ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԳՈԹՅԵ ԿԱՊՅՈՒՍՈՆԻ ՀԵՏ

31 Օգոստոսի 2022

Սեպտեմբերի 2-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի թավջութակահար Գոթյե Կապյուսոնը:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուի համար սեպտեմբերի 2-ին (ուրբաթ), ժամը 14։00֊15։00-ն Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Գոթյե Կապյուսոնը:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


---

Գոթյե Կապյուսոնն իր սերնդի ամենավառ երաժիշտներից է: 


1999 թվականին արժանացել է Ռավելի Սեն-Ժան-դե-Լուզի երաժշտական ​​ակադեմիայի 1-ին մրցանակին, Քրայսթչերչում (Նոր Զելանդիա) թավջութակի միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին, Թուլուզում Անդրե Նավարայի թավջութակի մրցույթի 1-ին մրցանակին։ 2001 թվականին նա արժանացել է ֆրանսիական Victoires de la Musique («Երաժշտական ​​հաղթանակներ») մրցանակին՝ «Տարվա բացահայտում» անվանակարգում։ 2004 թվականին ստացել է գերմանական ECHO Klassik մրցանակը և Borletti Buitoni հիմնադրամի մրցանակը։


Գոթյե Կապյուսոնը հանդես է գալիս Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Իսրայելի, Ավստրալիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Ճապոնիայի լավագույն սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ։