունվար ամսվա շահառուն

13 Հունվարի 2023

IDBank-ի ու Իդրամի հունվար ամսվա «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու են հայտարարել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» կրթական ծրագիրը։

Հունվարի ընթացքում Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաեւ IDBanking.am եւ Idram.am առցանց հարթակներով կատարված վճարումներից մեկական դրամ է փոխանցվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին։


Հիմնադրամի հիմնական նպատակները դարձան գլխավոր ծրագրի՝ «Տալենտում»-ի ճանապարհային քարտեզը՝ բացահայտել տաղանդավոր երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։ 


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ ողջունելի է, որ բանկային համակարգը, կարեւորելով մշակութային կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, իր նախաձեռնության շահառու է դարձրել նաեւ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը:


«Դրական եւ ոգեւորող ազդակ է նաեւ, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ հազարավոր քաղաքացիներ, առանց մեկ դրամ անգամ ծախսելու, ընդամենը վճարումներ կատարելով, կկարողանան իրենց մասնակցությունը բերել Հայաստանի երաժշտական ապագային: Յուրաքանչյուրի առերեւույթ փոքր ներդրումը դառնում է հնարավորություն պատանի տաղանդավոր երաժիշտների մեծ երազանքների իրականացման համար»,- ասել է Աննա Տեր-Հովակիմյանը:


IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ ծրագիրն ինքնին հրաշալի հնարավորություն է ստեղծում տաղանդավոր պատանիների համար՝ ստանալ լիարժեք երաժշտական կրթություն եւ դառնալ միջազգային չափանիշների համապատասխան երաժիշտներ՝ հնարավորություն ստանալով հետագայում հանդես գալ մեծ բեմերում։ Իսկ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակում է աջակցել այն հիմնադրամներին, որոնք նպաստում են մեր երկրի զարգացմանը։