ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՖԵԴԵՐԻԿՈ ԿՈԼԼԻԻ ՀԵՏ

01 Սեպտեմբերի 2022

Սեպտեմբերի 23-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայնի դաշնակահար Ֆեդերիկո Կոլլին:

Սեպտեմբերի 23-ին (ուրբաթ) ժամը 11։30-13:30 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ֆեդերիկո Կոլլին:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


---

2011 թվականին Զալցբուրգի Մոցարտի անվան, իսկ 2012 թվականին Լիդսի դաշնակահարների միջազգային մրցույթներում Ֆեդերիկո Կոլլին արժանացել է առաջին մրցանակների: Այս նվաճումներից հետո նա սկսեց հանդես գալ համերգներով աշխարհի տարբեր երկրներում՝ հայտնի նվագախմբերի հետ:


Նա ելույթ է ունեցել ճանաչված նվագախմբերի հետ, այդ թվում՝ Մարիինյան նվագախմբի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, BBC սիմֆոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկ նվագախմբի, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ հանրահայտ նվագախմբերի հետ: