«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է 2022/2023թթ. «Տալենտում» կրթական և զարգացման ծրագրի մրցույթ

24 Հոկտեմբերի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հոկտեմբերի 25-ից հայտարարում է «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ ծրագրի կրթաթոշակառուների մրցույթ` 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների և քոլեջների աշակերտներ հետևյալ մասնագիտություներով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:


Միջազգային ժյուրիի կողմից ընտրված լավագույնների համար հիմնադրամն անվճար հիմունքներով կազմակերպում է վարպետության դասեր աշխարհահռչակ արտիստների հետ, օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման դասընթացներ, այցելություններ թանգարաններ, այցելություններ համաշխարհային մեծության արտիստների համերգների: Պատանի տաղանդները ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքները ցուցադրում են իրենց համերգային ելույթների ընթացքում: Բացի այդ, ծրագրի մասնակիցներին հիմնադրամը տրամադրում է ֆինանսական աջակցություն:


Ծրագրին դիմելու համար փաստաթղթերի և տեսաձայնագրության ընդունման վերջնաժամկետը 2022թ. նոյեմբերի 10-ն է:


Ծրագրին դիմելու բոլոր մանրամասները կգտնեք www.m4f.foundation կայքի «Մեր ծրագրերը» բաժնում:


Հիշեցնենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ստեղծվել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից 2019թ., և մինչ օրս «Տալենտում» ծրագրի կրթաթոշակառուներ են հանդիսացել 25 պատանի տաղանդներ: Այսօր մեր աջակիցների՝ Հայաստանի բանկերի միության, Էվոկաբանկի, Յունիբանկի, Հայբիզնեսբանկի, Այ Դի բանկի, Էյջ Էս Բի Սի բանկի և Արմսվիս բանկի աջակցությամբ «Տալենտում» ծրագիրը հնարավորություն ունի շարունակել իր կողմից դրված նպատակների իրագործումը` բացահայտել Հայաստանի տաղանդներին, կրթել և զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ: